«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#181, 2007-10-05 | #182, 2007-10-06 | #183, 2007-10-09


ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ «ԱԶԳԻՆ»

- Պարոն Աբրահամյան, Հայաստանում Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի ավանդական օրերի նախօրեին, երբ գիտնականների, բժիշկների, գործարարների, հասարակական եւ քաղաքական գործիչների ներկայացուցչական պատվիրակության հետ այցելում եք Հայաստան, մենք, հաստատված ավանդույթի համաձայն, հարցազրույց ենք վերցնում Ձեզանից: Եվ առաջին հարցը հետեւյալն է. ինչպե՞ս եք գնահատում խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակը:

- Դուք իրավացի եք, Հայաստանում ՌՀՄ եւ ՀՀԿ օրերի նախօրեին մեր շփումն իրոք արդեն ավանդական է դարձել: Եվ ես միշտ պատրաստ եմ նման խոսակցության: Ուրախալի է նշել, որ մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունները, ինչպես նշեց միջազգային հանրությունը, լավ կազմակերպված էին, այդ ուղղությամբ նկատվեց որոշակի առաջընթաց, դրանք չվերածվեցին իշխանության կողմնակիցների եւ ընդդիմության փողոցային դիմակայության: Ավելին, ընտրությունների արդյունքները չվիճարկեցին ոչ միայն ԱՊՀ դիտորդները, այլեւ արեւմտյան կառույցներիՙ ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի, զանազան իրավապաշտպանական կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք հատկապես ուշադիր հետեւում են հետխորհրդային տարածքում անցկացվող ընտրություններին:

Խորհրդարանական ընտրությունների արդյունքը դարձավ իշխանամետ երկու կուսակցություններիՙ ՀՀԿ-ի եւ «Բարգավաճ Հայաստանի» համոզիչ հաղթանակը, որը թույլ տվեց ձեւավորել կառավարություն հանրապետականների առաջնորդ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Իսկ խորհրդարանում հաստատուն մեծամասնություն ունենալու բուն փաստը իշխանություններին թույլ է տալիս անհրաժեշտ օրենքներ անցկացնել տնտեսական ու սոցիալական այն ծրագրի իրականացման նպատակով, որով այդ կուսակցությունները գնացել էին ընտրությունների:

Չափազանց քիչ ժամանակ է անցել, որպեսզի հնարավոր լինի գնահատել նոր կառավարության հաջողությունները, թեեւ տեսանելի է, որ նա գործում է հատուկ ռեժիմով, քանի որ առջեւում նախագահական ընտրություններն են, եւ կառավարության ղեկավարը նախագահի պաշտոնի իրական թեկնածուներից մեկն է: Կառավարությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի կոնկրետ գործերով ապահովի Հանրապետական կուսակցությունից երկրի նախագահի պաշտոնի հավակնորդի լայն աջակցությունը ընտրազանգվածի մեջ: Սակայն նախագահական ընտրություններին պատրաստվում են ինչպես կառավարամետ, այնպես էլ ընդդիմադիր ուժերը: Շատ շուտով մենք կիմանանք քաղաքական մանեւրների եւ գաղտնի համաձայնությունների արդյունքները: Մենք կիմանանք նախագահի պաշտոնի բոլոր թեկնածուների անունները: Այդ ժամանակ արդեն կսկսվի իսկական ընտրարշավը:

- Ձեր կարծիքով, հանրապետությունում ինչպիսի՞ ընդհանուր տնտեսական իրավիճակ է ստեղծվել:

- Ինձ արդեն քանիցս վիճակվել է խոսել այդ թեմայով: Այժմ կուզենայի նշել, որ տնտեսության մեջ տեղի են ունեցել որոշակի տեղաշարժեր, դիտվում է տնտեսական աճ, որը, պաշտոնական տվյալների համաձայն, արտահայտվում է երկնիշ թվով: Բայց այնուամենայնիվ, հաշվի առնելով Հայաստանի դժվարությունների ողջ համալիրը, նույնիսկ նման աճն անբավարար է անչափ լուրջ ռազմավարական հարցերի լուծման համար: Անհրաժեշտ է ճեղքում տնտեսության այն ոլորտներում, որոնք կարող են տարածաշրջանում ապահովել Հայաստանի առաջատար դիրքերը, նկատի առնելով հարեւանների հետ նրա բարդ հարաբերությունները եւ հատկապես շրջափակման գործոնը: Օրակարգից հանված չէ հանրապետության ապաշրջափակման, տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման ուղիների որոնումը, ինչը, անշուշտ, առավել բարենպաստ պայմաններ կստեղծեր տնտեսական ցատկի համար: Ասում են, «մերկերը հնարամիտ են լինում»: Շարունակվող շրջափակումը Հայաստանին գուցե ստիպի կապի նորագույն միջոցները, ինտերնետը ավելի մեծ չափով օգտագործել, գիտելիքահենք տնտեսության, տեղեկատվական համակարգերի զարգացման համար, որոնց համար Հայաստանի Հանրապետության տարածքի ֆիզիկական շրջափակումը հայ ծրագրավորողներին, բարձր տեխնոլոգիաների մասնագետներին, գիտնականներին, տնտեսագետներին համաշխարհային գործընթացի եւ գիտելիքահենք տնտեսության ոլորտում աշխատանքի միջազգային բաժանման մեջ ներգրավելու խոչընդոտ չէ: Դրա համար, իհարկե, կպահանջվեն մեծ ներդրումներ, որոնք հանրապետությունն այսօր, ցավոք, չունի բավարար քանակությամբ:

Բայց ինչ էլ լինի, մենք պարտավոր ենք հանրապետության տնտեսական իրավիճակը գնահատել ոչ միայն ելնելով այս եւ նախորդ տարիների ցուցանիշների համեմատությունից, այլեւ տարածաշրջանի տնտեսության զարգացման, մեր հարեւանների, գործընկերների եւ հակառակորդների հնարավորությունների համատեքստում: Միայն այդ դեպքում մենք կկարողանանք տեսնել օբյեկտիվ պատկեր, քանի որ Հայաստանի տնտեսությունն ի վիճակի է ապահովելու մեր ժողովրդի եւ մեր պատմական հայրենիքի տնտեսական ու հատկապես ռազմաքաղաքական անվտանգությունը: Հուսով եմ, Հայաստանի նոր նախագահը եւ իշխանություններն ընդհանուր առմամբ առավել արդյունավետ կօգտագործեն սփյուռքի ներուժը:

- Ռուսաստանում ինչպիսի՞ն է իրավիճակը խորհրդարանական ընտրությունների նախօրեին, մանավանդ որ դրանց հաջորդելու են նախագահի ընտրությունները, որոնք կպարզեն Պուտինի իրավահաջորդի անունը:

- Ռուսաստանում քաղաքական ու տնտեսական իրավիճակը կայուն է: Նախագահը հսկայական վստահություն է վայելում բնակչության մեջ: Նրա վարկանիշը բարձր է եւ հասնում է արդեն գրեթե 80 տոկոսի: Սոցիոլոգիական հարցումների համաձայն, այսօր ընտրազանգվածի 40 տոկոսը պատրաստ է նախագահական ընտրություններում պաշտպանել այն թեկնածուին, որին կմատնանշի նախագահ Վ. Պուտինը: Իրենց նախագահի հետ նույնականացնող «Միասնական Ռուսաստան» կուսակցության առաջնորդներն ակնկալում են դեկտեմբերյան խորհրդարանական ընտրություններում ստանալ քվեների առնվազն 50 տոկոսը: «Միասնական Ռուսաստանը» համարվում է այդ ընտրությունների անվիճելի առաջատարը: Տվյալ կուսակցության հեռանկարներն էլ ավելի ընդլայնվեցին, երբ նախագահ Վ. Պուտինը համաձայնեց ընտրություններում գլխավորել կուսակցության ցուցակը: Երկրորդ եւ երրորդ տեղերին հավակնում են Կոմկուսը եւ «Արդար Ռուսաստանը»ՙ Դաշնության խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովի գլխավորությամբ: Վերջին կուսակցությունը նույնպես իրեն նախագահամետ է համարում: Քաղաքական տարածքում իր դիրքերը պահպանում է Ժիրինովսկու Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը: Բարդ է, այսպես կոչված, «ազատականների»ՙ Աջ ուժերի դաշինքի եւ «Յաբլոկոյի» վիճակը, որոնք առայժմ, դատելով սոցիոլոգիական հարցումներից, Պետդումա մտնելու հնարավորություններ չունեն: Սակայն ինձ թվում է, որ Պետդումայում նրանց ներկայությունը կարող էր ինչ-որ բազմազանություն եւ ավելի մեծ բազմակարծություն մտցնել հանրային ոլորտում եւ այդ ուժերին հնարավորություն տալ մասնակցելու ինչպես կառավարության, այնպես էլ օրենսդիր կորպուսի ուղեգծի ճշգրտման գործընթացին: Մեկ կուսակցության գերիշխանության դեպքում դժվարանում են այլընտրական կարծիքի առաջխաղացումը եւ հասարակության համար կարեւոր հարցերի բովանդակալի քննարկումը, ինչը երբեմն հանգեցնում է անչափ տհաճ արդյունքներիՙ թերամշակված օրենքների եւ նման օրենքներն իրագործելիս բավական լուրջ բացասական հետեւանքների:

Կարծում եմ, քաղաքական իրադրության կայունությունը եւ կանխատեսելիությունն ապահովում են նաեւ տնտեսական կայունություն: Եվ շատ կարեւոր է, որ այս տարի նախագահը նշել է պետկորպորացիաների մեխանիզմի միջոցով ճեղքման առաջնային ուղղությունները Ռուսաստանի տնտեսության այնպիսի կարեւոր ոլորտներում, ինչպիսիք են ավիաշինությունը, նավաշինությունը, նանոտեխնոլոգիաները, ինչպես նաեւ ենթակառույցների խոշոր նախագծերիՙ ճանապարհաշինության, նավահանգիստների եւ օդանավակայանների շինարարության իրականացման մեջ: Դա բացառիկ հավակնոտ խնդիր է, բայց իրականացումը, նախագահ Վ. Պուտինի կարծիքով, միանգամայն համապատասխանում է ՌԴ իշխանությունների եւ Ռուսաստանի ուժերին, որն այսօր ֆինանսական ու մտավոր բավարար ներուժ ունի 90-ականների տնտեսական անկման լուրջ ու տեւական գործընթաց ապրած երկրի ինդուստրացման փաստորեն նոր փուլի կենսագործման համար:

- Ռուսաստանի եւ Հայաստանի ընտրություններն ինչպե՞ս կարող են ազդել մեր երկրների հարաբերությունների բնույթի վրա:

- Ռուսաստանի եւ Հայաստանի ընտրությունները հազիվ թե էապես փոխեն մեր երկրների գործընկերային եւ ռազմավարական հարաբերությունների բնույթը: Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի եւ Ռուսաստանի նոր վարչապետ Վ. Զուբկովի վերջերս կայացած հանդիպումը ցուցադրեց հայ-ռուսական հարաբերությունների կայուն բնույթը:

Վարչապետ Սարգսյանին լավ գիտեն Ռուսաստանի իշխանական կառույցներում: Թեեւ Ռուսաստանում Վ. Զուբկովը նոր է վարչապետ ընտրվել, նա հիանալի տիրապետում է մեր պետությունների հարաբերությունների ողջ համալիրին: Նախարար Լավրովը ապահովում է արտաքին քաղաքականության հաջորդայնությունը: Ուստի պատահական չէ, որ Հայաստանի վարչապետի այցը շատ արգասավոր եղավ. համաձայնեցվեցին Հայաստանի եւ Ռուսաստանի համագործակցության հետագա խորացման միջոցառումները: Իսկ դա երաշխիք է, որ Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահական ընտրությունները ոչ միայն բացասաբար չեն ազդի մեր երկու երկրների հարաբերությունների բնույթի վրա, այլեւ կնպաստեն նրանց հետագա արգասավոր եւ փոխշահավետ առեւտրատնտեսական ու ռազմաքաղաքական համագործակցությանը:

Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունները ռազմավարական բնույթ են կրում եւ ենթակա չեն այսրոպեական գործոնների ազդեցությանը, եթե նույնիսկ դրանք այնպիսի կարեւոր իրադարձություններ են, ինչպիսիք են խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները: Առհասարակ մեր երկրներին բնորոշ չէ սեփական զարգացման ռազմավարական վեկտորի հաճախակի փոփոխումը, հատկապեսՙ արտաքին քաղաքականության ոլորտում: Դաշնակիցների զարգացման ռազմավարական վեկտորի ընտրությունը, արտաքին քաղաքականության գերակայությունների սահմանումը զգալի չափով օբյեկտիվ գործոնների հաշվառման արդյունքն են: Այդ օբյեկտիվ գործոններն այնքան էլ արագ չեն փոփոխվում: Ուստի, անկախ Ռուսաստանի եւ Հայաստանի խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների արդյունքներից, այդ հարաբերություններն էական փոփոխություններ չեն կրի:

Հարավային Կովկասում ուժերի դասավորությունն այնպիսին է, որ Հայաստանը կարոտ է Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական ու տնտեսական սերտ հարաբերությունների, իսկ Ռուսաստանին Հայաստանը հարկավոր է որպես տարածաշրջանում կարեւոր դաշնակից: Լուրջ փորձագետների միահամուռ կարծիքի համաձայն, Հյուսիսային Կովկասը եւ Կենտրոնական Ասիան Կասպից ծովի հետ մեկտեղ ռուսական պետության փափուկ փորատակն են: Այդ տարածաշրջանի վերահսկողությունը հնարավորություն է տալիս էական ազդեցություն գործելու Ռուսաստանի հարավի իրադրության վրա: Այս առումով Ռուսաստանի համար Հայաստանի ռազմավարական կարեւորությունը դժվար է գերագնահատել: Ուստի մեր պետությունների միջեւ գոյություն ունեցող ռազմավարական դաշինքն ու ռազմավարական գործընկերությունը լոկ այս կամ այն քաղաքագետի ինչ-ինչ ցանկությունների կամ հույզերի արդյունքը չեն: Դրանք դաժան քաղաքական իրողություն են, երկու պետությունների արմատական շահերի հաշվառման վրա հիմնված քաղաքականություն:

- Չեմ կարող չտալ եւս մեկ հարց, թեեւ ոչ այնքան վաղուց, մեր թերթի էջերում Դուք արդեն պատասխանել եք դրան: Շուտով կտրվի նախագահական ընտրարշավի պաշտոնական մեկնարկը, թեեւ մենք գիտենք, որ այդ գործընթացը չի ընդհատվել, եւ որ խորհրդարանական արշավը փաստորեն սահուն կերպով անցել է նախագահական արշավի: Կուսակցությունները պաշտոնապես դեռ չեն առաջադրել իրենց թեկնածուներին, բայց մենք մոտավորապես պատկերացնում ենք իշխանության կուսակցությունից եւ ընդդիմությունից առաջադրվելիք թեկնածուների ազգանունները: Ստեղծված իրավիճակին առանձնահատուկ նրբություն է հաղորդում այն փաստը, որ տասնամյա լռությունից հետո վերստին աշխուժացել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, եւ բացառված չէ նրա մասնակցությունը նախագահական արշավին: Այս կապակցությամբ կուզենայի հարցնել, թե Դուք ինչպե՞ս եք գնահատում այդ թեկնածուների հնարավորությունները եւ եթե հնարավոր է, ասեք, թե Ռուսաստանի հայերի միությունը եւ Համաշխարհային հայկական կոնգրեսը ո՞ր թեկնածուին կարող են պաշտպանել առաջիկա ընտրություններում:

- Այո, իրոք, Հայաստանը եւ Ռուսաստանն ընթացիկ ամբողջ տարում ընտրական տենդ են ապրում: Հայաստանում նոր են հանդարտվել խորհրդարանական ընտրությունների կրքերը, բայց արդեն գլխավոր թեկնածուներն իրենց շտաբները նախապատրաստում են նախագահական արշավի ծավալմանը: Մենք գիտենք, թե ովքեր են իշխանությունների գլխավոր թեկնածուները: Չէի ուզենա այժմ գնահատական տալ առանձին թեկնածուների հնարավորություններին: Դրա ժամանակը դեռ կգա: Ես միայն կկրկնեմ մեկ միտք. կարեւոր չէ, թե ով կլինի Հայաստանի նախագահը, կարեւորն այն է, թե հնարավորությունների եւ բնութագրերի ինչպիսի հավաքանի կունենա: Ես այդ մասին արդեն խոսել եմ Ձեր թերթի էջերում: Դա պարտադիր պայման է, որպեսզի հանրապետության հաջորդ ղեկավարը վայելի բնակչության մեծամասնության անվերապահ աջակցությունը, լեգիտիմ լինի ինչպես Հայաստանի հասարակայնության, այնպես էլ սփյուռքահայության եւ միջազգային ընկերակցության համար, որպեսզի հանրապետությանն առնչվող անչափ սուր խնդիրների քննարկման ժամանակ նա զգա սեփական ժողովրդի աջակցությունը, եւ դա գիտակցեն բանակցություններում նրա գործընկերները: Եվ, իհարկե, չափազանց կարեւոր նշանակություն կունենան նրա առաջնորդական հատկանիշները, ինչպես ներքին ուժերը, այնպես էլ միջազգային քաղաքական ու ֆինանսական ռեսուրսները հանրապետության կենսական խնդիրների լուծմանը ծառայեցնելու նրա կարողությունը:

- Նկատի ունենալով, որ վերջին տարիներին Դուք լավ հարաբերություններ եք հաստատել Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի հետ, որը հավանաբար կլինի իշխող կուսակցության թեկնածուն, Դուք կաջակցե՞ք նրան այդ ընտրություններում: Կամ գուցե Արթուր Բաղդասարյանի՞ն, Լեւոն Տեր-Պետրոսյանի՞ն:

- Ես իրոք շփումներ ունեմ բոլոր քաղաքական ուժերիՙ դաշնակցականների, հանրապետականների եւ շատ այլ ուժերի հետ: Չեմ թաքցնի, ջերմ եւ բարեկամական հարաբերություններ ունեմ Հայաստանի վարչապետի հետ: Մեծ հարգանք եմ տածում նաեւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդեպ, լավ հարաբերություններ ունեմ Արթուր Բաղդասարյանի հետ: Բայց տվյալ փուլում ցանկալի կլիներ, որ ընտրական գործընթացը տեղի ունենա օրենքի շրջանակներում, կայունության պահպանման պայմաններում, որպեսզի կրքերն ափերից չհանեն քաղաքական ուժերին եւ ընտրարշավն ընթանա քաղաքակիրթ հունով: Կուզենայի, որ առաջարկվեն երկրի սոցիալ-տնտեսական զարգացման եւ կենսականորեն կարեւոր արտաքին քաղաքական խնդիրների լուծման ծավալուն ծրագրեր: Իսկ ընտրությունների նախօրեին, իհարկե, կարտահայտեմ իմ կարծիքը, ելնելով այս կամ այն թեկնածուի ծրագրի գնահատականներից, Հայաստանի առջեւ ծառացած խնդիրները հաղթահարելու նրա կարողություններից, խնդիրներ, որոնց լուծումն անչափ կարեւոր նշանակություն կունենա մեր ժողովրդի համար:

- Եվ ամենավերջինը, ինչի մասին կուզենայի Ձեզ հարցնել: Վերջերս Հայաստանում շատ հարցեր ծագեցին հանրապետության գլխավոր դատախազին Ձեր հղած դիմումի առնչությամբ, որով պահանջվում է պատժել Ռուսաստանի Դաշնության տարածքում մարդկանց առեւանգումներով զբաղվող հանցագործներին: Ձեզ ի՞նչը դրդեց նման նամակով դիմել Հայաստանի գլխավոր դատախազին, եւ այդ նամակում Դուք պահանջե՞լ եք արդյոք պատժել կոնկրետ մարդկանց:

- Ռուսաստանի հայերի միության եւ անձամբ իմ հասցեով հաճախ ստացվում են օգնության խնդրանքներ, եւ մեր հնարավորությունների սահմաններում մենք ցույց ենք տալիս նման օգնություն: Բազմաթիվ բացասական երեւույթների մեջ մեզ համար հատկապես տհաճ է այն, որ հաճախ Մոսկվայում կամ մնացյալ Ռուսաստանում հայերն իրար հետ քրեական հաշվեհարդարներ են սարքում: Բավական է վերհիշել ՀՀ պատգամավորի հետ վերջերս տեղի ունեցած դեպքը, որը, ռուսական մամուլի վկայությամբ, «Մետրոպոլ» հյուրանոցի խաղատանը դարձավ իր հայրենակիցների հարձակման զոհը:

Ինձ, իրոք, դիմել են հայաստանցի ինչ-ինչ մարդկանց կողմից ռուսաստանցի հայերի առեւանգման հարցով: Նման բաները Ռուսաստանում հայերի շատ աննպաստ նկարագիր են ստեղծում, լուրջ վնաս պատճառելով մեր համայնքին: Ես անհրաժեշտ համարեցի դիմել Հայաստանի գլխավոր դատախազին, որպեսզի ՀՀ իշխանություններն իրենք լուծեն քրեական հաշվեհարդարների հարցը եւ կանխեն նման հանցավոր գործողությունների հնարավոր կրկնությունը Ռուսաստանի տարածքում: Անշուշտ, ես կարող էի դիմել Ռուսաստանի գլխավոր դատախազին, բայց տվյալ դեպքում գտնում եմ, որ եթե հնարավոր է այդ հարցերը Հայաստանի իշխանությունների ուժերով լուծել հայկական միջավայրում, ապա հարկ չկա դրանց վրա հրավիրելու Ռուսաստանի հասարակայնության եւ իշխանական կառույցների ուշադրությունը: Ես, իրոք, պահանջել եմ պարզել այդ գործը եւ պատժել մեղավորներին, բայց, բնականաբար, չեմ կարող նշել մարդկանց կոնկրետ ազգանուններ, քանի որ դիմել եմ հենց դեպքերի եւ ոչ թե կոնկրետ կատարողների առնչությամբ: Կարծում եմ, արդեն Հայաստանի գլխավոր դատախազության գործն է բացահայտել կոնկրետ մեղավորներին եւ պատժել նրանց:

Ուզում եմ մեկ անգամ եւս ընդգծել, որ մեզ համար բնավ էլ միեւնույնը չէ, թե Ռուսաստանում հայի եւ հայկական համայնքի ինչպիսի նկարագիր կստեղծվի, եւ մենք կպայքարենք այն բոլոր երեւույթների դեմ, որոնք վնաս են պատճառում Ռուսաստանի հայերի եւ հայկական համայնքի դրական նկարագրին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4