Արդարացում կամ պատճառաբանություն միշտ կարելի է գտնել
Հայաստանաբնակների նվազագույն ծախսերն ավելացել են, որովհետեւ կարեւորագույն ու մշտական օգտագործման ապրանքներն են թանկացել: Պատասխանատուների ու գիտակների շարքն էլ բացատրություն է տվել, որ եղածը միայն Հայաստանի համար չէ, այլ բացատրվում է համաշխարհային շուկայի գների կտրուկ աճով: Մասնավորապես` հացամթերքի, ձեթ-կարագ-կաթնամթերք խմբի ապրանքների գների աճի խնդրին առնչվում են բոլոր երկրները, համաշխարհային շուկաներում այդ ապրանքախմբերի գները կտրուկ բարձրացել են, Ռուսաստանում, օրինակ, շուրջ 80 տոկոսով: Հայաստանը հացահատիկի շուրջ 60 տոկոսը ներմուծում է, եւ դա չէր կարող չանդրադառնալ նաեւ Հայաստանի գների մակարդակի վրա: Այս բացատրությունը ի պատասխան լրագրողների հարցի, երեկ ԱԺ-ում բարձրաձայնեց Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանըՙ հիշեցնելով. «ԿԲ-ն անցած տարվա հունվարի 1-ից անցել է գնաճի նպատակադրման ռազմավարությանը: Հաճախ հասարակության մեջ թյուրըմբռնում է առաջանում գնաճի եւ սպառողական գների վերաբերյալ: Այսօր սպառողական գների ինդեքսը, որը հաշվարկում եւ հրապարակում է վիճակագրական ծառայությունը, գտնվում է մեր ծրագրային ցուցանիշների շրջանակում, եւ հուսով ենք, որ տարին կավարտենք մեր ծրագրային ցուցանիշների շրջանակում, այն է` 4 տոկոսանոց թիրախ` 1,5 տոկոսանոց տատանման հնարավորությամբ»:
ԿԲ նախագահը տեղեկացրեց նաեւ, որ սպառողական գների ինդեքսի մեծ պոտենցիալ է կուտակվում, ինչը լուրջ հիմնախնդիրներ է ստեղծում ԿԲ-ի համար. «Պետք է կարողանանք ճիշտ գնահատել գնաճային ճնշումները եւ երկարաժամկետ հատվածում ձեռնարկել այնպիսի միջոցառումներ, որ 12 ամսվա կտրվածքով կարողանանք զսպել գների աճը Հայաստանում: Այսօրվա մեր ուսումնասիրությունները հույս են ներշնչում, որ ընդհանուր առմամբ սպառողական գների ինդեքսը կկարողանանք պահել ծրագրային ցուցանիշների ներքո: Միաժամանակ պետք է նշեմ, որ ընդհանուր առմամբ ավելի բարձր սպառողական գների ինդեքսի անցնելը պետք է մեզ հնարավորություն տա կառավարելու այդ ինդեքսը` հաշվի առնելով արտաքին շուկաներից եկող եւ Հայաստանում նկատվող գնաճային ճնշումները, որոնք առաջանում են բարձր տնտեսական աճի պայմաններում: Վերջին տարիների ընթացքում բարձր տնտեսական աճը զուգորդվել է նաեւ քաղաքացիների եկամուտների աճով, բնականաբար` եկամուտների արագ տեմպերով աճը պարունակում է գնաճային ճնշումներ»:
Հիմնավորելով ԿԲ վերջին հաղորդագրությունում առկա պնդումը, թե բյուջեի ծախսային քաղաքականությունը գնաճի վրա ընդլայնողական ազդեցություն է թողնում, Տիգրան Սարգսյանը ասաց. «Բյուջեի կատարման ընթացքում ունենում ենք սեզոնայնություն, մասնավորապես` առաջին եռամսյակում բյուջեին հաջողվում է գերակատարել իր ծրագիրը եկամտային եւ թերակատարել ծախսային մասով: Բնականաբար` ծախսային մասով կուտակված թերակատարումները հիմնականում կատարվում են 4-րդ եռամսյակում, երբ մեծածավալ ծախսերի իրականացման հետեւանքով ձեւավորվում են լուրջ գնաճային ճնշումներ եւ հետագայում դրսեւորվում: Այսինքն` առաջին կիսամյակում բյուջեն զսպողական ազդեցություն է ունենում գնաճի վրա, երկրորդ կիսամյակում` ընդլայնողական: Կառավարությունը պետք է կարողանա ավելի համաչափ իրականացնել բյուջետային ծախսերը: Դրա համար որոշ միջոցառումներ արդեն իրականացվել են, մասնավորապես` բյուջեի հաստատումն այսօր ավելի շուտ է իրականացնում ԱԺ-ն: Դա գործադիրին հնարավորություն կտա նախապես իրականացնելու մրցույթներ, պատվիրատուներ ունենալ, ծախսերն իրականացնել, բացել ֆինանսավորումները, որպեսզի բյուջետային ծախսումները տարվա հենց առաջին եռամսյակից ավելի լայնածավալ իրականացվեն, բայց դեռ կան ավանդույթներ, սովորույթներ` պայմանավորված ոչ միայն բյուջետային գործընթացով. տնտեսվարող սուբյեկտներն էլ արդեն ընտելացել են այդ ռեժիմին, եւ հիմա նրանց սովորեցնել, որ կարող են հունվար-փետրվարին ավելի ակտիվ լինել, քան 4-րդ եռամսյակում, դժվար է»:
Պետբյուջեն հաշվարկելիս այսուհետեւ դոլարի որեւէ փոխարժեք չի դրվելու բյուջեի հիմքում, որովհետեւ հնարավոր չէ կանխատեսել, թե ինչպիսին կլինի փոխարժեքը հաջորդ տարի: Սա էլ ԿԲ նախագահի հաջորդ տեղեկացումն էր: Դա շուկայական տնտեսությունում պետք է իրականացնեն տնտեսվարող սուբյեկտները: ԿԲ-ն էլ խնդիր ունի տնտեսվարող սուբյեկտներին կոչ անելու ավելի մեծ ուշադրություն դարձնել փոխարժեքի տատանումներին, սովորել կառավարել այդ ռիսկերը, գիտելիքներ ձեռք բերել, համապատասխան հարցադրումներով դիմել իրենց սպասարկող առեւտրային բանկերին եւ պահանջել, որ այդ բանկերը նրանց համապատասխան ծառայություններ մատուցեն: Շուկայական տնտեսությունը ենթադրում է, որ այդ տիպի գործարքները պետք է շատանան: Դա կվերացնի սխալ ազդակները, թե պետությունը կարող է փոխարժեք կանխատեսել եւ կլինի հակառակըՙ պետությունը կկողմնորոշվի շուկայի մասնակիցներից ստացվող ազդակներից:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ