«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#182, 2007-10-06 | #183, 2007-10-09 | #184, 2007-10-10


ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆԸ ՀԱՋՈՐԴՈՂ ՓՈՒԼԻ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումների գործընթացը կանգնած է նոր փուլի շեմին. միանգամայն հավանական է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը (պակաս հավանական էՙ նաեւ Սենատը) կընդունի դեռեւս այս տարվա հունվարին ԱՄՆ Կոնգրես ներկայացված Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւը: Եթե դա տեղի ունեցավ, ապա շղթայական ռեակցիայով բազմաթիվ պետություններ կընդունեն նմանատիպ բանաձեւեր: Սակայն ի՞նչ կլինի դրանից հետո: Ահա սա՛ է ամենակարեւոր հարցը, որի պատասխանը հայության քաղաքական կառույցները պարզապես չունեն: Եվ որտեղի՞ց ունենան, եթե նույնիսկ եղած եւ այժմ քննարկվող ճանաչումներն բացարձակապես վերլուծության չեն ենթարկվում: Այս առնչությամբ մի շարք լուրջ խնդիրներ ունենք:

Նախ եւ առաջ, առկա է տեղեկացվածության եւ վերլուծության խնդիրը: Ամեն օր տասնյակ անգամ լուրերով խոսվում է ցեղասպանության միջազգային ճանաչումների մասին, բայց ո՞վ է Հայաստանում տեսել-կարդացել թեկուզ այս վերջինՙ 106-րդ բանաձեւի տեքստը: Հայկական մամուլի ո՞ր օրգանն է տպագրել բանաձեւի նախագիծը, որպեսզի այն հասու դառնար հասարակության եւ քաղաքական ուժերի լուրջ եւ մասնագիտական ուշադրությանը: Ո՞ւր է այդ բանաձեւի հայերեն թարգմանությունը, որի պաշտոնապես թարգմանությունը պետք է ապահովեր ՀՀ արտգործնախարարությունը: Ո՞ւր են վերլուծություն-համեմատությունները այդ եւ նախորդ բանաձեւերի միջեւ: Այս առումով համառոտաբար նշենք, որ 106-րդ բանաձեւը շահեկանորեն տարբերվում է ԱՄՆ Կոնգրեսի 1975 եւ 1984 թթ. ընդունվածներից ինչպես իր ծավալով (այն բաղկացած է 30 կետերից), այնպես էլ պատմաիրավական մանրակրկիտ մշակվածությամբ: Բանաձեւը փաստերով ու հիմնավորումներով հաստատում է պատմական ճշմարտությունը, առավել լիարժեք ներկայացնում Հայոց ցեղասպանության ժամանակագրական սահմաններըՙ 1915-ից մինչեւ 1923-ը (ոչ միայն 1915 թվականը, ինչպես, օրինակ, 1975-ին ընդունված բանաձեւերում): Այն հստակորեն նշում է զոհերի թվաքանակըՙ 2 միլիոն տեղահանված, որոնցից 1,5 միլիոնըՙ բնաջնջված: Ընդգծում է քաղաքական եւ իրավական տեսանկյունից չափազանց կարեւոր մի հանգամանք, այն, որ հայերը ոչնչացվել են «իրենց պատմական հայրենիքի տարածքում, որտեղ բնակվում էին ավելի քան 2,500 տարի»:

Գոյություն ունի նաեւ ճիշտ ու հավասարակշռված գնահատականի խնդիր. ի՞նչ է նշանակելու այս բանաձեւի ընդունումը Հայաստանի համար: Այսպեսՙ Իտալիան, Կանադան, Լեհաստանը ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, եւ ի՞նչ է դա փոխել Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, արցախյան հիմնահարցի նկատմամբ նրանց վարած քաղաքականության մեջ: Իրականում ոչինչ էլ չի փոխել: Ամենակարեւորըՙ որքանո՞վ են այդպիսի բանաձեւերը գալիս նպաստելու այսօրվա ամենահրատապ խնդրինՙ Հայաստանի անվտանգության ապահովմանը:

Ցեղասպանության ճանաչման խնդիրը բարձրացվել է դեռեւս մինչեւ Հայաստանի անկախանալը, բայց այժմ իրավիճակն արմատապես տարբեր է, այժմ մենք ունենք Արցախի խնդիր, Ջավախքի խնդիր, թուրքական վտանգի եւ շրջափակման խնդիր, պատերազմի վերսկսման վտանգ, կարճ ասածՙ Հայաստանի ֆիզիկական անվտանգության խնդիր:

Բայց ցեղասպանության ճանաչումը (ընդ որում, առանց լուրջ ուսումնասիրության եւ ապագա քայլերի ծրագրման) մնացել է սփյուռքահայության քաղաքական գործունեության հիմնական թիրախը, կլանելով ազգային եւ մարդկային ահռելի ռեսուրսներ եւ ներուժՙ ի հաշիվ ազգային մյուս կարեւոր ճակատներում ներդրման: Սփյուռքահայ կառույցների աշխատանքներում նկատվում է պարզ միտումՙ ստորադասել Հայաստանի անվտանգության խնդիրները ցեղասպանության ճանաչման խնդրին:

Հայաստանը եւս մինչեւ այսօր Արցախի հիմնահարցը դիտում է ցեղասպանության ճանաչման հարցից անջատ եւ կտրված: Որեւէ ծրագրավորում առ այն, թե ի՞նչ ենք անելու միջազգային համընդհանուր ճանաչումից հետոՙ պարզապես չի կատարվում:

Կարճ ասած, հայ քաղաքական դասն ու հասարակությունն առհասարակ միջազգային այս ճանաչումների նկատմամբ որդեգրել են անպատասխանատու, գրեթե մանկական մի մոտեցում, որը հիշեցնում է երիցուկի տերեւների «սիրում է, չի սիրում» հայտնի խաղը, այս դեպքումՙ «ճանաչում է, չի ճանաչում» կրկներգով: Այնինչ այս գործընթացի ճիշտ ուղղորդումը (որքան էլ բարդ լինի) կարող է Հայաստանին եւ հայությանը ահռելի քաղաքական կապիտալ պարգեւել:

Վաղուց արդեն ժամանակն է, որ Հայաստանն ու հայությունը նման բանաձեւերը գնահատեն իրենց սեփական (դեռեւս անգո) չափանիշներով, որոնք հանգում եւ համապատասխանում են ինչպես պատմական իրականությանը, այնպես էլ ազգային-պետական շահերին: Ստորեւ առաջարկում ենք այդպիսի գնահատման հինգ գլխավոր չափանիշ: Ցեղասպանության ժամանակագրական սահմանների ճշգրիտ նշումՙ 1894-1923-ին անհրաժեշտ հիշատակում առ այն, որ հայերը ոչնչացվել են իրենց պատմական հայրենիքումՙ Հայաստանի արեւմտյան մասում: Մարդկության դեմ այդ ոճրագործությունը կատարած պետությանՙ Օսմանյան Թուրքիայի հստակ մատնանշում, ինչպես նաեւ նրա իրավահաջորդիՙ Թուրքիայի Հանրապետությանՙ Հայոց ցեղասպանությունը ժխտելու եւ Հայաստանի դեմ թշնամական գործողություններ (շրջափակում, քարոզչական պատերազմ, դիվանագիտական հարաբերություններից հրաժարում, Ադրբեջանին ռազմական օգնություն եւ այլն) իրականացնելու աներկբա դատապարտում: Թուրքական պետության պատասխանատվության ճանաչում հայկական պետությանՙ որպես հայ ժողովրդի շահերի վերջնական արտահայտիչի եւ ներկայացնողի, առջեւ, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությանը փոխհատուցելու անհրաժեշտության ընդունում (խոսքը, նախ եւ առաջ, տարածքային փոխհատուցման մասին է): Նման բանաձեւերում ցեղասպանության հետեւանքների եւ տարածաշրջանի ներկա աշխարհաքաղաքական դրության, մասնավորապես Հայաստանի անվտանգության խնդրի միջեւ կապի ապահովումը, այլ կերպ ասածՙ Հայաստանի եւ տարածաշրջանի անվտանգության վրա ցեղասպանության բացասական ներազդեցության ճանաչումը:

Բանն այն է, որ Հայոց ցեղասպանությունը հայերի գոյատեւման համար ստեղծել է տարածքային խնդիրՙ նրանց կենսատարածքը սեղմել-հասցնելով կրիտիկապես վտանագավոր չափերի: Ճիշտ ա՛յդ տեսանկյունից է պետք դիտարկել նաեւ Արցախի ազատագրումը (որի շնորհիվ Հայաստանի սահմանները ձեռք բերեցին պաշտպանունակություն եւ ռազմավարական նվազագույն անհրաժեշտ խորություն), ինչպես նաեւ Ջավախքի հայության անվտանգ զարգացման ապահովումը:

ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆ, Քաղաքագիտության դոկտոր, «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4