«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#183, 2007-10-09 | #184, 2007-10-10 | #185, 2007-10-11


ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ՈՒ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ԵՆ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԲԱՅՑ ՉԵՆ ՓՈԽԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԵՍԱԿԵՏՆԵՐԸ

«Այս անգամ, որ հանդիպեցինք, դա պատահականություն էր, բայց նաեւ իր նախաձեռնությունն է, որովհետեւ մենք Սամսոն Ղազարյանենց տանը վերջերս ժամանակ առ ժամանակ հավաքվում էինք, մեկ-մեկ հիշողություններով էինք զբաղվում: Այս անգամ Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ ցանկացավ գալ, ես էլ ողջունեցի իր գալը: Նստեցինք, խոսեցինք որոշ հարցերի մասին, որեւիցէ պարտավորություն իրար նկատմամբ չվերցրեցինք, որեւէ պայմանավորվածության չեկանք: Բայց վերականգնվեցին մարդկային հարաբերությունները, որոնք խախտված էին այս 14-15 տարիների ընթացքում», երեկ «Ուրբաթ» ակումբում իր եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հոկտեմբերի 8-ին կայացած հանդիպման մասին ասաց ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանի տանը հանդիպել էին Լեւոն Տեր-Պետրոսյանը, Վազգեն Մանուկյանը, Աշոտ Մանուչարյանը եւ Ալեքսանդր Արզումանյանը:

ԱԺՄ նախագահի խոսքով, հանդիպման ժամանակ ինքն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը վիճել են որոշ հարցերում: «Առաջինը մի խոսակցություն եղավ, որը մենք չխորացրինք: Ես առաջ ասել էի, որ 1994-ին ձեւավորվել է այս մոդելը եւ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը զբաղված են այդ մոդելի խորացմամբ: Այսինքն, իրենք չեն հնարել այս մոդելը: Լեւոն Տեր-Պետրոսյանը կտրականապես դեմ էր այդ մտքին, բայց մենք չուզեցինք խորացնել այդ վիճաբանությունը», նշեց Վազգեն Մանուկյանը, միաժամանակ շեշտելով, որ առաջին նախագահի հետ իրենք վիճել են նաեւ 1996-ի դեպքերի մասին: Նրա խոսքով, 1996-ի ընտրության համար պետք է մեկնումեկը պատասխան տա, եւ այդ հարցը չի սահմանափակվում իրար ներել-չներելով. «Ինձ հարցնում են. դուք իրար ներո՞ւմ եք, թե՞ չեք ներում: Բայց այստեղ անձերի հարց չի: Այն, ինչ կատարվեց 1996 թվականին, ցնցում էր եւ փոխեց ամբողջ Հայաստանի կյանքը: Ես համոզված եմ, որ ես եմ հաղթել, ինքը համոզված է, որ ինքն է հաղթել: Բայց մեկնումեկն այստեղ պատասխանատու է, չէ՞, իրավիճակի համար»: Նշված դեպքերի համար պատասխան տալու մասին խոսելիս, ԱԺՄ նախագահը մատնանշեց այլ երկրների փորձը, որտեղ բարձրաստիճան պաշտոնյաները, թեկուզ իրենց պաշտոնավարումից բավական ժամանակ անց, ստիպված են լինում պատասխան տալ օրենքի առաջ. «Մեծ մասամբ դա խորհրդանշական է լինում, այսինքնՙ հետապնդում, հալածանք չի լինում, բայց հասարակությունը հասկանում է, որ ամեն մի ոտնձգություն հասարակության, օրենքի հանդեպ ինչ-որ տեղ պատժվելու է: Ես շատ կուզեի, որ Հայաստանը լինի այդպիսի պետություն, անկախ նրանից, դա իրեն է վերաբերում, թե ուրիշներին»:

Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձի նպատակահարմարությունը Վազգեն Մանուկյանը չցանկացավ քննարկել, նշելով, որ դա Տեր-Պետրոսյանի որոշելիքն է: Իսկ առաջին նախագահի տասնամյա լռության մասին Վազգեն Մանուկյանն իր անձնական կարծիքը հայտնեց: Նրա խոսքով, ով էլ լինի առաջին նախագահը, նա չի կարող ասել, որ վերջացրել է իր գործունեությունը, այդ պատասխանատվությունը շարունակվում է մինչեւ կյանքի վերջ. «Նորմալ երկրներում առաջին նախագահը պետք է այս կամ այն ձեւով օգտագործի իր ստատուսն այլ երկրների հետ շփումների ժամանակ, որպեսզի նպաստի ազգային խնդիրների լուծմանը»:

ԱԺՄ նախագահը հայտարարեց, որ անկախ նրանից, թե ում դեմ է ինքը պայքարել կամ կպայքարի, ատելություն որեւէ մեկի նկատմամբ չի ունեցել. «Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ պայքարել ենք, ես սրտումս ատելություն նրա նկատմամբ չեմ ունեցել: Ռոբերտ Քոչարյանի դեմ պայքարել ենք, ես նրա նկատմամբ ատելություն չեմ ունեցել: Սերժ Սարգսյանի դեմ կպայքարենք, էլի ատելություն չեմ ունենա»: Վազգեն Մանուկյանը շեշտեց, որ ինքն առհասարակ հարգանքով է վերաբերվում թե՛ քաղաքական համախոհներին, թե՛ ընդդիմադիրներին եւ թե՛ իշխանական դաշտին: Անգամ մետելիցյան հանդիպումներին մասնակցած ուժերին Վազգեն Մանուկյանը հարգանքով է վերաբերվել, թեեւ կարծել է, որ այդ հավաքները չեն կարող արդյունավետ լինել:

Միավորվելու հետ կապված հարցերին պատասխանելիս Վազգեն Մանուկյանը միայն նշեց, որ պետք է հասարակության միավորում լինի: Նրա կարծիքով, պետք է լինի մի ծրագիր, որը կստորագրի ժողովուրդը, մնացածն արդեն անձերի խնդիր չէ. անձերն ընդամենը ծրագրեր իրականացնողներ են:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4