«Ու վերջում մենք կհիշենք ոչ թե մեր թշնամիների խոսքերը, այլ մեր բարեկամների լռությունը»
Մարթին Լյութեր Քինգ
Ինչպես հաղորդել է «Ազգը», այսօր հոկտեմբերի 10-ին, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քննելու է Հայոց ցեղասպանության ճանաչման 106-րդ բանաձեւը: Միայն այս հանձնաժողովում փաստաթղթի ընդունման դեպքում հարցը կմտնի Ներկայացուցիչների պալատի օրակարգ: Սրանով է բացատրվում այն հետաքրքրությունը, որը ցուցաբերում են թուրք լոբբիստական կառույցները եւ Թուրքիայից ժամանած պատվիրակներն այս հանձնաժողովի եւ հատկապես նրա նախագահ Թոմ Լանթոսի նկատմամբ: Թուրքական բոլոր պատվիրակությունները Վաշինգտոն ժամանելուց անմիջապես հետո իրենց պարտքն են համարում հանդիպել Լանթոսի հետՙ համոզելու նրան 106-րդ բանաձեւը չներկայացնել հանձնաժողովի քննարկմանը: Թոմ Լանթոսը Ներկայացուցիչների պալատի ոչ միայն ամենատարեց (78 տարեկան է), այլեւ ամենաազդեցիկ անդամներից մեկն է: Նա 27 տարի շարունակ կոնգրեսական է եւ լուրջ ազդեցություն ունի Դեմոկրատական կուսակցության մեջ, պալատի խոսնակ Նենսի Փելոսիի մերձավորներից է: Լանթոսը հունգարական ծագումով հրեա է, Կոնգրեսում հրեական լոբբիստական կառույցների ամենաազդեցիկ անդամներից մեկը: Լանթոսը նաեւ այն հազվագյուտ մարդկանցից է, ով Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին իր աչքերով է տեսել հրեական Հոլոքոսթը եւ լինելով այդ ողբերգության վերապրածներից մեկը, պետք է, որ լավ հասկանա Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի կարեւորությունը հայ ժողովրդի համար: Հունգարիայի հրեա ընտանիքում ծնված Լանթոսն իր կյանքի մի քանի տարիները անցկացրել է ֆաշիստական համակենտրոնացման ճամբարներում եւ հրաշքով փրկվել է շվեդ հայտնի դիվանագետ Ռաուլ Վալեմբերգի ջանքերով: Թուրքական կողմը փորձում է օգտագործել նաեւ Լանթոսի հրեա լինելը, շեշտելով, որ բանաձեւի ընդունումը կազդի ոչ միայն թուրք-ամերիկյան, այլեւ թուրք-իսրայելական հարաբերությունների վրա: Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը այս ամիսների ընթացքում հանդիպել է թուրքական բոլոր պատվիրակությունների հետ, որոնք ժամանել են Վաշինգտոն, սակայն մինչ օրս հրաժարվել է 106-րդ բանաձեւի ընդունման հարցում հստակորեն արտահայտել իր տեսակետը: Պալատի խոսնակը` Նենսի Փելոսին, ի տարբերություն Լանթոսի, հրաժարվել է հանդիպել թուրքական բոլոր պատվիրակությունների, նաեւ Թուրքիայի նախկին արտգործնախարար Աբդուլլահ Գյուլի հետ:
Ինչեւէ, Ներկայացուցիչների պալատ ներկայացված 106-րդ բանաձեւի համահեղինակներն են դեմոկրատներ Ադամ Շիֆը, հանրապետական Ջորջ Ռադանովիչը, ինչպես նաեւ հայկական հարցերի խմբի համանախագահներՙ դեմոկրատ Ֆրենկ Փալոնը եւ հանրապետական Ջո Նոլեմբերգը: Բանաձեւի ներկայացման գործում վերջիններիս աջակցել են նաեւ դեմոկրատ Բրեդ Շերմանը եւ հանրապետական Թադեուս Մըքքոթերը: Այսինքն` այս բանաձեւի ընդունմանը հավասարապես աջակցում են թե՛ հանրապետականները, թե՛ դեմոկրատները, ինչն էլ ավելի է մեծացնում դրա ընդունման հավանականությունը:
Եվ վերջապես ի՞նչէ 106-րդ բանաձեւը: Համատեղ ներկայացված այս փաստաթղթում ԱՄՆ-ի նախագահին կոչ է արվում «ապահովել ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջ Հայոց ցեղասպանության պատշաճ ընկալումը» եւ «մեկուկես միլիոն հայերի սիստեմատիկ կոտորածները եւ բնաջնջմանը ճիշտ որակում տալՙ Ցեղասպանություն»: Կոնգրեսականներն այս բանաձեւով երկրի նախագահին կոչ են անում նաեւ, որ իր տարեկան ելույթներում օգտագործի ցեղասպանություն բառը: Երեք մասից բաղկացած այս բանաձեւում մանրամասն նկարագրվում են այն պատմական իրադարձությունները, որ տեղի են ունեցել 1915-ին եւ դրանից հետո: Բանաձեւի մեջ, մասնավորապես, հղում է արվում այդ տարիներին (1913-1916) Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի զեկույցներին եւ Կոնգրեսիՙ հայերին օգնություն տրամադրելու մասին ընդունած որոշումներին: Մորգենթաուն այդ իրադարձությունները որակել էր «մի ողջ ցեղի ոչնչացման գործողություն» եւ կոչ էր արել միջոցներ ձեռնարկել կոտորածները կանխելու համար: Բանաձեւում հիշեցվում են նաեւ 1939-ին Լեհաստանի դեմ կատարված հարձակումից առաջ Ադոլֆ Հիտլերի հայտնի բառերը. «Ո՞վ է այժմ հիշում հայերի բնաջնջումը»: Ինչեւէ, բանաձեւը ներկայացնելուց հետո կոնգրեսականներ Փալոնը, Շիֆը, Նոլեմբերգը եւ Ռադանովիչը Կոնգրեսի շենքում մամուլի ասուլիս էին կազմակերպել, որին մասնակցել էին նաեւ ցեղասպանության ականատեսներ Ռոզ Բաբոյանը եւ Սիրարփի Խոյանը: Ադամ Շիֆը նշել է, որ «Միացյալ Նահանգներն ունի պատմական եւ բարոյական պատճառ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը, քանի որ մեկուկես միլիոն մարդ կորցրել է կյանքը»: Վերջինս ավելացրել է նաեւ, որ «մենք միաժամանակ մեկ այլ պատճառ ունենք. ինչպե՞ս կարող ենք արդյունավետ քաղաքականություն վարել ընդդեմ Դարֆուրի ցեղասպանության, եթե բացակայում է նախկինում տեղի ունեցած ցեղասպանության դատապարտումը»: Շիֆը հույս է հայտնել, որ Ներկայացուցիչների պալատի նոր ղեկավարի հետ կհաջողվի տրամաբանական վերջաբանի հասցնել բանաձեւի ընդունման գործընթացը:
Եվ այսպես, 106-րդ բազմաչարչար բանաձեւի առաջին քննարկումը տեղի կունենա արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Ընդունվելու դեպքում կներկայացվի Ներկայացուցիչների պալատի հաստատմանը, որտեղ, ինչպես հայտնի է, 226 կոնգրեսականներ իրենց աջակցությունն են հայտնել բանաձեւին: Կոնգրեսի ստորին պալատի ընդունումից հետո բանաձեւը կարիք չունի վերին պալատի` Սենատի հաստատմանը, քանի որ չունի օրենքի ուժ եւ պարտադիր չէ կառավարության համար: Սակայն կարեւոր բարոյական նշանակություն ունի, քանի որ այսպիսով ներկայացնում է Կոնգրեսի ստորին պալատի կարծիքը հայերիս համար կարեւորագույն այս հարցում:
Նմանատիպ մի բանաձեւ էլ ներկայացված է Սենատի քննարկմանը: Այս տարվա մարտին սենատորներ` դեմոկրատ Ռիչարդ Դուրբինը եւ հանրապետական Ջոն Ենսինը վերին պալատին ներկայացրին ցեղասպանության ճանաչմանն ուղղված մի նոր բանաձեւ, այն նույնպես 106-րդ բանաձեւ է կոչվում, սակայն տվյալ դեպքում տեղի է ունեցել թվերի պատահական համընկում եւ կապ չունի Ներկայացուցիչների պալատի բանաձեւի հետ: Ներկայումս Սենատ ներկայացված այս փաստաթղթին իրենց աջակցությունն են հայտնել 32 սենատորներ: Փաստաթուղթը վայելում է Սենատում դեմոկրատական մեծամասնության ղեկավար Ջո Բայդենի աջակցությունը: Հիշեցնենք, որ վերջինս այս տարվա մարտին ներկայացրել էր Հրանտ Դինքի սպանությունը դատապարտող մի բանաձեւ, որում առաջին անգամ օգտագործվում էր Հայոց ցեղասպանություն բառակապակցությունը: Ինչեւէ, կարող ենք ասել, որ ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներում էլ քաղաքական ուժերի ներկա դասավորության պայմաններում ստեղծվել է բարենպաստ իրավիճակ ցեղասպանության ճանաչման եւ դատապարտող բանաձեւերի ընդունման համար:
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ