Ուսումնական նոր տարվա սկզբին ուսանողությանը, գիտական եւ ընթերցող հանրությանը հաճելի ու անհրաժեշտ նվեր մատուցեցին Երեւանի պետական համալսարանի հրատարակչությունն ու Լիսաբոնի Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության հայկական բաժանմունքը: Այդ բաժանմունքի հայկական մատենաշարով լույս տեսավ «Հայ ժողովրդի պատմության քրեստոմատիայի» 1-ին հատորը: 576 էջ կազմող հատորի նյութերը վերաբերում են հայոց պատմության ամենատարբեր հարցերին, որոնք ընդգրկում են պատմական երկարատեւ ժամանակաշրջանՙ հնագույն ժամանակներից մինչեւ Ք.հ. 298 թվականը:
Ստորեւ ներկայացնում ենք մեր հարցազրույցը հատորը կազմողներից մեկիՙ Երեւանի պետական համալսարանի հայոց պատմության ամբիոնի դոցենտ Պետրոս Հովհաննիսյանի հետ:
- Պարոն Հովհաննիսյան, շնորհավորելով գրքի լույս ընծայման առիթով ու կարեւորելով այն, ցանկանում եմ ճշգրտել, թե ի՞նչ աղերս ունի այս հատորը դեռեւս 1981-ին լույս տեսած «Հայ ժողովրդի պատմության քրեստոմատիայի» 1-ին հատորի հետ, որը կազմողներից մեկը եղել եք նաեւ դուք:
- 1981-ին լույս տեսած քրեստոմատիայի 1-ին հատորը, որ կազմել էինք պրոֆ. Ա. Գ. Աբրահամյանի հետ, մոտավոր աղերս ունի նորերս լույս տեսած քրեստոմատիայի 1-ին հատորի հետ: Նախորդը ընդգրկում էր հնագույն ժամանակներից մինչեւ Ք.հ. IX դարի կեսերը, իսկ այս հատորըՙ մինչեւ Ք.հ. 298 թվականը: Անշուշտ, հարցը միայն ժամանակաշրջանի նեղացման մեջ չէ, այլ ընդգրկված նյութերի եւ հատկապես նոր, հայ պատմագիտության մինչեւ այժմ շրջանառության մեջ չգտնվող նյութերի ընդգրկման:
- Ինչպես նախորդը, այնպես էլ այս նոր հատորը կրում են հատոր 1-ին բնորոշիչը, ի՞նչ կարիք կար նորից անդրադառնալու կատարվածին եւ ոչ թե շարունակելու այնտեղից, որտեղ կանգ էր առել նախորդը, այսինքնՙ IX դարի կեսերից:
- Հնի եւ նորի հարց չկա: 1981-ին լույս տեսած քրեստոմատիան լայն եւ դրական արձագանք ունեցավ: Դրա ապացույցներն են Երեւանում, Մոսկվայում, Բեյրութում, Լոս Անջելեսում, Փարիզում, Կահիրեում եւ այլուր լույս տեսած բազմաթիվ գրախոսականները, կարծիքները: Սակայն հանգամանքների հետեւանքով աշխատանքը չշարունակվեց: Տարիներ շարունակ լսել եմ բարեկամներից, ուսանողներից, մասնագետներից եւ անգամ անծանոթ մարդկանցից, թե ե՞րբ պետք է լույս տեսնեն քրեստոմատիայի 2-4-րդ հատորները: Հանրությունը սպասում էր այդ հատորների լույս աշխարհ գալուն: Թեեւ ինչ-ինչ աշխատանքներ կատարվել էին, սակայն գործը տեղից չշարժվեց: Խոսակցությունները նոր իմաստ ու բովանդակություն ստացան, երբ Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության հայկական բաժանմունքի տնօրեն դոկտոր Զավեն Եկավյանը առաջարկեց իրականացնել «Հայ ժողովրդի պատմության քրեստոմատիայի» նոր հրատարակությունը: Երեւանի պետական համալսարանի հրատարակչության տնօրեն Պերճ Ստեփանյանը ինձ փոխանցեց Զավեն Եկավյանի ցանկությունը, որը բնականաբար փոխըմբռնում գտավ: Ահա թե ինչու հնարավոր չէր 1981-ի քրեստոմատիան շարունակել, անհրաժեշտ էր միանգամայն նոր հրատարակությունՙ հաշվի առնելով ոչ միայն անցած տարիներին ի հայտ եկած աղբյուրագիտական նյութը, այլեւ մեր երկրի կյանքում տեղի ունեցած հասարակարգային փոփոխությունը, որը եկավ խմբագրելու նաեւ պատմագիտության մեջ տիրապետող մարքսիստական պատմահայեցողության սկզբունքները: Ահա թե ինչու անհրաժեշտ էր աշխատանքը նոր սկզբունքներով կազմել ու սկսել դարձյալ առաջին հատորից:
- Ի՞նչ նոր նյութեր են ընդգրկված այս նոր հատորում, ի՞նչ նշակություն ունեն դրանք հայոց պատմության ուսումնասիրության բնագավառում:
- Նոր նյութերը գերազանցապես տեղ են գտել երկրորդ բաժնում, որը կազմել է երիտասարդ, սակայն արդեն արժանի համբավ ունեցող դոցենտ Արտակ Մովսիսյանը: Դրանք են շումերա-աքադական սկզբնաղբյուրները, որոնք եզակի եւ արժեքավոր տեղեկություններ են հաղորդում Հայկական լեռնաշխարհի Ք.ա. III հազարամյակի սկզբից (XXVIII դար) մինչեւ II հազարամյակի սկիզբն ընկած պատմական իրադարձությունների, մասնավորապես Արատտա եւ Սուբուր (Սուբարտու) վաղ հայկական երկրների վերաբերյալ: Առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում Սարգոն I Աքադացու, Նարամ-Սուենի եւ այլ տիրակալների թողած արձանագրությունների հայկական նյութերը: Թարմացված են ներկայացված խեթական, խեթա-լուվիական համապատասխան նյութերը: Իսկ ասորեստանյան սեպագիր աղբյուրները ներկայացվել են Երվանդ Գրեկյանիՙ քրեստոմատիայի համար կատարված թարգմանությամբ:
- Ըստ էության քրեստոմատիայում բերված նյութերը փաստում են այն իրողությունը, որ հայ ժողովրդի գրավորՙ արձանագրված պատմությունը սկսվում է Ք.ա. XXVIII դարից, այսինքնՙ 3-րդ հազարամյակի սկզբից: Կարելի է եզրակացնել, որ իրականում այդ պատմությունն ավելի հին է, քան արձանագրություններն են հուշում:
- Անշուշտ, չպետք է մոռանալ, որ քրեստոմատիայում զետեղված են միմիայն գրավոր (սեպագիր եւ այլն) սկզբնաղբյուրները, իսկ այդ գրերից առաջ եղած իրողությունները մեզ հայտնի չեն: Բայց չէ՞ որ դրանք եղել են, իսկ գիրը չի եղել: Այնպես որ, մեր գրավոր պատմության սկիզբը պետք է համարենք Ք.ա. XXVIII դարի սկիզբը: Քրեստոմատիայում բերված նյութերը դար առ դար փաստում են հայերիՙ որպես Հայկական լեռնաշխարհի տեղաբնիկների պատմությունըՙ Ք.ա. քսանութ դար (շուրջ 3000 տարի) շարունակ եւ Ք.հ. մինչեւ մեր օրերը (եւս երկու հազար տարի), ամբողջ հինգ հազար տարի: Դա մենք չենք ասում, այլ միջագետքյան սեպագիր արձանագրությունները, խեթա-լուվիական նյութերը, անտիկ պատմագիտական միտքն ու ավանդույթը: Ի դեպ, հունա-հռոմեական հեղինակներից այս հատորում տեղ են գտել համարյա բոլոր նրանք, ովքեր անդրադարձել են հայոց պատմության այս կամ այն հարցինՙ Հերոդոտոս, Քսենոփոն, Դիոդորոս Սիկիլիացի, Քվինտու Ռուփոս, Արիանոս, Պոլիբիոս, Ստրաբոն, Պլինիոս Ավագ, Պորփյուր, Հիերոնիմոս, Պլուտարքոս, Պոմպեոս Տրոգոս, Հովսեպոս Փլավիաս, Ապիանոս, Մեմնոն, Կիկերոն, Դիոն Կասսիոս, Տավիտոս, Տրեբելլիոս Պոլիոն, Գեւորգ Ասորի եւ ուրիշներ: Բերված են նաեւ Հայաստանի տարածքում հայտնաբերված հունական արձանագրական նյութերը, հայ հեղինակներից լայնորեն ներկայացված են Մովսես Խորենացու «Պատմության» մեջ տեղ գտած համապատասխան նյութերը: Վրացական հեղինակներիցՙ Լեոնտի Մրովելին: Ակներեւ է, թե ինչպիսի լայն ընդգրկում ունի քրեստոմատիան, որը, բնականաբար, կարող է օգտակար լինել ինչպես ուսանողին, այնպես էլ մասնավորներին եւ ընթերցող լայն հանրությանը, որն այստեղ կարող է գտնել իրեն հետաքրքրող բազում նյութեր:
- Դարձյալ ինքնին հարց է ծագում, թե ի՞նչ ծավալ եւ ժամանակ է ընդգրկելու ամբողջ աշխատանքը:
- Նախատեսված է քրեստոմատիան հրատարակել վեց հատորով: 2-րդ հատորը, որի աշխատանքներն արդեն ընթանում են, ընդգրկելու է 298-885 թթ., 3-րդը` 885-մինչեւ XVII դ. կեսը, 4-րդըՙ XVII դ. կեսից մինչեւ XIX դ. կեսը, 5-րդըՙ XIX դ. կեսից մինչեւ 1920-ը, իսկ 6-րդըՙ 1920-ից մինչեւ մեր օրերը: Ժամկետը երկար չէ եւ ամբողջի համար ենթադրվում է հատկացնել ընդամենը երեք տարի: Ծրագրի համաձայն, քրեստոմատիան (ուղղագրությունը փոխված) լույս է տեսնելու նաեւ Բեյրութում, որպես ուսումնական ձեռնարկ տրամադրվելու է դպրոցներին եւ հայագիտական դասընթացներին:
- Թույլ տվեք մեր ընթերցողների եւ ընդհանրապես ընթերցող հանրության անունից շնորհակալություն հայտնել ձեզ եւ Արտակ Մովսիսյանին այս հրաշալի ժողովածուն կազմելու եւ հրատարակելու համար, եւ, անշուշտ, երախտագիտության խոսքեր ասել նաեւ Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության հայկական բաժանմունքին ու նրա տնօրեն Զավեն Եկավյանինՙ նմանօրինակ հրատարակությունները կյանքի կոչելու համար:
Պատրաստեց ՌՈւԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ