«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#180, 2007-10-04 | #181, 2007-10-05 | #182, 2007-10-06


ԱԺ ՃԵՊԱԶՐՈՒՅՑՆԵՐՈՒՄ

Ազգային Ժողովի ավանդական ճեպազրույցներին ներկայացել էին խորհրդարանական բոլոր խմբակցությունները: Բացառություն էր «ՕԵԿ»-ը, որը լրագրողների հետ այդկերպ հանդիպելն անարդյունավետ է համարում:

Որտե՞ղ է հայտնվելու Ռոբերտ Քոչարյանը

«ՀՀ ներկայիս նախագահի ապագա կարգավիճակը ինչպիսի՞ն կլինի եւ կկրկնի՞ ռուսական սցենարը» հարցին ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը, որ ՀՀԿ անդամ Գագիկ Մելիքյանի հետ մասնակցել է «Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարին (հենց այդ համագումարում Պուտինը կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորելու համաձայնություն տվեց եւ չբացառեց վարչապետի պաշտոնը ստանձնելու հեռանկարը), պատասխանեց. «Ես քաղաքականության մեջ ոչինչ չեմ բացառում: Երբ նախագահը որոշի իր հետագա աշխատանքի հարցը, լուծումներ միշտ էլ կգտնվեն: ՀՀԿ-ում եւ ԲՀԿ-ում շատ մարդիկ կան, որոնք սերտ բարեկամական հարաբերությունների մեջ են հանրապետության նախագահի հետ, եւ եթե նա ցանկանա, այդ խորհրդակցությունները կարող են սկսվել, բայց դեռ ոչ մի քայլ չի արվել այդ ուղղությամբ»:

«Սաֆարյանի խոսքից կարելի՞ է եզրակացնել, որ Ռոբերտ Քոչարյանը կստանա իր ցանկացած աշխատանքը» հարցին եղավ հետեւյալ պատասխանը. «Կդժվարանամ այդ հարցին պատասխանել, բայց որեւէ նախաձեռնությամբ առաջին հերթին Հայաստանի նախագահն ինքը պետք է հանդես գա: Մնացած զարգացումները, լուծումները բանակցությունների, պայմանավորվածության արդյունք են»:

Նույն հարցին ՀՀԿ մամուլի քարտուղար, պատգամավոր Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Չի կարելի բացառել, բայց այդ հարցին արդեն պատասխանել է Հայաստանի վարչապետը, պարոն Սարգսյանը: Պարոն Քոչարյանը դեռեւս նման ցանկություն չունի, իսկ եթե-ներով խոսելը օբյեկտիվ չեմ համարում: Իսկ եթե լինի նման առաջարկ, արդեն մենք կարող ենք քննարկել այդ առաջարկները: Եթե նման առաջարկ չկա, պարոն նախագահն էլ նման ցանկություն չունի, բնականաբար նման հեռանկարների մասին խոսելն ավելորդ է»:

Որտե՞ղ է Արկադի Ղուկասյանը

ՀՀԿ ցուցակով ԱԺ-ում հայտնված Արեգ Ղուկասյանը, որը ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի եղբայրն է, ի պատասխան վերջինիս որտեղ գտնվելու, ինչ անելու, վարչապետ դառնալու ցանկություն ունենալ-չունենալու մասին հարցի, հայտարարեց. «Ես Արկադի Ղուկասյանը չեմ, ես Արեգ Ղուկասյանն եմ, եւ այդ հարցը լավ կլիներ իրեն տայիք: Որտեղ է, իհարկե, ես կարող եմ իմանալ, որովհետեւ նա իմ եղբայրն է: Նա Ղարաբաղում է: Ինչ վերաբերում է աշխատանքին, ինձ թվում է, ինքը մի քանի անգամ սպառիչ պատասխան է տվել այդ հարցին, եւ իմ անդրադառնալն ուղղակի սխալ կլինի»:

«Ժառանգությունը» դեռ կորոշի նախագահականին իր մասնակցության ձեւաչափը

«Մի քանի կուսակցական ատյան է անցնում «Ժառանգություն» կուսակցության նախագահի թեկնածուի առաջադրման մասին վարչության որոշումը եւ համագումարի կողմից վավերացվում», հայտարարեց կուսակցության ֆորմալ ղեկավար Վարդան Խաչատրյանը եւ շեշտեց, որ հենց այդ ընթացակարգը նկատի առնելով վաղ է համարում նախագահական ընտրություններին կուսակցության մասնակցության ձեւաչափի մասին խոսելը: Նույն ընթացակարգով բանախոսը բնական համարեց Րաֆֆի Հովհաննիսյանի չառաջադրման դեպքում Լեւոն Տեր-Պետրոսյանին աջակցելու հեռանկարը եւ ընդգծեց, որ «Ժառանգությունը» միշտ եղել եւ լինելու է քաղաքական գործընթացների ակտիվ մասնակից: ՀՀ առաջին նախագահի հետ հնարավոր հանդիպման մասին Վարդան Խաչատրյանն ուղղակի հայտնեց, որ չկա հանդիպման հրավեր: ԲՀԿ-ն նույնպես հանդիպման առաջարկ չի ստացել:

ՀՅԴ-ն նեղացածություն չի դրսեւորել, դրա համար էլ հանդիպել է ՀՀՇ-ի հետ

«ՀՅԴ-ն այս շրջանում հանդիպումներ է ունեցել մի շարք կուսակցությունների հետ, դեռ կունենա, եւ բնական էր, որ հանդիպում եղավ նաեւ ՀՀՇ ղեկավարության, հանրապետության նախկին նախագահի հետ: Գուցե դա արտառոց էր` հաշվի առնելով անցյալի ինչ-ինչ հարցեր, բայց քաղաքական ուժերի հասունությունը, շրջահայացությունը, ազգային շահերը վեր դասելու սկզբունքները թելադրում են ունենալ այդ քաղաքական հասունությունը, վեր կանգնել ներքին զգացումներից, եթե դա շահեկան է երկրի համար: Ես չեմ նկատել, որ հանրապետության նախագահը կամ վարչապետը դրանից զարմացել են, անակնկալի են եկել, նրանք շատ նորմալ, հանգիստ են ընդունել փաստը: Զարմանալին այն կլինի, եթե մենք երբեւէ խախտենք այն համաձայնությունները, որ ունենում ենք մեր քաղաքական գործընկերների հետ», ի պատասխան համապատասխան հարցի հայտարարեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտաշես Շահբազյանը: Նա նաեւ հասցրել էր ասել. «Երբ Դաշնակցությունը գործընկերության համաձայնագիր էր ստորագրում կոալիցիայի հետ, ամրագրում էր, որ ինքն ինքնուրույն է լինելու քաղաքական գործընթացներում»:

Հրայր Կարապետյանն էլ ասաց. «Մենք երեխաներ չենք, որ նեղացածություն դրսեւորենք: Երկրի ապագայով մտահոգված քաղաքական ուժ ենք, մենք պատասխանատվությամբ ենք մոտենում բոլոր քաղաքական շփումներին եւ քաղաքական գործընթացներին ու այդպես էլ շարունակելու ենք գործել»:

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4