«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#182, 2007-10-06 | #183, 2007-10-09 | #184, 2007-10-10


ՕԿՐՈՒԱՇՎԻԼԻՆ ՀԵՌԱՆՈՒՄ Է ԵՐԿՐԻՑ, ՊԱՏԱՐԿԱՑԻՇՎԻԼԻՆ` ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ

Վրաստանում ընդդիմադիր լինելը դառնում է անհեռանկարային

Արդեն երկրորդ օրը 6 միլիոն դոլար որպես գրավ վճարելուց հետո կալանքի տակ չէ Վրաստանի պաշտպանության նախկին նախարար, նախագահ Սաակաշվիլու նախկին մտերիմ ու համախոհ Իրակլի Օկրուաշվիլին: Նման թանկ եւ այն էլ ժամանակավոր ազատության համար, վրացական աղբյուրների համաձայն, թեեւ դրամահավաք սկսվել էր, սակայն Օկրուաշվիլին վճարել է իր գրպանից, որում հայտնված գումարներն էլ, ըստ էության, նրան ներկայացվող մեղադրանքի հիմքն են կազմում: Ընդ որում, գրավի մի մասն, ըստ Օկրուաշվիլու փաստաբանի, վճարվել է դրամով, մյուս մասը` գույքով:

«Ազգը» երեկ տեղեկացրել է հնարավոր այն կապի մասին, որ կարող է լինել Օկրուաշվիլու հայտարարությունների, առավել եւս նախաքննական ցուցմունքների ու Վրաստանում հայտնի գործարար, թերեւս ամենամեծ միջոցներին տիրապետող Բադրի Պատարկացիշվիլու միջեւ: Վերջինս, համառորեն պտտվող լուրերի համաձայն, արդեն իսկ հեռացել է Վրաստանից այն դեպքում, երբ երկրի նախագահին մեղադրող հայտարարություններից հրաժարվելու ժամանակ, ըստ նախաքննական մարմինների, Օկրուաշվիլին նշել է Պատարկացիշվիլու հետ համաձայնեցված գործելու մասին:

Ավելին, արդեն իսկ վրաց իշխանական կուսակցության որոշ ներկայացուցիչներ հայտարարել են, թե Վրաստանում հնարավոր է դարձել կանխել լավ ծրագրված մի դավադրություն, որի հեղինակը եղել է Բադրի Պատարկացիշվիլին: Ընդ որում, վերջինս իբր Օկրուաշվիլուն խոստացել է աջակցություն ի դեմս իր սեփականություն «Իմեդի» հեռուստաընկերության:

Ինչ վերաբերում է Իրակլի Օկրուաշվիլուն, ապա վերջինս կալանքից ազատվելուց հետո նախընտրել է չշփվել լրատվամիջոցների հետ, ոչ մի հայտարարություն չի արել, որեւէ կերպ ոչ հաստատել, ոչ էլ հերքել է նախաքննական մարմինների այն պնդումները, թե ինքը հրաժարվել է Սաակաշվիլու դեմ արված հայտարարություններից եւ դրանք որակել քաղաքական դիվիդենտներ ստանալու տարբերակ, այլ ոչ իրականություն:

«No comment» տարբերակով գիշերվա ժամը 1-ին գրավ մուծած Օկրուաշվիլու առնչությամբ հենց Պատարկացիշվիլուն պատկանող «Իմեդի» հեռուստաընկերությունը տեղեկացրել է, թե Վրաստանի պաշտպանության նախկին նախարարը լքել է Վրաստանը անհայտ ուղղությամբ, իր ընտանիքի հետ: Միեւնույն ժամանակ, նույն հեռուստաընկերությունը տեղեկացրել է, որ Բադրի Պատարկացիշվիլին իսկապես եղել է Լոնդոնում եւ պատրաստվում է վերադառնալ Թբիլիսի:

Ամեն դեպքում, «Իմեդին» փոխանցել է, թե Պատարկացիշվիլին անլուրջ է համարել Լոնդոն իր մեկնելու հրատապության մեկնաբանությունները: Գործարարն արդեն իսկ հերքել է իր հետ խորհրդակցելու մասին Օկրուաշվիլուն վերագրվող հայտարարությունները: Իսկ մինչ այդ Թբիլիսիում գործարար Պատարկացիշվիլուն դավադրության մեջ մեղադրողները պատրաստվում են հեռացնել նրան Վրաստանի օլիմպիական հանձնաժողովի նախագահի պաշտոնից:

Հետաքրքրական իրավիճակ է ստեղծվում Վրաստանում, երբ իշխանության եկած նախկին ընդդիմադիր Սաակաշվիլու կառավարման ընթացքում վրաց ընդդիմությունը ոչ մի կերպ այլեւս չի կարողանում վերագտնել իրեն, ավելին, մի տեսակ չկայացած վիճակում է հայտնվել, որը ոչ մի առաջընթաց չի ենթադրում: Բոլոր նրանք, ովքեր հայտնվում են ընդդիմադիր ներկայացող էշելոնի սկզբնամասում, անպայման հեղինակազրկվում են կարճ ժամանակահատվածում, այնուհետեւ արդեն կրկին ու կրկին ընդդիմությունը մնում է անդեմ:

Թերեւս ընդդիմադիր կեցվածքով հեղինակություն ձեռք բերելու, առավել եւս, այն որեւէ կերպ օգտագործելու հարցում հաջողության հասած Սաակաշվիլին հստակ պատկերացնում է նույն ընդդիմադիր շարժումները հենց սկզբից չեզոքացնելու մեխանիզմների գործադրման սխեման: Մյուս կողմից, արդեն որերորդ անգամ Սաակաշվիլու նախկին թիմակիցներն են հենց դառնում ընդդիմության համար համախմբման միջոց:

Ամեն դեպքում, վրաց ընդդիմադիրները դեռեւս պատրաստվում են ցույցեր ու հավաքներ կազմակերպել: Բայց քանի որ մի կարճ ժամանակահատված համախմբման առանցք դարձած Իրակլի Օկրուաշվիլին, ամենայն հավանականությամբ, հեռացել է Վրաստանից եւ երեւի թե այդ որոշումը չի պարունակում անհապաղ վերադառնալու ցանկություն, ապա կարելի է փաստել, որ վրացական ընդդիմությունը, մեզանից էլ տխուր իրականությամբ, գուցե թե կրկին խնդիր ունի լիդերության:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4