«Ազգը» իր ընթերցողներին տեղեկացրել է մայր հայրենիքում տոնվող Թեքեյան մշակութային միության հիմնադրման 60-ամյակին նվիրված միջոցառումների մասին: Երեկ առավոտյան Ամերիկայի եւ Կանադային Թեքեյան մշակութային միության անդամները այցելեցին Մեծ եղեռնի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցեցին անմեղ զոհերի հիշատակին: Քիչ անց անմար կրակի շուրջը զարդարվեց սպիտակ մեխակներով ու հնչեցին հոգեւոր երգեր: Տերունական աղոթքից հետո թեքեյանցիները լռակյաց քայլեցին դեպի Լռության պատը, ամեն մեկը նկարվեց հենց այն տարածքը ներկայացնող հուշապատի մոտ, որտեղից տեղահանվել ու մազապուրծ էին եղել նրանց պապերն ու տատերը: Ցեղասպանության թանգարանի սրահներում մանրամասն բացատրություններ լսելուց հետո թեքեյանցիները իրենց համեստ ներդրումը արեցին` նոր ցուցանմուշներ հայթայթելու համար եւ գրառումների մատյանում թողեցին խոնարհումի խոսքեր:
Քիչ անց թեքեյանցիները այցելեցին Մալաթիա-Սեբաստիա համայնքում գտնվող Վահան Թեքեյանի անվան կրթօջախ, ուր նրանց գրկաբաց սպասում էին:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ