Այդ առթիվ մտահոգ են նաեւ ԼՂՀ խորհրդարանում
ԼՂՀ խորհրդարանը երեկվա լիագումար նիստում ի գիտություն ընդունեց կառավարության առաջին կիսամյակում պետբյուջեի կատարման մասին տեղեկատվությունը, որը պատգամավորներին ներկայացրեց կառավարության լիազոր ներկայացուցիչ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը: Նախարարի մատուցմամբ` առաջին կիսամյակում նախատեսված բոլոր ծրագրերն ամբողջությամբ ապահովվել են: Նույնը հաստատեցին նաեւ ԱԺ Վերահսկիչ պալատի նախագահ Էդուարդ Բարսեղյանը եւ խորհրդարանի ֆինանսաբյուջետային ու տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բենիկ Բախշիյանը:
Տեղեկացնենք, որ նոր կառավարության գործունեության ծրագիրն ԱԺ ներկայացնելու վերջին ժամկետը հոկտեմբերի 15-ն է, որի մասին նիստում հիշեցրեց ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:
Խորհրդարանին ներկայացվեցին նաեւ ԱԺ երկու պատգամավորների` ներկայումս ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի եւ Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավարի պաշտոնում նշանակված Սերգեյ Օհանյանի` պատգամավորական լիազորություններից հրաժարվելու դիմումները: Նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ զբաղեցրած պաշտոնից հրաժարվելու դիմում էր ներկայացրել նաեւ ԱԺ պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռուդոլֆ Մարտիրոսյանը: Կանոնակարգով նախատեսված ժամկետներում դիմումը հետ չվերցնելու դեպքում խորհրդարանը կընդունի նրանց հրաժարականները: Պատգամավորական լիազորությունների դադարեցման կապակցությամբ` Ստեփանակերտի թիվ 4 եւ Մարտակերտի թիվ 15 ընտրատարածքներում պետք է տեղի ունենան նոր ընտրություններ:
Ի դեպ, Արայիկ Հարությունյանը խորհրդարանում ներկայացնում էր «Ազատ հայրենիք», իսկ Սերգեյ Օհանյանը` Արցախի ժողովրդավարական կուսակցությունը, եւ դժվար է ասել, թե ԱԺ քաղաքական ուժերի դասավորվածությունում ինչ փոփոխություն կարձանագրեն երկու ընտրատարածքներում անցկացվելիք ընտրությունները:
Խորհրդարանի օրակարգով նախատեսված էին նաեւ պատգամավորների հայտարարություններ, սակայն զարմանալիորեն ոչ մի պատգամավոր հանդես չեկավ հայտարարությամբ:
ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը եւս մի պասսիվ երեւույթի մասին արտահայտվեց: Բանն այն է, որ ԼՂՀ ոչ կառավարական կազմակերպություններն անօրինակ նվազ հետաքրքրություն են ցուցաբերում հոկտեմբերի 14-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների գործընթացի նկատմամբ: Նա առաջարկեց պատգամավորներին` խորհրդարանի անունից դիմել հանրապետության հասարակական կազմակերպություններին, որպեսզի ՀԿ-ներն ակտիվություն դրսեւորեն ՏԻՄ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու գործում: Առաջարկությունն ընդունվեց:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ