Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված խաչքարի պատմական օծում է տեղի ունենալու նոյեմբերի 3-ին Կարդիֆում (Ուելս, Մեծ Բրիտանիա), հոգեւոր եւ հասարակական կյանքի հայ եւ բրիտանացի բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությամբ, տեղեկացնում է այդ առթիվ խմբագրությանը հասցեագրված հաղորդագրությունը:
Իրադարձությունը եզակի է, քանի որ առաջին անգամ Մեծ Բրիտանիայում հասարակական վայր է հատկացվում հայոց ողբերգությունը խորհրդանշող մի կոթողի:
Խաչքարը, ըստ հաղորդագրության, 2 մետր բարձրություն ունի, կշռում է 2,5 տոննա եւ տեղադրվելու է «Խաղաղության տաճարի» տարածքում: Քարը Ուելսի տեղական քարերից է ընտրված, շատ նման է հայկական տուֆին, քանդակըՙ հայկական է, կատարված ուելսցի քարտաշի կողմից, իսկ «Ի յիշատակ նահատակաց Հայոց ցեղասպանութեան» մակագրությունը (ուելսերեն, հայերեն եւ անգլերեն)ՙ Հայ առաքելական եկեղեցու եպիսկոպոսի կողմից:
Օծման արարողությունը կատարելու է Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանը, որն ի նշան երախտագիտության, մարմարե խաչ է նվիրելու Ուելսի Ազգային ժողովի նախագահ լորդ Դաֆիդ Էլիս-Թոմասին:
Պաշտոնական արարողությանը հաջորդելու են ընդունելություն եւ գեղարվեստական մաս «թամար» պարային խմբի եւ Ուելսի երգչախմբային խմբերի մասնակցությամբ: Հատուկ ավտոբուսներն այդ օրը Լոնդոնից Ուելս են փոխադրելու ցանկացողներին:
ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆ