«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#183, 2007-10-09 | #184, 2007-10-10 | #185, 2007-10-11


ԼՈՌԵՑԻՆԵՐԸ ՎԱՂՈՒՑ ԵՆ ՀԱՍԿԱՑԵԼ, ՈՐ «ԷՇԻՆ ՊԵՏՔ Է ԾԵԾԵԼ ՄԵՅԴԱՆՈՒՄ»

Անտարբերության թմբիրն ընկած մեր հասարակության մեջ մարդու իրավունքների պաշտպանվածության մասին գոռում-գոչյուններ ենք լսում միայն այն ժամանակ, երբ տեղի է ունենում հերթական անարդարությունըՙ պապենական տնից մարդուն վտարում են սեփականության վկայական չունենալու պատճառով, ոստիկանությունում բռնությունների են ենթարկում ցուցմունքից հրաժարվելու համար, աշխատանքից հեռացնում են հոռետեսական տրամադրություններ արտահայտելու համար եւ այլն: Մեզանից յուրաքանչյուրին այս ամենը հուզում է այնքանով, որքանով դա առնչվում է իր անձին կամ ընտանիքին, մնացած դեպքերումՙ քար լռություն, մեկուսի կեցվածք, գլխացավանքից փախչելու ցանկություն, լավագույն դեպքումՙ խորհուրդ տալու պատրաստակամություն: Այնինչ լոռեցիները վաղուց են հասկացել, որ «Էշին պետք է ծեծել մեյդանում», ասել է թեՙ անօրինականություն անողին պետք է դատափետել ազգովին: Լոռեցիների այս իմաստուն խոսքը երեկ լսեցինք հասարակական մի քանի կազմակերպությունների հրավիրած մամլո ասուլիսի ժամանակՙ իրավապաշտպան Արթուր Սաքունցից, որն իր գործընկերներ Ավետիք Իշխանյանի եւ Ամալյա Կոստանյանի հետ, «Բաց հասարակության» ինստիտուտի աջակցությամբ որոշել է երկու շաբաթը մեկ հանդես գալ մեր հասարակության մեջ տեղի ունեցող մարդու իրավունքների ոտնահարումների դեմ: «Անօրինակությունների մասին պետք է խոսել կոնկրետ փաստերով, անուններով», ասաց նա օրինակ բերելով Լոռու մարզի դատախազի սպանության գործը, որի հետաքննության ժամանակ բռնությունների են ենթարկվել ոստիկանություն բերված 40 քաղաքացիներ:

Հասարակությանը իրազեկելու նպատակով երեկ նրանք խոսեցին վերջին շրջանում կատարված խոշտանգումների, քաղաքական հետապնդումների, բանակում կատարվող սպանությունների, կալանքի կիրառման հետ կապված խնդիրների եւ այլնի մասինՙ բերելով կոնկրետ օրինակներ: Քննարկմանը մասնակից լրատվամիջոցների սակավությունը (հեռուստաընկերություններից ներկա էր միայն «Ար»-ը) նվազ հուսադրող էր, որ ասվածը կհասնի հասարակությանը եւ անօրինականությունների դեմ կանգնելու ձգտում կառաջացնի: «Եթե մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ կոնկրետ օրինակները հասանելի չեն դառնալու հասարակության լայն շերտերին, ո՞րն է այս նախաձեռնության օգտավետությունը», մեր հարցին իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը պատասխանեց. «Ի վերջո ամեն մի կաթիլը կարող է մի բան փոխել: Լրատվամիջոցների սակավությունը վկայում է ոչ միայն մեր հասարակության անտարբերության, այլեւ հեռուստաընկերությունների վրա իշխանությունների վերահսկողության մասին»: Նա բնավ զարմանալի չհամարեց այն փաստը, որ խոսքի ազատության վերաբերյալ «Freedom House»-ի 2007 թվականի եռագույն քարտեզում Հայաստանը ներկված է մանուշակագույնով. այդ գույնով են ներկայացված բոլոր այն երկրները, որտեղ խոսքի ազատություն գոյություն չունի:

Ամալյա Կոստանյանը կարծում է, որ մարդկանց իրավունքները ոտնահարվում են այն պարզ պատճառով, որ պաշտոնյաներից շատերը չարաշահում են իրենց դիրքը, համոզված լինելով, որ քաղաքացիները տեղեկացված չեն իրենց իրավունքների մասին: Ինչպես արդեն նշեցինք, քննարկման ընթացքում նշվեցին մարդու իրավունքների ոտնահարման բազմաթիվ դեպքեր: Դրանցից մեկը տեղի էր ունցել Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի արդեն նախկին դասախոս Սասուն Սարիբեկյանի հետ: Սեպտեմբերին նա հեռացվել է աշխատանքից ուսանողների շրջանում հոռետեսական տրամադրություններ տարածելու համար: «Ձեր թերթի գլխավոր խմբագրի հարցին Սերժ Սարգսյանը պատասխանել էր, որ ինքը տեղյակ է, թե ինչ է կատարվում երկրում: Ուզում եմ ձեր թերթի միջոցով հարցնել պրն Սարգսյանին. «Արդյոք դուք գիտե՞ք, որ պետհամալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի դեկանը չարաշահում է իր պաշտոնական դիրքըՙ ուսանողների միջոցով դավադրություն կազմակերպելով իր գործին նվիրված դասախոսի դեմ: Ինձ հեռացնում են մի բանի համար, որ եթե մեջտեղից պատռվեմ, չեմ կարող անել, որովհետեւ կրթության սահմանադրական իրավունքը կարող է խախտել միայն պետությունը: Արդյոք վարչապետը տեղյա՞կ է այդ մասին, արդյոք ինձ հեռացնելու որոշումը համաձայնեցվա՞ծ է իր հետ»:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4