Արեւմտահայ բանաստեղծ Վահան Թեքեյանի մահից երկու տարի անցՙ 1947 թվականին նրա համախոհներն ու ընկերները Բեյրութում հիմնադրեցին Թեքեյան մշակութային միությունը (ԹՄՄ): Նպատակ ունեին ստեղծելու մշակութային այնպիսի միջավայր, որում հայ երիտասարդությունը վերագտնի իր արմատները: Այս մասին երեկ Մամուլի ազգային ակումբում խոսեց ԱՄՆ եւ Կանադայի ԹՄՄ կենտրոնական վարչության ատենապետ Հարություն Արզումանյանը, հավելելով, որ կազմակերպությունն այսօր էլՙ հիմնադրումից 60 տարի անց, հայապահպանության խնդիրներ է լուծումՙ իրականացնելով մշակութային, կրթական, հրատարակչական ծրագրեր: Տասնյակից ավելի եւ տարբեր անվանումներով գործող ԹՄՄ միավորները նույն գործն են իրականացնում տարբեր հայաշատ երկրներում եւ համաշխարհային վարչական միավոր չունենալով, պահպանում են գործնական ու բարոյական կապեր:
Սակայն բոլոր ջանքերը ցանկալի արդյունք չեն բերում հայոց լեզուն սփյուռքի երիտասարդության շրջանում գործածելի պահելու հարցում. «Միջավայրի ազդեցությունը զորեղ է եւ սփյուռքում հայոց լեզուն նահանջ կապրի: Հայկական վարժարան անցած երիտասարդներ լավագույն պարագային երկու լեզվով կխոսին իրարու հատ: Սա չի նշանակեր սակայն, թե հայոց ոգին նահանջի մեջ է: Երկրաշարժեն ու Արցախյան պատերազմեն հետո ոգիի արթնացում ունինք», ներկայացրեց Հարություն Արզումանյանը:
Նույն հարցի առնչությամբ ԹՄՄ փոխատենապետ Երվանդ Ազատյանը ասաց. «Առանց Հայաստանի հայապահպանումը, հատկապես հայոց լեզվի պահպանումը անհնար է: Սփյուռքի մեջ արեւմտահայերենի մասնագետներ պատրաստող հաստատություն մը չկա: ԱՄՆ-ի մեջ մեծ գումարներ հատկացված են հայագիտական ամբիոններին, բայց ադոնք ցարդ ուսուցիչ չեն տված, որը հայերեն դասավանդեր մեր վարժարաններուն մեջ: Իսկ այդ մասնագետներուն պատրաստումը հայապահպանման ամենեն կարեւոր ծրագիրը կարող է ըլլալ: Դժբախտաբար այսօր հայկական հարուստ կազմակերպությունները կըսենՙ հայոց լեզուն նահանջ կապրի, նայինք ոգին փրկելու: Ես կհավատամ, որ մեր ազգապահպանումը այնքան առաջացած կըլլա, որքան կարողանանք հետաձգել այդ դասալքությունը»:
Հարություն Արզումանյանը կարեւորեց նաեւ ինտերնետի հնարավորությունները հայերենով առավելագույնս օգտագործելու համար հայերեն տառատեսակի ստանդարտների ստեղծումը եւ սփյուռքի հայկական մամուլի համար հասանելի դարձնելը: Երվանդ Ազատյանն էլ ընդգծեց, որ արեւմտահայերենը որպես արժեք կորցնելիք չէ. «Ո՞վ տեր պիտի կանգնի արեւմտահայ լեզվին: Հայաստանը իհարկե: Մեր հարստությունն է եւ եթե օր մը պիտի երթանք միասնական լեզվի եւ ուղղագրության, այսօր վատնվող հարստության հատկապես պիտի տեր ըլլանք եւ հատկապես Հայաստանի մտավորականությունը»: Բանախոսների փաստմամբ, այսօր արեւմտահայերենն իր հարստությամբ արդեն շատ քչերի սեփականությունն է եւ հիմնականում օգտագործելի է խոսակցական կենցաղային մակարդակում, ինչն արդեն կորուստ է: Լեզվական պատնեշը դժվարություններ է ստեղծում նաեւ հայկական իրականությանը հայ երիտասարդներին մասնակից դարձնելու գործում նույնպես: Անդրադառնալով Հայաստան-սփյուռք կապերին, բանախոսներն անհամեմատելի համարեցին Հայաստանի անկախացմանը նախորդած ու հաջորդած ժամանակահատվածները, բայց եւ ներկայիս դժվարությունների շարքում նշեցին մշակույթի գործիչների միջին մակարդակի հասանելիությունը սփյուռքին. «Մեծ հռչակի ու բարձրակարգ հայ արվեստագետները այսօր Հայաստանեն դուրս կգործեն եւ սփյուռքի կարիքը չունին, հետեւաբար սփյուռքն ալ որպես գաղութ չի կրնար օգտվիլ անոնց արվեստեն: Հասանելի կըլլա միջին մակարդակը, ինչը եւ կպահանջե մեծամասնությունը», հավաստեց Երվանդ Ազատյանը:
Չերկատվենք
Ի պատասխան լրագրողների հարցերին Երվանդ Ազատյանն անդրադարձավ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան նշանակելու խնդրում սփյուռքի հայկական կազմակերպությունների դիրքորոշումներին. «Հոգլանդը, ում թեկնածությունը այդ պաշտոնում տապալվեց, Հայաստանին դեմ անձ չէ: Էվանսի հետ կատարվածը տեսնելով նա չի ասիՙ «Իմ երկիրը պետք է ազնվորեն ընդունի Հայոց ցեղասպանությունը», գլուխը պատին չի կարող տալ: Պիտի ասի այն, ինչ թելադրել է Բուշի վարչակազմը: Հայկական կազմակերպությունները չպետք է տարբեր ուղղություններով աշխատեն: Մինչդեռ ԱՄՆ հայկական համագումարն ասացՙ պետք չէ Հոգլանդին պաշտպանել, Հայ դատի հանձնախումբն էլ հակառակը պնդեց: Սա ԱՄՆ կառավարության աչքին երկատվածության ապացույց է, թերեւս սա իրենց դասավորած քաղաքական խաղն էր հայկական քաղաքական կամքի միասնականության դեմ: Եվ մինչեւ օրս դեսպան նշանակված չէ»:
Ավելի, քան արժե, չոգեւորվենք
Այսօր Հայոց ցեղասպանության առնչությամբ ԱՄՆ կոնգրեսում քննարկվելիք 106-րդ բանաձեւը, Երվանդ Ազատյանի կարծիքով, իրավական եւ քաղաքական նշանակություն չունի: Այն ընդամենը խորհրդանշական է եւ արժանանում է հայության չափազանցված ոգեւորությանը, իսկ Թուրքիան ընկալում է ԱՄՆ կողմից իրեն հասցվող ապտակ: «Մինչդեռ ցեղասպանության հարցըՙ մեր ժողովրդի արյան կտակը քաղաքական սակարկության մեջ է»:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ