«Հայփոստի» աշխատակիցներից 120-ը հոկտեմբերի 15-ից այլեւս չեն աշխատի այդ ընկերությունում: Նրանք արդեն ծանուցումներ են ստացել «Հայփոստի» ղեկավարությունից: Այս մասին տեղեկացանք ազատված աշխատակիցներից, որոնք երեկ զանգահարեցին «Ազգի» խմբագրություն եւ իրենց վրդովմունքն ու անհամաձայնությունը հայտնեցին այդ որոշման կապակցությամբ:
Ըստ աշխատանքից ազատվածների, զանգվածաբար ազատվում են այս կառույցում երկար տարիներ աշխատած եւ հայտնի մասնագետներ: Մասնավորապես կոմերցիոն բաժնի աշխատակիցները հայտնեցին, որ իրենց բաժնի 15 աշխատակիցներից աշխատանքային պայմանագիրը երկարացվել է միայն 2-ի հետ: Նրանց հավաստմամբ, սա եկամուտներ բերող բաժինն է, որի շնորհիվ յուրաքանչյուր ամիս ընկերությունը ստանում էր մոտ 20 մլն դրամի եկամուտ: Ազատվել են նաեւ ինֆորմացիոն, շենքերի-շինությունների, տեխնիկական վարչությունների բազմաթիվ աշխատակիցներ:
«Հայփոստի» գործազուրկ դարձած աշխատակիցները նշում են, որ իրենց չի հաջողվում հանդիպել եւ պարզաբանումներ ստանալ ընկերության ներկայիս ղեկավարներիցՙ գլխավոր տնօրեն Հանս Բոնից եւ մարդկային ռեսուրսների գծով փոխտնօրեն Արման Խաչատուրյանից: Նրանք խուսափում են հանդիպել իրենց հետ:
Աշխատակիցներից մեկըՙ Արեւհատ Գեւորգյանը, մատնանշելով իրՙ 20 տարի այս համակարգում աշխատելու փաստը, ասաց, որ Արման Խաչատուրյանի ասելով, իրենց ազատումը վերեւից, այսինքնՙ կառավարությունից է ասվել: Ըստ Արեւհատ Գեւորգյանի, փոխտնօրենն ազատում է մասնագետներին եւ աշխատանքի ընդունում իր բարեկամներին: Նա նշեց, որ իրենք վճռական են պայքարելու իրենց աշխատանքային իրավունքները վերականգնելու համար եւ նպատակ ունեն հանդիպեու վարչապետի հետ:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ