Հոկտեմբերի 15-16-ին Եվրոխորհրդարանում (Բրյուսելում) կայանալիք Եվրոպահայերի 2-րդ համագումարին մասնակցելու է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը, որը գլխավորելու է դիվանագիտական կարեւոր մի պատվիրակություն, տեղեկացնում է Եվրոպահայերի դաշնության այդ առթիվ հրապարակած մամլո հաղորդագրությունը: Պաշտոնական անձանց թվում են լինելու նաեւ Մեծի տանն Կիլիկիոյի կաթողիկոս Արամ Ա-ն, Կովկասում Եվրոմիության հատուկ պատվիրակ Պիտեր Սեմնեբին եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բեռնար Ֆասիեն: «Այս համագումարով մենք մեր ձայնը լսելի ենք դարձնելու միջազգային քաղաքականության գլխավոր դերակատարներին եւ ուրվագծելու ենք Եվրոպայում մեր հետագա քաղաքական գործունեության ուղիները», նշել է Եվրոպահայերի դաշնության նախագահ Հիլդա Չոբոյանը:
ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆ