Հայապահպանության, լեզվի անաղարտության խնդիրը ամուր հիմքերի վրա է դրված սփյուռքում: Վկան` Նյու Յորքի «Մհեր Մկրտչյան» թատերախումբն է, որի անդամները Թեքեյան դպրոցներով ու Հայ Առաքելական եկեղեցու հետ ջանք ու եռանդ չեն խնայում օտար ափերում հային հայ պահելու համար: Ճիշտ 10 տարի առաջ մի խումբ խանդավառ երիտասարդներ հիմնադրեցին թատերախումբ, ու այն անվանվեց հայ թատրոնի անմոռաց դերասան, բեմադրիչ Մհեր Մկրտչյանի անվամբ: Թեքեյան մշակութային միության միակ թատերախումբը առ այսօր իր 40 դերասաններով բեմադրել է երեք տասնյակից ավելի պիեսներ թե՛ հայ, թե՛ օտար հեղինակների ու մշտապես արժանացել բարձր գնահատանքի: Սակայն թատերախմբի երազանքըՙ հյուրախաղերով մայր հայրենիքում հանդես գալ, ձգձգվում էր: Եվ ահա հոկտեմբերի 9-ին, Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում սկսվեց Թեքեյան թատերախմբի հյուրախաղերը Ժիրայր Անանյանի «Տաքսի, տաքսի» ներկայացումով: Թատերախմբի ատենապետ Հակոբ Վարդիվառյանը անցած տարիների ընթացքում մշտապես կարողացել է հաղթահարել այն ծանր ու դժվարին ճանապարհը, որով անցել է թատերախումբը եւ հասել բավականին լավ հաջողությունների: Չափազանց բարդ ու դժվարին գործ է հայրենիքից հազարավոր կիլոմետրեր հեռու, լեզվի դժվարությունները հաղթահարելով թատրոնի խաղացանկում ընդգրկել ե՛ւ արեւելահայերեն, ե՛ւ արեւմտահայերեն հնչողությամբ պիեսներ ու դրանք միաժամանակ ներկայացնել: Այդպիսին էր Ժ. Անանյանի «Տաքսի, տաքսի» ներկայացումը, որտեղ այս երկու լեզվախմբերն էլ համաձուլված էին: Հայ հանդիսատեսը շատ լավ է հիշում այդ ներկայացումը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բեմում:
Եվ ահա երեկ հայ հանդիսատեսը ներկա եղավ ԹՄ միության «Մհեր Մկրտչյան» թատերախմբի անդրանիկ բեմելուն հենց «Տաքսի, տաքսի» բեմադրությանը: Բեմադրիչ Վարդան Հովհաննիսյանը հանդիսատեսի դատին էր ներկայացրել բոլորովին նոր մոտեցմամբ` գրոտեսկ, հումոր, կրկեսային ոճի լուծումներ: Կերպարների մեկնաբանությունները լրացնում էին մեկը մյուսին ու դառնում մեկ ընդհանուր անսամբլ: Հարկ է նշել նրանց անունները` Փիլոյան-Վահրամ Հովհաննիսյան, Զվարթ-Արփի Տատոյան, Ադելաիդա-Թալին Պահյան, Կնյազ-Րոյ Պահյան, Հովիկ-Սարո Թովմասյան, Պայծառ-Սեդա Ճեպեճյան եւ Նունուֆար-Ռիտա Գավեճյան, Ռոզ-Հուրի Տարաքճյան:
Թեքեյանցիներն արժանացան խստապահանջ հանդիսատեսի ծափերին ու ծաղիկներին, որը նրանց նոր ուժ ու եռանդ հաղորդեց` հետագա գործունեության համար, նշում էին հուզված դերասանները: Ներկայացման ավարտից հետո Ազատ Գասպարյանն ասաց. «Երեւույթ է, որ մեր թատերական ինստիտուտի շրջանավարտն այսօր այս ներկայացումը մեր դատին ներկայացրեց. եթե գեթ մեկ անգամ եղել եք Նյու Յորքում, ապա կիմանաք թե որքան բարդ ու դժվարին է այնտեղ հայ մնալ ու հայերեն խոսել, էլ չեմ ասում հոգեբանորեն դժվարին կերպարներ խաղալ ու դյուրությամբ հաղթահարել: Ես պարզապես մեկ բառով ասեմ` շնորհակալ եմ»:
ՀԹՄՄ թատերախմբի ռեժիսոր Արտաշես Հովհաննիսյանը կարծիք հայտնեց. «Հուրախություն ինձ, պետք է ասեմ, որ ոչ մի նմանություն չկա թեքեյանցիների ու պարոնյանցիների ներկայացումներում, որովհետեւ բեմադրիչըՙ մեր Վարդանը գործը կառուցել է կլոունադայի ոճի վրա, որը ե՛ւ նայվում է ե՛ւ կարդացվում է հենց այդ ոճում: Ես հույս ունեմ, որ հոկտեմբերի 10-ին Ռ. Թոմայի «Ծուղակը» եւ հոկտեմբերի 11-ին Հ. Պարոնյանի «Ատամնաբույժն արեւելյան» ներկայացումները լավագույնները կլինեն ու մեծ սպասումով կդիտեմ: Գիտեք, մի բան նկատեցի, չնայած որ թատերախումբը սիրողական բնույթի է, սակայն նրանք հավակնում են պրոֆեսիոնալ թատրոն լինելուն կերպարների ճիշտ, համով ու հոտով մեկնաբանելու ճիգերով»:
Երեւանի պետական համալսարանի հրատարակչության տնօրեն Պերճ Ստեփանյանը գոհունակությամբ նշեց. «Ինձ համար առաջին պահին դժվար էր, քանի որ դեռ թարմ է Կարպ Խաչվանքյանի խաղացած Կնյազի դերը ու չենք կարողանում ազատագրվել այդ հիշողությունից եւ այդ առումով ես շատ մեծ մտավախություն ունեի, թե ինչպես կլինի: Բայց պետք է նշեմ, որ բարեբախտաբար ռեժիսորական հնարքներ կային ու ամենակարեւորն էր, որ չէր ընդօրինակել Պարոնյանի թատրոնի ներկայացումը ու նոր գաղափարներով, նոր մոտեցումներով մեզ մատուցվեց, որը բավականին հետաքրքրական էր: Ես կարծում եմ, որ Նյու Յորքում այս ներկայացումը բավական լավ կընդունվի, որովհետեւ աշխույժ է, սրամիտ, հետաքրքիր է եւ ինձ դուր եկավ: Չպետք է մոռանանք, որ թատերախումբը սիրողական է եւ պրոֆեսիոնալ դառնալու ձգտումը նկատվեց: Ես գոհ եմ եւ շնորհավորում եմ նրանց ու կարծում եմ նույնը կասեր իմ երկարամյա ընկեր Ժիրայր Անանյանը»:
Մաղթենք թատերախմբին հաջողություններ եւ սպասենք նոր բեմելներ մայր հայրենիքում:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ