Երեւանում ընթացող շախմատի մինչեւ 20 տարեկան պատանիների եւ աղջիկների աշխարհի առաջնության 7-րդ տուրում միանձնյա առաջատար Վերա Նեբոլսինան, որ նախորդ 6 տուրերում միայն հաղթանակներ էր տոնել, առաջին կես միավորը կորցրեցՙ ոչ-ոքի խաղալով Դրոնավալի Հարիկայի հետ: Թեեւ մասնակի այդ անհաջողությանը, 7 տուրից հետո Նեբոլսինան 6,5 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել աղյուսակը: 2-րդ տեղը 6 միավորով զբաղեցնում է Սաբրինա Վեգան, որը հաղթեց Սարահ Հոլկին:
Հայ շախմատիստուհիներից առայժմ բոլորից հաջող է հանդես գալիս Ռուսաստանը ներկայացնող Տաթեւիկ Հայրապետյանը, որն ունի 5 միավոր: Նա հաղթեց Բելա Քոթենաշվիլուն: Համառ պայքար էր ծավալվել ԱՄՆ-ում բնակվող Տաթեւ Աբրահամյանի եւ Աննա Հայրապետյանի միջեւ: Երկարատեւ պայքարից հետո գրանցվեց ոչ-ոքի: Երկու շախմատիստուհիներն էլ վաստակել են 4,5-ական միավոր: Ուկրաինան ներկայացնող Դիանա Հարությունովան հաղթեց Լիա Մարտիրոսյանին եւ վաստակեց 4,5 միավոր: Տուրը հաջող էր Մարինե Գրիգորյանի, Անահիտ Խառատյանի, Լուսինե Կարապետյանի, Դիանա Մնացականյանի, Իրինա Գեւորգյանի եւ Արյուսակ Կարխանյանի համար, որոնք իրենց օգտին հաղթական միավորներ գրանցեցին: Ճիշտ է, թվարկած այս շախմատիստուհիները տեղ են զբաղեցնում աղյուսակի միջին հորիզոնականներում:
Պատանիների մրցաշարում վերջինն ավարտվեց 5-ական միավորով աղյուսակը գլխավորող ֆիլիպինցի Վեսլեի եւ եգիպտացի Ադլիի պարտիան: Հաղթեց սեւերով խաղացող եգիպտացի գրոսմայստերը, որն էլ 6 միավորով միանձնյա գլխավորեց աղյուսակը: Հաջող է խաղում Ավետիք Գրիգորյանը, որը ոչ-ոքի խաղաց մրցաշարի ամենաբարձր վարկանիշն ունեցող չին գրոսմայստեր Հաո Վանգի հետ եւ վաստակեց 5 միավոր: Հրանտ Մելքումյանի եւ Արման Փաշիկյանի մրցավեճում եւս խաղաղ դաշն կնքվեց: Նրանք ունեն 4,5-ական միավոր: Մի խումբ շախմատիստներ վաստակել են 5 միավոր եւ հետապնդում են առաջատարին: Նրանցից առջեւում է գտնվում Վիկտոր Լազնիչկան, որը հաղթելով Աշվինին, վաստակեց 5,5 միավոր:
Հայ շախմատիստներից հաղթանակ տոնեցին Հայկ Թամազյանը, Տիգրան Մամիկոնյանը, Դավիթ Քալաշյանը, Դավիթ Գեւորգյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը: Այսօր մրցաշարի մասնակիցները կհանգստանան: Առաջնության կազմակերպիչները նրանց համար էքսկուրսիա են կազմակերպել Էջմիածին:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ