Նա դատապարտվել է 18 տարվա ազատազրկման
Հոկտեմբերի 1-ին Ստամբուլի քրեական դատարանում գումարվել էր «Ակօսի» գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով դատական 2-րդ նիստը, 3-րդը նշանակվել է փետրվարի 11-ին: Հոկտեմբերի 4-ին Թուրքիայի գերագույն դատարանը հաստատել է Տրապիզոնի քրեական դատարանի վճիռը, ըստ որի, կաթոլիկ քահանա Անդրեա Սանտորոյին սպանելու համար 18 տարի 10 ամիս ազատազրկման է դատապարտվել Օ. Ա.-ն: Մարդասպանը, ինչպես նշում է «Միլիեթը», դեռեւս 16 տարեկան է, այդ իսկ պատճառով կալանավայրում կմնա 8 ու կես տարի եւ ազատ կարձակվի 26 տարեկան հասակում: Դրան, ըստ թուրքական թերթի, նպաստում է քրեական օրենսգրքի պատիժների ի կատար ածման հոդվածը, նկատի ունենալով անչափահասությունը:
Այս մարդասպան ստահակը 2006-ի փետրվարի 5-ին, ներխուժելով Տրապիզոնի Սանտա Մարիա կաթոլիկ եկեղեցի, աղոթքի պահին ատրճանակի կրակոցով սպանել էր Սանտորո քահանային: Սպանության համար նախատեսվող ցմահ բանտարկությունը մարդասպանի անչափահասության պատճառով կրճատվել էր նախ մինչեւ 20 տարվա, ապա եւ 18 տարի 10 ամսվա ազատազրկման: Դատարանն այդ վճիռը կայացնելիս մարդասպանին մեղադրել է կանխամտածված սպանության, բնակչության մեջ խուճապ առաջացնելու եւ ապօրինի զենք կրելու մեջ:
Թեեւ գերագույն դատարանը մերժել է վճիռը բեկանելու դատապաշտպանների դիմումը, սակայն դրանով փակվել է սպանության այս գործը: Այսինքն, չի բացահայտվելու նաեւ քահանա Անդրեա Սանտորոյի սպանությունը, այսպիսով, բուն կազմակերպիչները շարունակելու են մնալ ազատության մեջ:
Թուրքիայի գերագույն դատարանի վերոհիշյալ որոշումը խիստ զայրացրել է մարդասպանի հորըՙ Հիքմեթին: Նա, «Ենի շաֆաքի» վկայությամբ, հայտարարել է, որ դիմելու է Եվրոպայի մարդու իրավունքների դատարան, ավելացնելով. «Այսպիսի որոշման չէինք սպասում: Մտածում էինք, որ կկրճատվի իմ որդու ազատազրկման ժամկետը: Չեմ վարկաբեկում դատապաշտպաններին, սակայն նրանք ակտիվ չեն եղել: Որդիս այս հանցանքը դեռեւս 15 տարեկան հասակում է կատարել: Հետամուտ ենք լինելու նրա իրավունքների պաշտպանությանը»:
«Վաթանը» մարդասպանի հոր խոսքերը ներկայացրել է հետեւյալ կերպ. «Իմանալով վճիռը հաստատելու գերագույն դատարանի որոշման մասին, ցնցվեցի: Մինչդեռ դատապաշտպաններն ասում էին, որ պատիժը 100 տոկոսով կրճատվելու է: Թյուրիմացություն է եղել: Մենք տերտերի դեմ որեւէ նկրտում չենք ունեցել: Եթե իմ որդին սպաներ քաղաքի մուֆթիին, ապա 3 տարվա ընթացքում ազատ կարձակվեր: Ի՞նչ առանձնահատկություն ունի տերտերը: Որդիս արածի համար արդեն զղջացել է: Իմ տղային ներել են տերտերի մայրը, քույրը, քրոջ որդին, իսկ մեր պետությունըՙ ոչ: Մի՞թե դրա համար, որ սպանվողը տերտեր է եղել»:
Ի դեպ, թուրք ոստիկանները, ինչպես Հրանտ Դինքի մարդասպան Օգյուն Սամասթի, այնպես էլ Սանտորո քահանային սպանողի ձեռքին թուրքական դրոշ են տվել, որ նկարվի: Երկու դեպքում էլ նրանք լուսանկարներն ուղարկել են իրենց ծնողներին: Քահանային սպանողի հայրը դա կախել է իր արհեստանոցի պատից:
Հիշեցնենք, որ քահանայի սպանությունից հետո մարդասպանի մայրը հայտարարել էր. «Ինչ որ արել է իմ որդին, հանուն հայրենիքի եւ պետության է արված: Մինչդեռ մեր պետությունը ողջ-ողջ թաղում է նրան»:
Մարդասպանի մոր խոսքերի տրամաբանական շարունակությունը ենթադրում է ոչ թե պատժել մարդասպանին, այլ պարգեւատրել, ընդհուպ ազգային հերոս հռչակել: Դրա օրինակն Ադրբեջանում արդեն կա: Թերեւս այդ առումով պատահական չեն թուրք եւ ադրբեջանցի պետական գործիչների արտահայտությունները. «Թուրքերն ու ադրբեջանցիները մեկ ազգ են, երկու պետությամբ»: Ըստ երեւույթին, նրանց մեկ ազգ դարձնող գլխավոր գործոնը բռնության պաշտամունքն է, մարդասպանին հերոսացնելու այլանդակ դրսեւորումը:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ