Դրան տուրք են տալիս ադրբեջանցի «գիտնականները»
Որքան էլ ադրբեջանցիներն ու թուրքերը պնդեն, որ հայերի հետ բանակցային սեղանի շուրջը նստելուց հետո կարելի է փոխել ներկայիս իրավիճակը, նրանք չեն հրաժարվում որդեգրած քաղաքականությունից` շարունակում են խեղաթյուրել, կեղծել փաստերը: Այդպիսի եւս մեկ փորձ են արել Անկարայում գումարված Ասիական եւ հյուսիսաֆրիկյան երկրների ուսումնասիրությունների միջազգային կոնգրեսիՙ ICANAS-38 ժամանակ, որին մասնակցել էին նաեւ ՀՀ ԳԱԱ-ի 2 աշխատակիցներ: ICANAS-ի առաջին գիտաժողովը գումարվել է 1873-ին ֆրանսիացի արեւելագետների կողմից ու արդեն երեք դար շարունակվում է: 1951-ին գիտաժողովը գումարվել է Ստամբուլում եւ այս տարվա Անկարայի հավաքը երկրորդն էր երկրում: Պոլսահայ «Մարմարա» օրաթերթը սեպտեմբերի 14-ին եւ 19-ին մանրամասն անդրադարձել է գիտաժողովի աշխատանքներին, որոնք անցել են Բիլքենթ համալսարանական քաղաքի Անկարայի տնտեսագիտության համալսարանի դահլիճներում` 57 երկրներից 2200 պատվիրակների մասնակցությամբ: Գիտաժողովի կարգախոսն է եղել Աթաթուրքի «խաղաղություն երկրում եւ խաղաղություն աշխարհում» խոսքը:
Պետական մակարդակով կազմակերպված կոնգրեսին թուրքական կառավարությունը տրամադրել է մեկ միլիոն դոլար: Պատրաստվել են մոտ 500 զեկուցումներ միայն թուրքական կողմից: Իսկ Հայաստանից զեկուցումներով ելույթներ են ունեցել ԳԱԱ արվեստի ինստիտուտի երաժշտագիտության դոկտոր Լիլիթ Երնջակյանը եւ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի պատմական գիտությունների դոկտոր Հասմիկ Ստեփանյանը: Իսկ թե ի՞նչ տհաճ իրավիճակներում են հայտնվել մեր գիտնականները, փորձեցինք պարզել հենց իրենցից:
Գիտաժողովի բացմանը մասնակիցներին ողջույնի խոսք է հղել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, նշելով որ «գիտությունը բարիք պետք է բերի ժողովրդին, այլ ոչ թե չարիք»: Այնուհետեւ հանդես են եկել ICANAS-ի խորհրդի չորս հիմնական անդամները` Չինաստանի, Թուրքիայի, Ռուսաստանի եւ Հունգարիայի ներկայացուցիչները: «Ամեն ինչ կազմակերպված էր բարձր մակարդակով», ասացին մեր հյուրերը: Իսկ իմ այն հարցին, թե կոնգրեսը ի՞նչ նպատակի էր ծառայում, տկն Ստեփանյանը ասաց. «Ծառայում է գիտության առաջընթացին, 57 երկրներից մասնակցող գիտնականների փոխըմբռնմանը եւ հաշտեցմանը, նոր գրքերի եւ ուսումնասիրությունների հնարավոր ստեղծմանը»:
- Տկն Ստեփանյան, գիտաժողովի եւ կլոր սեղանների ժամանակ բազմիցս եղել են զրպարտություններ, հերյուրանքներ, կեղծիքներ, կմանրամասնե՞ք:
- Ադրբեջանական 200 պատվիրակների, որոնք ամենայն հավանականությամբ նախապես ցուցումներ էին ստացել, հիմնական նպատակներից մեկը, ինչպես պարզ դարձավ` հայկական պատվիրակների ելույթները խանգարելն էր, խոչընդոտել ե՛ւ հարցերով, ե՛ւ վերաբերմունքով: Նրանք առիթը բաց չէին թողնում կլոր սեղանների ժամանակ հակահայկական ելույթներով հանդես գալու: Բացահայտ էին ազգայնականության ծայրահեղ դրսեւորումները:
- Եթե չեմ սխալվում, նույն վրդովմունքն է առաջացրել, երբ դոկտոր Լիլիթ Երնջակյանը խոսել է հայազգի անվանի կոմպոզիտոր Տիգրան Չուխաջյանի մասին:
- Դա եղել է ոչ մեկ օր, որովհետեւ Տիգրան Չուխաջյանի հետ է կապվում Թուրքիայում Օսմանյան կայսրությունից դեռեւս սկսվող ե՛ւ օպերային, ե՛ւ քայլերգային, ե՛ւ օպերետային երաժշտական ավանդույթների ստեղծումը: Թուրք եւ ադրբեջանցի մասնակիցները ընդդիմացան տկն Երնջակյանի այն պնդմանը, որ Չուխաջյանի հայկական ծագումը շեշտելը ոչ միայն գիտական բարոյականության պահպանում է, այլեւ Չուխաջյանի ստեղծագործությունները հենված են հայկական մեղեդիների վրա: Տեսակետը խիստ զայրացրել էր թուրքերին ու ադրբեջանցիներին, որոնք պնդեցին, թե Չուխաջյանը օսմանցի հայրենակից է: Սակայն փոխարենը ռուս եւ օտար գիտնականների մեծամասնությունը համակարծիք էր դոկտոր Երնջակյանի հետ:
- Արդյոք կարողացա՞ք իմանալ, ի՞նչ խնդիր էին հետապնդում:
- Մեր հանդիպումների ժամանակ մենք ծանոթ գիտնականների չհանդիպեցինք: «Միլիեթ» թերթը գրել էր, որ Հայաստանից 20 հոգանոց պատվիրակություն է մասնակցելու գիտաժողովին, նշել էր, որ Հայոց ցեղասպանության հարցին անդրադարձ չի լինելու: Մինչդեռ, հատուկ կլոր սեղաններ էին անցկացնում, որոնց մասնակցում էին ադրբեջանական ողջ պատվիրակությունը, թուրք գիտական ու դիվանագիտական շրջանակները, ու սկսում էին հերյուրանքներ թափել հայ գիտնականների, Վահագն Տատրյանի ու մյուսների հասցեին: Անգամ ամոթ է, որ նրանց գիտնական կոչեմ: Մի քանի «հարված» հասցրին ղարաբաղյան շարժմանը, նաեւ Օրհան Փամուքին, մեր երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որին իրենք համարում են իրենց երկրի քաղաքացի եւ նրան մատնանշում էին որպես դավաճանության օրինակ: Իսկ ամենազավեշտականը այն էր, որ հայերին մեղադրում էին ակադեմիկոս Զիա Բունիաթովի սպանության մեջ, որը շատ ծիծաղելի էր: Իրենք էլ գիտակցելով, որ այդ ամենը սուտ է, զրպարտանք, փորձում էին սիրաշահել թուրքերին ստորանալու աստիճանի: Տարօրինակ էր, որ կլոր սեղանը վարող պրոֆ. Հալաչօղլուն ոչ միայն չէր կասեցնում հերյուրանքներն ու զրպարտանքները, այլեւ քաջալերում էր: Դրանից էլ ազերիներն ավելի ոգեւորվելով նշեցին, թե «հայ ժողովուրդը որպես էթնիկ միավորում, էթնոս, երբեք գոյություն չի ունեցել, որ Հայաստան անունով երկիր գոյություն չի ունեցել, որ Հայաստանի աշխարհագրական տարածքը Ադրբեջանն է», եւ որպես վերջաբան ավելացրին ցնցող կոչ. «Այսօր հայերը միայն կառավարություն ունեն: Մենք հարուստ ենք, նավթ ունենք... եւ եկել է ժամանակը, որ թուրք եղբայրների հետ մտածենք Հայաստանը կործանելու մասին»: Ահա այսպիսի ելույթները ավարտվում էին ջերմ բացականչություններով եւ գրկախառնությամբ:
- Այդ իրավիճակում ի՞նչ էր հնարավոր անել եւ դա ձեզ հաջողվե՞ց:
- Մեր երկուսի նպատակն էր պատվիրակության այլ անդամներին, թուրքերին, ռուսներին ներկայացնել ճիշտը, եւ փորձում էինք եղելությունը տեղ հասցնել հատկապես կազմակերպիչներին, որպեսզի հետագայում նման երեւույթների առջեւն առնեին ու թուրքերը ամաչեին ադրբեջանցիների փոխարեն:
- Ի վերջո հաջողվե՞ց հակահարված տալ:
- Կոնգրեսի վերջին օրը, եզրափակիչ ելույթներով հանդես եկան չորս երկրների ներկայացուցիչները: Ռուս պրոֆեսոր Ռիբակովը, որը կոնգրեսի անդամներից է, իր ելույթում շնորհակալություն հայտնեց գիտաժողովի կազմակերպիչներին եւ հատկապես անդրադարձավ մի հանգամանքի վրա, որը խաթարել էր գիտաժողովի գիտական ընթացքը, այն է` անհարկի քաղաքականացում որոշ պատվիրակությունների կողմից, չի պահպանվել եռալեզու թարգմանության պահանջը, հետայսու այնպես անել, որ երբեւէ նման բաներ չկրկնվեն: Այս ելույթը լսելուց հետո տեսանք, որ մեր ասելիքը տեղ է հասել:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ