Երեկ «Մհեր Մկրտչյան» թատրոնում հավաքվել էին բեմական արվեստի ներկայացուցիչներՙ նշելու հայտնի դերասանուհի Լալա Մնացականյանի հոբելյանը: Երեկույթին ցուցադրվեցին հատվածներ դերասանուհու բեմական կյանքից: Երեկույթը վարող Հակոբ Ռուբինյանը փորձում էր ավելի հետաքրքրական դարձնել այն: Ինչեւէ, երեկոն ընթանում էր, իսկ մերթընդմերթ տեխնիկական թերություններն էլ ավելի հետաքրքիր ընթացք էին տալիս միջոցառմանը: Երգով-պարով հանդես եկող թատրոնի սաները անակնկալ մատուցեցին դերասանուհուն, անմասն չմնաց նաեւ Լալայի ամուսինը: Վերջինս կնոջը նվիրեց դերասանուհու անվան լոգոյով մի շղթա, որը երեւի ամենաթանկ նվերն էր Լալայի համար: Ալմա անունով շնիկը նույնպես ներկա էր իր տիրուհու երեկույթին: Ի դեպ, չորքոտանու անունը դերասանուհու ընտանիքի անդամների գլխատառերից է կազմված:
«Լալան ինձ համար առաջին հերթին ազնիվ անձնավորություն է, նեղության պահին հասնող մարդ, անգնահատելի մի երեւույթ, որի հետ բեմ բարձրանալը մեծ պատիվ է բոլորիս համար», նկատեց դերասան Աշոտ Ղազարյանը: Փիլիսոփայական շնորհավորանքի խոսքեր շշնջացին Լալայի ականջին Ալբերտ Մկրտչյանի կողմից: Վերջինս երեւի չցանկացավ բացի Լալայից ուրիշ մեկն էլ լսեր իր շնորհավորանքը:
- Շնորհակալ եմ բոլոր նրանցից ում աջակցությամբ իրականացավ այս երեկույթը, ասաց հոբելյարը: Ճիշտն ասած զզվում եմ արդեն այն օրից, երբ գալիս է ծնունդս, ամուսնուս ասացի, որ չեմ գալու երեկույթին, նա էլ թեՙ վերցրու հրավիրատոմսը, կուզես արի կամ մի արի,- ասաց ծերությունից վախեցող դերասանուհին: Հայկական ավանդույթի համաձայն: Տոնական սեղանի շուրջ, Լալա Մնացականյանը հյուրերին ծանոթացրեց իր նոր բացված կայքէջին: Կայքէջում հնարավոր է ծանոթանալ դերասանուհու անցած ողջ բեմական կյանքին, ինչպես նաեւ ընտանիքի առօրյային:
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ