«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#181, 2007-10-05 | #182, 2007-10-06 | #183, 2007-10-09


ՀԱՅԿԱԿԱՆ ԹԻՄԵՐԸ ԶԻՋԵՑԻՆ ԴԻՐՔԵՐԸ

Շախմատի Եվրոպայի ակումբային առաջնությունում հաջող մեկնարկից հետո Հայաստանի թիմերը մրցաշարային աղյուսակում նահանջեցին:

Տղամարդկանց մրցաշարի 3-րդ տուրում «Բանկերի արքան» 2 անընդմեջ հաղթանակներից հետո ոչ-ոքի (3-3) ավարտեց հանդիպումը Սարաեւոյի «Բոսնիայի» հետ: Մեր թիմին հաղթական միավորներ պարգեւեցին Ռաֆայել Վահանյանը եւ Աշոտ Անաստասյանը, որոնք պարտության մատնեցին համապատասխանաբար Սերգեյ Մովսիսյանին ու Բորկի Պրեդոեւիչին: Ոչ-ոքի գրանցվեց Ասրյան-Իվանչուկ, Մինասյան-Շորթ պարտիաներում: Լպուտյանը պարտվեց Ալմազիին, Պետրոսյանը զիջեց Սոկոլովին:

4-րդ տուրում մեր թիմն առաջին պարտությունը կրեցՙ 2,5-3,5 հաշվով զիջելով «Աշդոդին»: Միակ հաղթանակն իր օգտին գրանցեց Ռաֆայել Վահանյանըՙ առավելության հասնելով Էմիլ Սուտովսկու նկատմամբ: Ասրյան-Էլյանով, Լպուտյան-Սմիրին, Մինասյան-Մոիսեենկո պարտիաներում գրանցվեց ոչ-ոքի: Պետրոսյանն ու Անաստասյանն անհաջողության մատնվեցին Ավրուկի եւ Կովալյովի հետ պարտիաներում: 5-րդ տուրում մեր շախմատիստներին կրկին չհաջողվեց հաղթել: «Համբուրգի» հետ մրցախաղն ավարտվեց ոչ-ոքի (3-3): Ասրյան-Գուստաֆսոն, Լպուտյան-Կեմպինսկի, Պետրոսյան-Հանսեն, Մինասյան-Սեբաստիան պարտիաներում մրցակիցները խաղաղ դաշն կնքեցին: Մեր թիմից հաջողության հասավ միայն Տիգրան Քոթանջյանըՙ պարտության մատնելով Սիվերսին: Իսկ ահա Աշոտ Անաստասյանը պարտվեց Հուշենբեթին:

5 տուրից հետո «Բանկերի արքան» 6 միավորով 16-րդ տեղում է: Իսկ աղյուսակը 9 միավորով գլխավորում է Սվերդլովսկի «Ուրալը», որը նույնքան միավոր ունեցող «Տոմսկ-400»-ին եւ «Լինեքսին» գերազանցում է ընդհանուր պարտիաներում վաստակած միավորների քանակով (24):

«Ուրալում» 4-րդ խաղատախտակի վրա խաղացող Վլադիմիր Հակոբյանը 3-րդ տուրում ոչ-ոքի խաղաց Անդրեյ Զիգալկոյի հետ, ապա հաջորդ տուրերում միավորը բաժանեց Վլադիսլավ Տկաչովի եւ Ալեքսանդր Մոիսեենկոյի հետ պարտիաներում: Գաբրիել Սարգսյանը «Լինեքսի» կազմում նախ հաղթեց Նիկոլաս Հուշենբեթին, ապա հաշտություն կնքեց Անդրեյ Իստրատեսկուի եւ Զդենկո Կոժուլի հետ:

«Միկան» 3-րդ տուրում անդրանիկ պարտությունը կրեցՙ զիջելով «Յուժնի Ուրալին»: Լախնո-Չիբուրդանիձե, Յիֆան-Դանիելյան, Շումյակինա-Մկրտչյան պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: Վճռորոշ եղավ Կովալեւսկայայի հաղթանակը Խուրցիձեի նկատմամբ: Հաջորդ տուրում «Միկան» որոշ չափով շտկեց մրցաշարային վիճակըՙ 3,5-0,5 հաշվով հաղթելով «Թուրք Հավա» թիմին: Միակ ոչ-ոքին գրանցվեց Դանիելյան-Յիլդիզ պարտիայում, իսկ Չիբուրդանիձեն, Խուրցիձեն ու Մկրտչյանը իրենց օգտին հաղթանակներ գրանցեցին:

Ցավոք, հաջողությունը զարգացնել չհաջողվեց: 5-րդ տուրում «Միկան» կրկին պարտվեցՙ 1,5-2,5 հաշվով զիջելով Սանկտ Պետերբուրգի «Ֆինեկին»: Չիբուրդանիձե-Կորբուտ, Խուրցիձե-Դեմինա, Մկրտչյան-Տուրովա պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի, իսկ Դանիելյանը պարտվեց Ցմիլիտեին:

5 տուրից հետո «Միկան» 6 միավորով (ընդհանուր միավորների քանակըՙ 13) զբաղեցնում է 8-րդ տեղը: Առաջատարը 9 միավորով Մոնտե Կառլոյի թիմն է: 8-ական միավոր ունեն «Յուժնի Ուրալը» եւ «Ֆինեկը»:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4