«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#182, 2007-10-06 | #183, 2007-10-09 | #184, 2007-10-10


ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԸ ԹԵՂՈՒՏԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿՈՂՄՆԱԿԻՑ Է

Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ցուցանիշները ներկայացրեց եւ լրագրողների արծարծած խնդիրների մասին երեկ խոսեց առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության հանքարդյունաբերության վարչության պետ Արթուր Աշուղյանը: Համաձայն նրա ներկայացրած տվյալների, այս ոլորտում 2007-ի առաջին 9 ամիսներին արձանագրվել է արտադրության 7-8 տոկոսի միջին աճ: Մոտ 6 տոկոսով էլ ավելացել է արտահանումը: Թողարկվել է 170 մլրդ դրամի արտադրանք, արտահանվելՙ 113 մլրդ դրամի:

Շինանյութերի արտադրությունն ավելի մեծ աճ է արձանագրելՙ 14 տոկոսով, իսկ արտահանումն ավելացել է 25 տոկոսով: Թողարկված 15 մլրդ դրամի արտադրանքից 8,8 մլրդ դրամի արտադրանքն արտահանվել է: Շինանյութերի արտահանման մեջ գերակշռում է ցեմենտը: Հանքարդյունաբերության եւ շինանյութերի արտադրության ոլորտներում առաջատար ընկերություններն են «Այ Էմ Փին», «Դինո գոլդ մայնինգը», «Մաքուր երկաթի գործարանը», «Արարատցեմենտը»:

Առանձին, առավել խոշոր նախագծերի մասին խոսելով, Արթուր Աշուղյանը հայտնեց, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում շարունակվում է արդիական սարքավորումներով արտադրության վերազինումը: Անցած երկու տարիներին այստեղ կատարվել են 120 մլն դոլարի ներդրումներ, այս տարի նախատեսվում է ներդնել եւս 60 մլն դոլար: Դա նշանակում է, որ այստեղ ներդրումային ծրագրերը կատարվում են առաջանցիկ տեմպերով: Հաջորդ փուլում նախատեսվում է սկսել ձուլարանի կառուցումը, որը հնարավորություն կտա ստանալու մաքուր պղինձ:

Լրագրողների հարցերին պատասխանելով, հանքարդյունաբերության վարչության պետն առավել հանգամանորեն կանգ առավ Թեղուտի հանքավայրի շահագործման հարցի վրա: Նրա հավաստմամբ, այդ հանքավայրը Հայաստանում երկրորդ խոշոր պղնձամոլիբդենային հանքավայրն է Զանգեզուրի հանքավայրից հետո, նրա պաշարները կազմում են Զանգեզուրի պաշարների մոտ 60 տոկոսը: «Երկու մեծ հանքավայրեր ունենալը միայն ապահովություն կբերի մեզ», նշեց Արթուր Աշուղյանը, ավելացնելով, որ դա կզարգացնի մեր հումքային բազան: Նա միաժամանակ այն կարծիքը հայտնեց, որ այդ հանքավայրի շահագործման համար առնվազն 150 մլն դոլարի ներդրումներ են անհրաժեշտ:

Այն հարցին, թե հանքավայրի շահագործման օգուտներն ու դրա պատճառած բնապահպանական եւ սոցիալ-տնտեսական վնասները համադրվե՞լ են, վարչության պետը պատասխանեց, որ պետությունը պարտավոր է հավասարակշռել բնապահպանական եւ տնտեսական կողմերը, եւ իրեն հայտնի է, որ բնապահպանության նախարարությունը իր համաձայնությունը տվել է այդ հանքավայրի շահագործմանը: Ի դեպ, առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության վարչության պետի հայտնած այս տեղեկությունն արմատապես հակասում էր բնապահպանական նախարարության երկրաբանության վարչության պետի մի քանի օր առաջ մամուլի ասուլիսում հայտնած այն տեղեկությանը, որ նախարարությունը դեռ վերջնական համաձայնություն չի տվել հանքավայրի շահագործմանը:

«Ինչո՞ւ հանքը հնարավոր չէ շահագործել փակ եղանակով, հատկապես եթե նկատի ունենանք մետաղների գների աննախադեպ բարձրացումը միջազգային շուկայում», մեր հարցի առնչությամբ Արթուր Աշուղյանը պատասխանեց, որ «միջազգային գները վաղը կարող են փոխվել», իսկ ներդնողը պետք է շահույթ ստանա: Ի դեպ, սա եւս մեկ վկայություն է, որ այդ հանքավայրի շահագործումից միակ շահողը կլինի շահագործող ընկերությունըՙ ACP-ն, իսկ տուժողըՙ մենք բոլորս: Իսկ որ վերոնշյալ ընկերությունը դեռ 9-10 տարի առաջ զանազան խոստումներ էր տալիս, որոնք եթե իրականություն դառնային, արդեն այսօր պետք է մաքուր պղինձ ստանայինքՙ Արթուր Աշուղյանը պատասխանեց, որ այդ հարցը պետք է ուղղել խոստում տվողներին, կարծես թե մոռանալով, որ այդ ընկերության գործունեությանը հավանություն էր տվել հենց նույն նախարարությունը: Այդուհանդերձ, Արթուր Աշուղյանը կողմնակից է, որ հանքավայրը շահագործվի եւ հումքը վերամշակվի: Սակայն, նրա համոզմամբ, այդ աշխատանքները շատ ծանր են, հարկ կլինի ստեղծել նաեւ ենթակառույցներ, ինչը առնվազն երկու տարի կտեւի:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4