«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#183, 2007-10-09 | #184, 2007-10-10 | #185, 2007-10-11


ՍԵՐՆԴԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ

Վերջին ժամանակներս հաճախակի արտաբերելով «գաղափարական սերնդափոխություն» բառակապակցությունը` որոշ քաղաքական գործիչներ հավատացնում են, թե իբր հանրապետությունում մոլեգնող սանձարձակությունների եւ օրըստօրե խորացող բարոյալքության բուն պատճառը անկախությունից հետո որդեգրված գաղափարաարժեքային համակարգն է: Հետեւաբար, ըստ նրանց, եկել է այդ «արատավոր» համակարգից հրաժարվելու, նոր գաղափարներով առաջնորդվելու ժամանակը:

Բնականոն հարց է առաջանում. կա՞ այսօր Հայաստանում գաղափարական սերնդափոխության օբյեկտիվ անհրաժեշտություն, թե՞ վերոնշյալ հայտարարություններն ընդամենը մտապատրանք են կամ էլ` նախագահական ընտրությունների նախաշեմին հանրությանը մոլորեցնելով քաղաքական դիվիդենտներ շահելու անբարո միջոց:

Սերնդափոխությունը կենսաբանական կատեգորիա է, համաձայն որի տարածության եւ Ժամանակի խաչուղիներից մեկում լույս աշխարհ եկած կենսատեսակները, որոշ ժամանակից հետո հետզհետե անհետանում են` փոխարինվելով նույնասեռ այլ տեսակներով:

Սակայն «մարդ» կենսատեսակի պարագայում սերնդափոխությունը սոսկ պարզունակ ֆիզիկական երեւույթ չէ: Մարդկության սերնդափոխության բուն բովանդակությունն ու նպատակը գիտելիքների, գաղափարների առաջընթացիկ հաջորդափոխությունն է (գաղափարական սերնդափոխություն, մինչդեռ կենսաբանական սերնդափոխությունն ընդամենը այդ հաջորդափոխության ապահովման ձեւն է հարափոփոխ նյութական աշխարհում:

Բնականոն էվոլյուցիայի պայմաններում մարդկային հանրության կենսաբանական եւ գաղափարական սերնդափոխությունները տեղի են ունենում համընթաց, ներդաշնակ միասնության մեջ, սահուն եւ գրեթե աննկատ. ասպարեզ մտած յուրաքանչյուր սերունդ, նախ եւ առաջ ամրագրելով եւ հանրության սեփականությունը դարձնելով նախորդի թողած իմացական ժառանգությունը` իր գոյության ժամանակահատվածում հարստացնում է այն նոր գիտելիքներով, այդ ընթացքում ամբողջովին կամ մասնակիորեն մերժելով հնացած կամ կյանքի քննությունը չբռնած գաղափարները եւ առաջ քաշելով նորերը: Գործընթացում, աշխարհընկալման իր նորովի մոտեցումներով, աստիճանաբար ներգրավվում է աճող սերունդը: Հին եւ նոր սերունդների միջեւ ծագած տարաձայնությունները, սովորաբար, անտագոնիզմի չեն վերաճում եւ լուծվում են ճշմարտության ու համընդհանուրի բարօրության նպատակի վրա հիմնված կառուցողական բանավեճերի միջոցով:

Միանգամայն այլ է իրավիճակը հասարակական խոր ցնցումների (հեղափոխություն, համընդհանուր ճգնաժամ, ավերիչ պատերազմ եւ այլն) պարագայում, երբ նպաստավոր հանգամանքների բերումով մեկեն ասպարեզ մտած գաղափարները հանդես են բերում անհապաղ լիակատար տիրապետություն հաստատելու ագրեսիվ նկրտումներ: Այդժամ գաղափարական սերնդափոխությունն ուղեկցվում է հին ու նոր գաղափարակիրների անզիջում պայքարով, հաճախ էլ` արյունալի բախումներով: Նոր գաղափարների դավանորդներից մեծ խելք, խիզախություն, ջանք ու եռանդ են պահանջվում ոչ այնքան նշված գոտեմարտում հաղթելու, որքան նորամուտ գաղափարների հրատապությունը, ճշմարտացիությունը եւ անշրջելիությունը գործնականում ապացուցելու համար: Պատմության մեջ քիչ չեն դեպքերը, երբ հեղափոխության ծնունդ աներկբա առաջադիմական գաղափարները, դրանց կենսագործողների կոպիտ սխալների, անճարակության կամ անհետեւողականության պատճառով, կարճ ժամանակ անց անճանաչելիորեն ձեւախեղվել են` ծնելով նախորդ գաղափարաարժեքային համակարգի վերականգնման կամ էլ նոր գաղափարների առաջքաշման հասարակական պահանջարկ:

Արդյոք Հայաստանի երրորդ Հանրապետության հիմքում դրված գաղափարաարժեքային համակա՞րգն է ներկա դժնդակ իրականության պատճառը, եւ արդյոք անխուսափելի՞ է գաղափարական սերնդափոխությունը: Հարցերին պատասխանելու համար պահանջվում է պատմաժամանակագրական մոտեցմամբ, նշված համակարգի ու դրա առանձին տարրերի ընթացաշարժը դիտարկել եւ գնահատել հետանկախ Հայաստանում տեղի ունեցած կարեւորագույն իրադարձությունների համատեքստում, բացահայտել դրանց միջեւ առկա պատճառահետեւանքային փոխկապակցությունները եւ այդ հիման վրա ճշտիվ որոշել, թե ո՞ր գործոններն են անմիջականորեն պայմանավորել երկրի հասարակական - տնտեսական ու պետական շինարարության գործընթացների որակն ու բովանդակությունը: Այդ նպատակով անհրաժեշտ ենք համարում հիշյալ համակարգի զարգացման պատմությունը բաժանել երեք ժամանակաշրջանների (փուլերի):

1.ԳԱՂԱՓԱՐԱԱՐԺԵՔԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԵՎ ՎԵՐԸՆԹԱՑ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆ (1990-1995)

1985-ի գարնանը Գորբաչովի հռչակած վերակառուցման քաղաքականությունն ազդարարեց ԽՍՀՄ-ում գաղափարական սերնդափոխության սկիզբը: Բռնապետության կապանքներից ձերբազատված ժողովրդավարական - ազատական գաղափարները, շռնդալից ներխուժելով հասարակական կյանք, կարճ ժամանակամիջոցում փլուզեցին խորհրդային կայսրությունը: Հայաստանում գաղափարափոխության գործընթացը զուգակցվեց արցախյան շարժման հետ, որի կազմակերպիչ «Ղարաբաղ» կոմիտեն էլ հենց դարձավ գաղափարական հեղաշրջման ջահակիրը: Նորամուծ, ըստ էության արեւմտաեվրոպական, գաղափարական արժեքային համակարգի հիմնադրույթները, ազգային որոշ առանձնահատկություններով, առաջինը ուրվագծվեցին Հայոց համազգային շարժման ծրագրում :

Համակարգի ներդրման նախահիմքը` ՀԽՍՀ Գերագույն խորհրդի 1990-ի հիրավի ժողովրդավարական ընտրություններն էին, որոնց արդյունքում, շատերի համար անսպասելի, պետական իշխանությունը կոմունիստներից անցավ Հայոց համազգային շարժման մեջ միավորված ազգային ժողովրդավարներին: Այսպիսով, Հայաստանում պառլամենտական եղանակով (խաղաղ հեղափոխությամբ) կատարվեց գաղափարական սերնդափոխություն: Արմատական փոփոխությունների իրավական հիմքն ու ուղեցույցը դարձավ «Հայաստանի անկախության մասին» պատմական հռչակագիրը : Չնայած օբյեկտիվ դժվարություններին, թեւածող հեղափոխական խանդավառությունը եւ իշխանություն-ժողովուրդ միասնությունը թույլ տվեցին կարճ ժամկետում շոշափելի հաջողություններ արձանագրել այնպիսի բարդ ու պատասխանատու խնդիրներում, ինչպիսիք էին ժողովրդավարական արժեքների ու ժողովրդաիշխանության հաստատումը, վարչահրամայականից ազատ շուկայական տնտեսակացութաձեւին անցումը, խորհրդային պետական եւ իրավական համակարգերի ազգայինով փոխարինումը եւ այլն: Ընթացող փոփոխություններն արժանացան բնակչության ճնշող մեծամասնության հավանությանը (ապացույց` 1991-ի Հայաստանի անկախության հանրաքվեի եւ առաջին նախագահական ընտրությունների արդյունքները), իսկ օտարները` տարածաշրջանի «ժողովրդավարության կղզյակ» անվանեցին մեր երկիրը: Ակնառու ձեռքբերումները, «ոսկեջրվելով» արցախյան պատերազմում հայ ժողովրդի համոզիչ հաղթանակով, ամրապնդեցին իշխող քաղաքական ուժի դիրքերը, բարձրացրին ժողովրդի աչքում նրա հեղինակությունը:

Ցավոք, այս ամենը մեր սակավափորձ պաշտոնյաներից շատերի գլխապտույտն առաջացրեց: Եվ ժողովրդի իշխանությունը աստիճանաբար սկսեց անտեսել ժողովրդին: Թույլ տրվեցին սխալներ ու վրիպումներ, որոնցից մի քանիսը (հատկապես սեփականաշնորհման ոլորտում) ճակատագրական հետեւանքներ ունեցան` դնելով ներկայիս հանցավոր-կլանային համակարգի սաղմերը: Այս գործելաոճով ղարաբաղյան շարժման ալիքի եւ ժողովրդի թեւերի վրա իշխանության օլիմպոսին հասած անձինք քայլ առ քայլ հեռացան ժողովրդից եւ ի վերջո հակադրվեցին ժողովրդին :

Գաղափարական առաջընթացին խոշոր վնաս հասցրեցին նկարագրվող փուլում տեղի ունեցած հետեւյալ երկու իրադարձությունները.

1. «Հայոց համազգային շարժում» հասարակական միավորման հենքի վրա նույնանուն կուսակցության ստեղծումը: Սրանով պառակտվեց միասնական համաժողովրդական շարժումը` բաժանվելով կառավարողների եւ կառավարվողների: Այս երկու խմբավորումների միջեւ, կառավարող ՀՀՇ կուսակցության գործելաոճի շուրջը ծագած գաղափարական տարաձայնությունների հետեւանքով մեծաթիվ գաղափարակիրներ լքեցին ՀՀՇ-ն, վերջինս ի վերջո բյուրեղացավ ՀՀՇ կուսակցության կաղապարում: Ժողովրդի ընկալումներում ՀՀՇ-ն աստիճանաբար նույնացվեց ՀՀՇ Կ-ի հետ, որը հհշական իշխանությունից զանգվածների հարաճուն դժգոհության ֆոնի վրա նսեմացրեց Հայոց համազգային շարժման պատմական արժեքն ու նշանակությունը:

2.«Ղարաբաղ» կոմիտեի լիդերներ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Վազգեն Մանուկյանի գժտությունը: Հռչակագրային գաղափարների կենսագործման մեթոդների ու մեխանիզմների վերաբերյալ տեսակետների որոշակի տարբերություններով պայմանավորված այս պառակտումը հիմնովին խարխլեց գաղափարաքաղաքական դաշտի միասնականությունը, ջլատեց ուժերը` հետագա ամբողջ ժամանակաշրջանում մեծապես խոչընդոտելով առաջադիմական գաղափարների արմատավորմանը եւ ակամա նպաստելով նշված գաղափարներին խորթ տարրերի առաջխաղացմանը:

2. ԳԱՂԱՓԱՐԱԱՐԺԵՔԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԼՃԱՑՄԱՆ ԵՎ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ՀԵՏԸՆԹԱՑԻ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆ (1995-2000)

Լճացման առաջին նշաններն ի հայտ եկան տակավին 1995-ի սկզբներին` շնորհիվ «մերը լինի` թեկուզ պոլի փետ» տխրահռչակ կարգախոսի հիման վրա պետական ապարատն «այլախոհներից» մաքրելու տարերային միջոցառումների: Սակայն առաջին լուրջ հարվածը գաղափարական համակարգն ստացավ 1995-ի հուլիսին` ՀՀ առաջին գումարման Ազգային Ժողովի ընտրությունների եւ ՀՀ սահմանադրության հանրաքվեի ժամանակ: Հանրության բառապաշարում առաջին անգամ շրջանառվեց «ընտրակեղծիք» հասկացությունը: Բացի դրանից, գործարկված սահմանադրությամբ կյանքի կոչվեց մեկ անձի ձեռքում ողջ պետական իշխանության կենտրոնացման վրա հիմնված կառավարման կիսանախագահական ձեւ, որն զգալի նահանջ էր ժողովրդավարության եւ իշխանությունների տարանջատման սկզբունքներից: Սահմանադրությամբ եւ դրան հաջորդած օրենսդրական ակտերով դրվեցին ներկայիս «թայֆայակլանային զոռբայապետության» իրավական հիմքերը: Ծավալված գործընթացներից համաժողովրդական իշխանությունը վերածվեց մի խումբ արտոնյալների մենաշնորհ տիրապետության` հարուցելով լայն զանգվածների հիասթափությունն ու վրդովմունքը: Իրենից խլված իրավունքները հետ ստանալու ժողովրդի պահանջը դեմ առավ իշխանական բուրգի կատաղի դիմադրությանը: Այնժամ զանգվածների տարերային ընդվզումը հետզհետե վերաճեց հանուն ժողովրդավարական գաղափարների կազմակերպված շարժման` միավորելով հեղափոխական գաղափարներին հավատարիմ հասարակական-քաղաքական ուժերին: Համախմբվեցին նաեւ իշխանամետ ուժերը: Հայաստանի քաղաքական դաշտն առաջին անգամ հստակորեն երկփեղկվեց իշխանության եւ ընդդիմության:

Հակամարտ բեւեռների միջեւ առաջին խոշորամասշտաբ բախումը տեղի ունեցավ 1996-ի նախագահական ընտրությունների շարժառիթով, երբ ՀՀ ԿԸՀ-ը, կեղծ արդյունքներ հրապարակելով (իշխող ուժերի պարտադրմամբ), ընտրված նախագահ հռչակեց Լ. Տեր-Պետրոսյանին: Սեպտեմբերյան հայտնի իրադարձություններում ընդդիմությունը, խոհեմաբար խուսափելով արյունահեղությունից, տեղի տվեց բիրտ ուժին: Իշխանության հաղթանակն էլ, սակայն, լիակատար չէր: Այն տիպիկ պյուրոսյան հաղթանակ էր, որի հանրագումարում`

ա) Լ. Տեր-Պետրոսյանն ազգընտիր առաջնորդից ինքնաբերաբար վերածվեց բռնապետի եւ միաժամանակ ակամա պատանդի այն ուժերի ձեռքում, որոնց կողմից ժողովրդավարության հիմնադրույթների «յուրովի» ընկալման ու «ստեղծագործ» կիրառման արդյունքում նա վերահաստատվել էր նախագահի աթոռին,

բ) իշխանություն-ժողովուրդ միասնությունը վերջնականապես փլուզվեց` փոխարինվելով իշխանություն-ժողովուրդ հակամարտության,

գ) Հայաստանի Հանրապետությունը կորցրեց տարածաշրջանում իր գլխավոր առավելությունը` ժողովրդավարության կղզյակից հետքայլ կատարելով դեպի անազատ երկիր:

1996-ի ընտրությունները բեկումնային էին. երկիրը թեւակոխեց նոր` ժողովրդավարությունից ավտորիտարիզմին անցնելու ժամանակաշրջան: Գաղափարական լճացմանը փոխարինելու եկավ գաղափարական անկումը:

Քննարկվող փուլի գլխավոր իրադարձություններից է 1998-ի իշխանափոխությունը (ըստ որոշ գնահատականների` պալատական հեղաշրջումը): Վերջինս առ այսօր լիարժեք լուսաբանված չէ, քանի որ դրա հետ կապված մի շարք հարցեր տակավին մնում են գաղտնիության շղարշի ներքո: Մասնավորապես, հստակ պատասխան չի ստացել այն հարցը, թե ո՞րն էր Լ. Տեր-Պետրոսյանի հրաժարականի գլխավոր պատճառը: Միանալով պատճառների համակցության վերաբերյալ գերիշխող տեսակետին, մենք միաժամանակ համաձայն չենք այն գնահատականին, ըստ որի այդ համակցության մեջ գլխավորը Արցախի հիմնախնդրի լուծման հարցում նրա դիրքորոշումներն էին: Մեր կարծիքով, դիտարկվող խնդրում վճռորոշ դեր է խաղացել գաղափարահոգեբանական գործոնը : Այսպես, սկսած 1995-ից հանրապետության նախագահի գործելաոճում նկատվեց որոշակի պասսիվություն, որի գործնական դրսեւորումներն էին` առանձին պաշտոնատար անձանց նկատմամբ հսկողության թուլացումը եւ նրանց ազատ գործելու լայն հնարավորության ընձեռումը: Որոշ քննադատներ, ծայրահեղացնելով պնդում էին, թե իբր նախագահը մի կողմ է քաշվել եւ իշխանության ղեկն ամբողջովին վստահել է մի խումբ անձանց: Եվ ահա այս անձինք, մասամբ իրենց ապաշնորհությամբ, մասամբ էլ սեփական շահերն առաջ մղելով, արագորեն «քամուն տվեցին» երկրի ղեկավարի վիթխարի վարկանիշը` դաժան անակնկալ մատուցելով նրան 1996-ի ընտրություններում: Այս ընտրությունները ցույց տվեցին, որ ժողովուրդը վերոհիշյալ խմբի կամայականությունների համար գլխավոր մեղավոր է ճանաչում երկրի նախագահին: Նման պայմաններում համաձայնելով կրել ոչ լեգիտիմ նախագահի նսեմացուցիչ պիտակը` Լ. Տեր-Պետրոսյանը, ամենայն հավանականությամբ, հույս ուներ շտկելու իր բացթողումները եւ երկիրը վերադարձնելու սկզբնական գաղափարական ուղեգծին: Սակայն, այդ նպատակադրմամբ 1996-97 թթ. նրա գործադրած ջանքերն ի դերեւ անցան, քանի որ նա կորցրել էր իր հզորագույն զենքը` ժողովրդի աջակցությունը : Նման իրավիճակում նրան մնում էր` կամ մնալ նախագահի աթոռին եւ դառնալ իրեն «արջի ծառայություն» մատուցած անձանց կամակատարը (ինչը, որ հետագայում արեց Ռ. Քոչարյանը), կամ էլ հավատարիմ մնալով իր սկզբունքներին` արժանապատվորեն հրաժարվել պաշտոնից:

Իշխանափոխությունն, ըստ էության, իշխող վերնախավի մի որոշակի մասի կողմից կազմակերպված եւ իրականացված պետական հեղաշրջում էր: Դրա կազմակերպիչները, գաղափարական անկման գլխավոր մեղավոր համարելով Լ. Տեր-Պետրոսյանին ու նրա մերձավոր շրջապատին, գտնում էին, որ նրանց հեռանալու պարագայում կարելի կլինի դադարեցնել ճգնաժամը: Չի կարելի ասել, թե այս անձինք անկեղծ չէին իրենց հայտարարություններում: Պարզապես, լինելով գաղափարական հեղաշրջման շնորհիվ որոշակի դիրքի ու բարեկեցության հասած, նրանք վախենում էին սոցիալական ցնցումներից, ուստի ձգտում էին վերոնշյալ բարեփոխումներին հասնել առանց ժողովրդին ներգրավելու եւ միայն առաջ նայելու («վհուկների որս» չկատարվելու) պայմանով (ինչը չեր երաշխավորում ընդդիմությունը): Հետեւաբար, նրանց հարկավոր էր այնպիսի կանխատեսելի ու կառավարելի անձնավորություն, որը կընդուներ իրենց պայմանները եւ իրենց աջակցությամբ երկրի նախագահի պաշտոնում հաստատվելուց հետո անշեղորեն կիրագործեր դրանք: Այս փնտրտուքում, ի վերջո կանգ առնելով հանրապետության վարչապետ Ռոբերտ Քոչարյանի թեկնածության վրա` իշխանափոխության կազմակերպիչները թույլ տվեցին ճակատագրական սխալ :

1998-ի նախագահական ընտրությունները հերթական խոշոր քայլն արձանագրեցին ժողովրդավարական արժեքներից հետընթացի ճանապարհին` հարստացնելով ընտրախախտումների հայաստանյան «զինանոցը» բացահայտ բռնություններվ եւ ընտրակեղծիքների առավել հնարամիտ տեսակներով ու մեթոդներով: Գլխավոր նորույթը, սակայն, ընտրությունների` նախօրոք մշակված սցենարով անցկացումն էր, որն ի սկզբանե կանխորոշում էր ընտրությունների ելքը` անկախ քվեարկության արդյունքից : Ընտրություններում թեկնածուներից Կարեն Դեմիրճյանի փաստացի հաղթանակը հանրապետությունում ժողովրդավարաազատական գաղափարների խոր ճգնաժամի եւ, իբրեւ հետեւանք, կարոտախտի բռնկման վկայությունն էր: Թեպետ պետք է խոստովանել, որ նախապատվությունը տալով կոմունիստական կուսակցության նախկին լիդերին` ժողովուրդն արտահայտեց իր բացասական վերաբերմունքը ոչ թե բուն գաղափարաարժեքային համակարգի, այլ դրա ապիկար կենսագործողների նկատմամբ :

Հանձն առնելով հերթական ոչ լեգիտիմ նախագահի տիտղոսը` Ռ. Քոչարյանը չշտապեց կատարել իր խոստումը: Նա հույս ուներ կարճ ժամանակամիջոցում հաղթահարել պայմանավորվածությունների պատնեշը եւ դառնալ իրադրության տերը: Այս նպատակով ձգտելով շահել ժողովրդի վստահությունը, նոր նախագահը բազմաթիվ հնարամիտ միջոցներ ձեռնարկեց (հիշենք, օրինակ, «իմ կուսակցությունը` իմ ժողովուրդն է» կարգախոսը), որոնք սակայն, գործնական քայլերով չուղեկցվելով` ցանկալի արդյունք չտվեցին: Բացի դրանից, ժողովուրդը չներեց նրան` իր ընտրյալի փոխարեն նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար: Այս դեգերումները շարունակվեցին շուրջ մեկ տարի: Այդ ընթացքում գաղափարական անկումը դադարեց, սակայն առաջընթացի նշաններ ի հայտ չեկան:

Քոչարյանի տեւական համառությունը լցրեց նրան իշխանության բերած ուժերի համբերության բաժակը, եւ նրանք որոշեցին, շրջանցելով նախագահին, դիմել վճռական գործնական քայլերի: Անցկացված խորհրդակցությունների հանրագումարում, հաշվի առնվելով առկա իրավիճակը եւ հասարակության մեջ գերիշխող տրամադրությունները, որոշվեց կյանքի կոչել ճգնաժամի հաղթահարման մի ծրագիր, որը համակցում էր հին եւ նոր գաղափարական համակարգերի առավել առաջադիմական եւ կենսունակ տարրերը: Ի կենսագործումն նշված ծրագրի, ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի գլխավորած «Հայաստանի հանրապետական կուսակցության» եւ Կարեն Դեմիրճյանի գլխավորած «Հայաստանի ժողովրդական կուսակցության» միավորումից ստեղծված «Միասնություն» դաշինքը 1999-ի խորհրդարանական ընտրություններում տարավ տպավորիչ հաղթանակ եւ իր ձեռքը վերցրեց հանրապետության օրենսդիր ու գործադիր իշխանությունների ղեկավար լծակները: Նախագահ Քոչարյանը, դիվանագիտորեն տեղի տալով, կամովին ստանձնեց իրադարձություններին կողքից հետեւողի («դիտորդի») դերը:

Գնահատելով 1999-ի մայիսի խորհրդարանական ընտրությունները, շեշտենք, որ դրանք ըստ ձեւի ամենաարդարն ու ամենաօրինականն էին 1991-ի նախագահական ընտրություններից ի վեր: Ըստ բովանդակության այդ ընտրությունները 1998-ի իշխանափոխության շարունակությունն էին` արդեն ժողովրդավարական ճանապարհով: Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ նոր կառավարության ռադիկալ գործողությունները` տնտեսության կայունացման, ստվերայնության կրճատման, մաքսահարկային գործունեության բարելավման եւ հասարակական կյանքի մյուս ուղղություններում, բավականին խոստումնալից էին, հուսադրող: Սպասվում էր, որ երկիրը քայլ առ քայլ դուրս կգա ճգնաժամից եւ կբռնի վերելքի ուղին: Սակայն վրա հասած հոկտեմբերի 27-ը մարեց զանգվածների սրտերում բռնկված հույսի նշույլները...

1999-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո «Միասնության» գաղափարների առաջընթացն իներցիայով շարունակվեց եւս մի կարճ ժամանակ: «Ընդհատակից» դուս եկած Ռ. Քոչարյանին ժամանակ էր հարկավոր` գերլարված իրավիճակը մեղմելու, հոկտեմբերի 27-ի ահաբեկչությանն իր առնչակցության վերաբերյալ կասկածները փարատելու, գործողությունների ծրագիր մշակելու եւ իրեն երրորդական պլան մղած ուժերին արժանի հակահարված հասցնելու համար: Ահա թե ինչու, սիրահոժար ընդառաջելով «Միասնությանը» հավատարիմ տակավին զորեղ ուժերի հորդորներին, նա վարչապետի պաշտոնում նշանակեց Արամ Սարգսյանին: Հանուն ճշմարտության պարտավոր ենք փաստել, որ երիտասարդ վարչապետը, հակառակ ոմանց կանխատեսումներին, իր գործարար ունակությունների եւ մարդկային արժանիքների շնորհիվ, կարճ ժամանակամիջոցում նվաճեց հասարակության համակրանքը: Հատուկ դրվատանքի են արժանի նրա` ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ երկխոսության ճանապարհով հասարակությունը կոնսոլիդացնելու ազնիվ ու սրտացավ ջանքերը: Այս ամենը, ինչպես նաեւ հոկտեմբերի 27-ի հանցագործության ամբողջական բացահայտմանն ուղղված նրա քայլերը, բնականաբար, չէին կարող չանհանգստացնել մենիշխանության ձգտող Ռ. Քոչարյանին: Եվ նա, ամբողջությամբ գործի դնելով հնարքների իր զինանոցը, կարողացավ արագորեն վնասազերծել կամ իր կողմը գրավել «Միասնություն» դաշինքի մի շարք ազդեցիկ գործիչներին` այդպիսով միայնակ ու անպաշտպան թողնելով Ա. Սարգսյանին եւ անխուսափելի դարձնելով նրա հրաժարականը:

3.ԳԱՂԱՓԱՐԱԱՐԺԵՔԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԵՎ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԱՅԼԱՍԵՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆ (2000-ի մայիսից առ այսօր)

2000-ի գարնանը Ա. Սարգսյանի պաշտոնանկությամբ «Միասնություն» դաշինքը դադարեց կառավարող քաղաքական ուժ լինելուց եւ նրա ծրագրերը մնացին անկատար: Ազատ գործելու անսահմանափակ հնարավորություն ստացած նախագահ Քոչարյանն անմիջապես ձեռնամուխ եղավ սեփական քաղաքական հենարանի ստեղծման գործին: Նա ձեռնպահ մնաց հռչակագրային գաղափարներին իր հավատարմությունը հայտարարելուց, սակայն ոչ այն պատճառով, որ չէր ցանկանում: Պարզապես դա անօգուտ էր եւ նույնիսկ վտանգավոր: Բանն այն է, որ «Միասնության» անկումից հետո հիշյալ գաղափարներն «ապապետականացվել» եւ դարձել էին ժողովրդի ու ընդդիմադիր քաղաքական ուժերի սեփականությունը : Նման իրավիճակում ղեկավարվել հռչակագրային գաղափարներով, նշանակում էր կամովին հանձնվել իր հրաժարականը պահանջող ժողովրդի ու ընդդիմության դատին: Մինչդեռ նա պաշտոնը թողնելու մտադրություն ամենեւին չուներ: Քոչարյանը հեռատեսորեն իր հույսը չկապեց նաեւ հիշյալ գաղափարական ուղեգծին այս կամ այն չափով հարող, սակայն ցածր վարկանիշի տեր կամ էլ պատեհապաշտությամբ տառապող քաղաքական ուժերի հետ, չնայած սրանց հավատարմության երդումներին: Չհրաժարվելով նրանց ծառայությունից, Ռ. Քոչարյանն իր իշխանության գլխավոր հենարանը գտավ իր մերձավորների (հիմնականում` ծագումով ղարաբաղցիների) շրջապատում եւ հասարակության` այլ գաղափարներ դավանող կամ գաղափարազուրկ շերտերում : Այս շրջանում էր, որ հասարակությունը սկսեց աստիճանաբար ճանաչել իր մականունավոր օլիգարխներին: Սրանք, մեծ մասամբ, անհայտ կենսագրությամբ, ազգային մտածողությունից եւ պետականության զգացողությունից զուրկ, տգետ ու թերուս անձինք էին, որոնք արցախյան շարժման եւ հետանկախության առաջին տարիների խառնակ ու դժվար վերահսկելի իրադրությունից օգտվելով, զանազան իրավախախտ եղանակներով հսկա փող էին կուտակել եւ զգուշավորությամբ տապ արած սպասում էին հարմար պահի: Եվ ահա այս անձինք, նախագահի հրավերով ներկայանալով, հանձն առան անմնացորդ նվիրումով ծառայել նրան` փոխարենը որոշակի պաշտոն, տնտեսության որեւէ ճյուղում մոնոպոլ դիրք կամ այլ բնույթի արտոնություններ ստանալու պայմանով: Այս ճանապարհով Ռ. Քոչարյանի իշխանության օրոք կայացավ պետական-կլանային օլիգարխիան` այն հետադիմական ուժը, որի օգնությամբ ոչնչացվեց երկար տարիների մաքառումների գնով կյանքի ուղեգիր ստացած գաղափարաարժեքային համակարգը :

Մեր օրերում գաղափարական արժեքների ոչնչացումն ուղեկցվում է մեկ այլ զարհուրելի գործընթացով` գաղափարական այլասերմամբ : Պետության հետ սերտաճած հանցավոր օլիգարխիան, օգտվելով ժողովրդի սոցիալական ծանր վիճակից, հուսահատությունից ու անճարակությունից, իր չարորակ մետաստազներն է տարածում հասարակության մեջ` ջանալով վարակել նրան իր արատավոր մտածելակերպով ու բարքերով, սպանել մարդկանց մեջ արժանապատվության զգացումը եւ սերմանել մուրացկանի հոգեբանություն: 2003-ի եւ հատկապես 2007-ի ընտրությունները նշված հրեշավոր մտահղացման եւ դրա իրականացման մեծ հավանականության անհերքելի վկայությունն էին: Էլ ավելի տագնապահարույց է այն, որ գաղափարազրկման ու գաղափարական այլասերման գործելակերպը, արդենիսկ վերածվել է պետական քաղաքականության: Մի երեւույթ, որը գումարվելով օտարից երկրի տնտեսական կախվածության օրըստօրե ահագնացող տեմպերին, սպառնում է կործանել հայ ժողովրդի ամենաթանկ ու ամենանվիրական նվաճումը` անկախ պետականությանը:

Սխալված չենք լինի, եթե պնդենք, որ Հայաստանում այսօր ժամանակակից դասական իմաստով պետականություն (որպես երեք բաղադրատարրերի` պետության մեխանիզմի, պետական իշխանության եւ իրավական համակարգի համակցություն) արդեն իսկ գոյություն չունի: Կան, անշուշտ, պետական մարմիններ իրենց օրենսդրորեն ամրագրված լիազորություններով: Սակայն այդ ամենը խաբկանք է (օտարների աչքին թոզ փչելու, զանազան դրամաշնորհներ ստանալու եւ խժռելու միջոց), քանի որ այդ մարմինները չեն պետական իշխանության իրական կրողները: Իրական պետական իշխանությունը պատկանում է երկու հայտնի անձանց եւ նրանց շրջապատող շուրջ երեք տասնյակ օլիգարխներին (պետական կառույցներում ընդգրկված եւ չընդգրկված): Սրանց կողմից պետական բյուջե չմուծված հարկերի եւ տուրքերի հաշվին պահվող սափրագլուխների բանդան էլ այն ուժային կառույցն է, որն ապահովում է ստվերային պետական իշխանության բռնի իրականացումը: Այնուհանդերձ, այս ձեւաչափում պետությունը բավականին թույլ ու անշուք կլիներ, եթե չլիներ նրա գաղափարական հենարանը` «շնագայլերի» ոհմակը : Վերջինս միավորում է վեհ գաղափարներից, սկզբունքներից ու բարոյական արժանիքներից զուրկ մեծաթիվ մարդակերպ արարածների, որոնք վխտում են ամենուր: Սրանց միակ առաքելությունը իշխանության համար բարձր վարկանիշի ապահովումն է` նրա ճոխ սեղանի թերմացքից օգտվելու դիմաց: Պետք է խստովանել, որ այս «ոհմակի» դերակատարությունը հասարակության այլասերման գործընթացում շատ ավելի վտանգավոր է, քան օլիգարխներինը, որովհետեւ սրանց շարքերում կան մեծաթիվ` իրենց մտավոր կարողությունների, բնատուր ձիրքի, մասնագիտական հմտությունների եւ այլ հատկանիշների շնորհիվ հասարակության լայն շերտերին հայտնի հեղինակություններ:

Ինչ վերաբերում է պետականության երրորդ բաղադրատարրին` իրավունքին, ապա օրենսդրության անկատարության եւ օրինականության իսպառ բացակայության հետեւանքով դրա չգոյության մասին այնքան շատ է խոսվել, որ չարժե դրա վրա կանգ առնել: Հայաստանը մի երկիր է, որտեղ օրինախախտումը օրինաչափություն է, իսկ օրենքի կատարումը` ծանր օրինազանցության:

Ընդհանուր գծերով սրանք են 90-ականների սկզբին Հայաստանի որդեգրած գաղափարաարժեքային համակարգի զարգացումները եւ իրավիճակն այսօր` նախագահական ընտրությունների նախաշեմին: Երկրի կյանքում հանրապետության նախագահի դերի հավուր պատշաճի ընկալման պարագայում անհրաժեշտաբար հարցեր են ծագում. ո՞ր գաղափարական դաշտից եւ ո՞վ պետք է լինի հանրապետության նոր նախագահը : Ի պատասխան առաջին հարցի, ընթերցողին ենք ներկայացնում մեր հետեւյալ նկատառումները.

1. Միանշանակ կարելի է ասել, որ հանրապետության նախագահ չպետք է լինի գործող գաղափարազուրկ իշխանությանը պատկանող որեւէ մեկը : Որովհետեւ այդ «մեկը», որպես իշխող վարչակլանային օլիգարխիայի ներկայացուցիչ (անկախ ներգրավվածության աստիճանից) եւ օլիգարխիայի նյութական աջակցությամբ հերթական անգամ կեղծված ընտրություններով նախագահի աթոռին տիրացած անձ, անխուսափելիորեն դատապարտված է շարունակելու ապագաղափարացման ու գաղափարական այլասերման քաղաքականությունը: (Անօրեն իշխանությունը միայն այս ճանապարհով կարող է վերարտադրվել): Նման պարագայում իրական առաջընթաց ակնկալելն առնվազն միամտություն է, մինչդեռ համազգային աղետն անխուսափելի է: Կարելի է կանխատեսել, որ մոտ ապագայում երկիրը սրնթաց գահավիժելու է դեպի վաղ ավատատիրական միջնադար: Հաստատվելու են ճորտատիրական կարգեր (բնականաբար` որոշակի քողարկիչ գուներանգներով): Իր ազատությունն ու արժանապատվությունը գնահատող յուրաքանչյուր ոք լքելու է հայրենիքը: Հայաստանում մնալու են մեկ միլիոնի չափ ճորտեր եւ շուրջ 100 ճորտատերեր: Իսկ սափրագլուխների կարիք այլեւս չի զգացվի, քանզի հայ ֆեոդալների միջեւ ռազբորկաների հարթումը եւ ճորտերի հնարավոր ընդվզումների ճնշումն իրականացնելու է սյուզերենի (հավանաբար Ռուսաստանի կամ, չի բացառվում, Իրանի) բանակը:

2. Նախագահ չի կարող լինել նաեւ կոմունիստական գաղափարախոսության ներկայացուցիչը , որովհետեւ չնայած կարոտախտի տակավին կենսունակությանը, վերադարձը մարքս-լենինյան գաղափարաարժեքային համակարգին, առնվազն առաջիկա 50 տարիներին, բացառվում է:

3. Նախագահ չի կարող լինել նոր գաղափարախոսության ներկայացուցիչը , քանի որ այդպիսին ներկայումս ասպարեզում չկա:

4. Նոր գաղափարախոսություն որոնելու կարիքը ամենեւին չկա , որովնետեւ նախՙ նորանկախ Հայաստանի Հանրապետության որդեգրած գաղափարաարժեքային համակարգը համաշխարհային քաղաքակրթության մեծարժեք նվաճումներից մեկն է, որով այսօր առաջնորդվում են երկրագնդի տարբեր մայրցամաքների բազմաթիվ բարձրզարգացած երկրները: Երկրորդ, այդ համակարգի հիմնական արժեքները (մարդու իրավունքների առաջնայնություն, ժողովրդավարություն, հումանիզմ, սեփականության անձեռնմխելիություն, տնտեսության ազատականություն, ազատ տնտեսական մրցակցություն եւ այլն) ամբողջովին համապատասխանում են հայի էթնիկական հոգեկերտվածքին: Ուստի բացարձակ անհեթեթություն կլիներ դիտարկվող համակարգի հոգեվարքի պատճառները փնտրել դրա արատավոր լինելու կամ հայ ժողովրդի կողմից մերժվելու մեջ: Վերեւում կատարված վերլուծությունից միանշանակ հետեւում է, որ համակարգի ձախողման եւ երկրի ներկա վիճակի համար մեղավորը ոչ թե բուն գաղափարաարժեքային համակարգն է, այլ դրա կենսագործման համար պատասխանատու իշխանությունները : Հետեւաբար, Հայաստանին անհրաժեշտ է ոչ թե նոր գաղափարախոսություն, այլ նոր քաղաքականություն: Հարկավոր է կտրուկ շրջվել դեպի գաղափարական արմատները, շտկել թույլ տրված սխալներն ու վրիպումները, մաքրել գաղափարաարժեքային համակարգը ռոբերտքոչարյանական իշխանության «ժանգից» եւ դնել ճիշտ ուղեգծի վրա: Ուրեմն հենց այս գաղափարական դաշտից պետք է ընտրել հանրապետության նախագահի թեկնածուին:

Անցնենք երկրորդ հարցին` իսկ ո՞վ: Մեր խորին համոզմամբ, վերոնշյալ բանաձեւով խնդրին մոտեցման դեպքում նախագահի պաշտոնին կարող են հավակնել միայն երկու մարդ` Լեւոն Տեր -Պետրոսյանը եւ Վազգեն Մանուկյանը: Ինչո՞ւ: Փորձենք հիմնավորել: Լ. Տեր-Պետրոսյանը եւ Վ. Մանուկյանը Հայաստանի երրորդ Հանրապետության գլխավոր հիմնադիրներն են եւ դիտարկվող գաղափարաարժեքային համակարգի սկզբնավորողներն ու կիրարկողները: Վիթխարի է նրանց ներդրումը ղարաբաղյան շարժման եւ հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի կազմակերպման, Հայաստանի անկախացման եւ անկախ պետականության կերտման, ինչպես նաեւ արցախյան գոյամարտում պատմական հաղթանակի ապահովման գործում: Փորձի բացակայության պարագայում ղեկավարելով հասարակարգի վերափոխման ու պետաիրավական շինարարության գործընթացները` նրանք իրենց բնատուր ձիրքի եւ մտավոր ներուժի շնորհիվ կարողացան վարել այնպիսի խելամիտ քաղաքականություն, որը հնարավորություն տվեց նորածին հանրապետությանը ոչ միայն զերծ մնալ ներքին ցնցումներից եւ հաջողությամբ դիմագրավել արտաքին բազում մարտահրավերները, այլեւ գրանցել շոշափելի առաջընթաց (այդ մասին խոսել ենք վերեւում): Երկարատեւ ընդհատված այդ քաղաքականության վերագործարկումն առկա լաբիրինթոսային իրավիճակում անհնար է առանց դրա հեղինակների վճռորոշ դերակատարության: Դա նրանց, մի կողմից, հեղինակային իրավունքն է եւ, մյուս կողմից, իրենց իսկ մեղքով ընդհատված գործընթացը շարունակելու ու ավարտին հասցնելու բարոյական պարտականությունը:

Հարց է ծագում, կարելի՞ է արդյոք վերստին հույս կապել այն անձանց հետ, ում մեղքով տապալվեց բարեփոխումների գործընթացը: Մեր համոզմամբՙ կարելի է, որովհետեւ նախՙ Լ. Տեր-Պետրոսյանը եւ Վ. Մանուկյանը այն հազվագյուտ սկզբունքային քաղաքական գործիչներից են, որոնք իշխանությունը կորցնելուց հետո չեն գայթակղվել ու չեն դավանափոխվել: Այդ, ինչպես նաեւ բազում այլ չափորոշիչներով, նրանք այսօրվա քաղաքական դաշտում իրենց հավասարը չունեն: Երկրորդ, սխալները եւ բացթողումները (որոնք անժխտելի են եւ որոնցից ոչ ոք ապահովագրված չէ) թույլ են տրվել ակամա: Դրանք, ավելի շուտ, ստեղծված բարդ իրադրության մեջ ոչ օպտիմալ կողմնորոշվելու հետեւանք են, բայց ոչ երբեք շահադիտական կամ այլ նեղանձնական նկրտումների: Ամեն դեպքում նրանք երբեք չէին ցանկանա Հայաստանը տեսնել այսօրվա վիճակում. երրորդ, նրանք, անկասկած, ոչ միայն գիտակցել են իրենց սխալներն ու վրիպումները, այլեւ խորազնին վերլուծության ենթարկելով դրանք` հանգել են ճիշտ հետեւությունների: Ուստի կարելի է հուսալ, որ վստահության քվե ստանալու պարագայում նրանք հիմնովին կվերանայեն իրենց գործելաոճը. (պատմության մեջ նման դեպքերը քիչ չեն): Նրանց պետք է տրվի սեփական սխալները սրբագրելու եւ ապաշխարելու հնարավորություն:

Ընդսմին, ամենեւին կարեւոր չէ, թե վերը հիշատակված կարկառուն քաղաքական այրերից ով կլինի հանրապետության նոր նախագահը (դա թող իրենք որոշեն կամ, դժվարանալու դեպքում, դիմեն ժողովրդին): Կարեւորը նրանց միասնությունն է: Հետազոտությունը ցույց է տալիս, որ հետանկախ Հայաստանում էական առաջընթաց գրանցվել է այն պահերին, երբ Լ. Տեր-Պետրոսյանը եւ Վ. Մանուկյանը գործել են համերաշխ ու միասնաբար (դրա վառ օրինակներից է արմատական բեկումը ռազմաճակատում 1992-93 թթ., Վ. Մանուկյանի ՀՀ պաշտպանության նախարար եղած ժամանակ): Հետեւաբար, պահի հրատապ գերխնդիրը պետք է լինի նրանց հաշտությունն ու կլոր սեղանի շուրջ նստելը: Սրա անհրաժեշտությունը պարտավոր են գիտակցել նախ իրենք` գլխավոր գործող անձինք, եւ ապա` բոլոր նրանք, ում համար թանկ է իր հայրենիքի ապագան: Պատմությունից հիշենք, որ Հայաստանի ու հայ ժողովրդի համար օրհասական պահերին նույնիսկ ոխերիմ թշնամիներն են միմյաց հաշտության ձեռք մեկնել` հայրենիքի փրկությանը զոհաբերելով իրենց նեղանձնական շահերը: Այսօր առավել քան այդ պահն է: Մանավանդ որ Լ. Տեր-Պետրոսյանը եւ Վ. Մանուկյանը թշնամիներ չեն: Նրանք գաղափարական զինակիցներ են, որոնք որոշակի հարցերում ունեն ընդամենը մարտավարամեթոդաբանական բնույթի տարաձայնություններ: Եվ եթե նրանք այս բախտորոշ պահին իրենց տարաձայնությունները հարթելու եւ միավորվելու անհրաժեշտ կամք չդրսեւորեն, ապա իրենք են կրելու հետագա իրադարձությունների համար ողջ պատասխանատվությունը:

Լ. Տեր-Պետրոսյանի եւ Վ. Մանուկյանի միավորումը ոգեւորության ու հույսի հզոր ալիք կբարձրացնի եւ կդառնա այն միջուկը, որի շուրջը կհամախմբվեն ոչ միայն առաջադեմ հասարակական-քաղաքական ուժերը այլեւ առհասարակ ամբողջ ժողովրդը: Այս հենքի վրա ձեւավորված ահեղ ուժին ներկայիս իշխանությունը, իր «խաշխորովածային» գաղափարներով անզոր կլինի դիմակայել: Եվ առաջիկա ընտրություններն անխուսափելիորեն կամրագրեն հռչակագրային գաղափարների վերածնունդը: Հաղթանակից հետո համակարգային արժեքների վերահաստատման համար կպահանջվի որոշ ժամանակ: Այդ ընթացքում ասպարեզ մտած նոր սերունդը, համաշխարհային քաղաքակրթության զարգացումներին համահունչ, կներկայացնի իր նոր մոտեցումները: Եվ այնժամ էվոլյուցիոն ճանապարհով տեղի կունենա կենսաբանագաղափարական սերնդափոխություն:

ՆՈՐԻԿ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4