«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#183, 2007-10-09 | #184, 2007-10-10 | #185, 2007-10-11


ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Վճռաբեկ դատարան

«2005 թվականի նոյեմբերի 27-ի սահմանադրական փոփոխություններով դրվեցին Հայաստանում դատաիրավական բարեփոխումների երկրորդ փուլի հիմնաքարերը, եւ այսօր արդեն կարելի է փաստել, որ նշված փուլի ավարտին մեր երկիրը կկանգնի դատական իշխանության անկողմնակալության, անկախության եւ արդյունավետությանՙ որակապես նոր աստիճանին» եւ «Դատական իշխանության եւ, մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանի որպես բարձրագույն դատական ատյանի վերաբերյալ սահմանադրական դրույթները մանրամասնվել եւ ամրագրվել են դատաիրավական բարեփոխումների երկրորդ փուլի կարեւորագույն նորմատիվ փաստաթուղթը հանդիսացող ՀՀ դատական օրենսգրքում (հրապարակվել է 2007 թվականի ապրիլի 18-ին), որը համապարփակ նորմեր է պարունակում ՀՀ դատական համակարգի վերաբերյալ ...» մեջբերումները վերցված են «Հայաստանի դատական համակարգը» սայթից (http://www.court.am):

Թե ինչպե՞ս է դատաիրավական բարեփոխումների հետեւանքով Հայաստանի Հանրապետությունը 2007 թվականի մայիսի 18-ից զրկվել դատական համակարգից, որը շարունակվելու է մինչեւ 2008 թվականի հունվարի 1-ը, եթե նշված իրավիճակը փոփոխելու ուղղությամբ քայլեր չձեռնարկվեն, ապացուցել եմ «2007 թվականի մայիսի 18-ից Հայաստանի Հանրապետությունում դատական համակարգ գոյություն չունի ... իրավաբանորեն, ՀՀ-ում գործում է արտակարգ դատարան» հոդվածում («Ազգ», 20 սեպտեմբերի, 2007 թ.,http://www.archive.azg.am), որն, ի դեպ, մինչ օրս որեւէ անձի, այդ թվում նաեւ «բարեփոխիչների», կողմից չի հերքվել:

Թե որքանո՞վ են «բարեփոխիչները» ստեղծել անկախ եւ անկողմնակալ դատական իշխանություն, որքանո՞վ է 2007 թվականի մայիսի 18-ից ուժի մեջ մտած դատական օրենսգիրքն իրենից ներկայացնում կարեւորագույն նորմատիվ փաստաթուղթ, փորձենք պարզել այդ կարեւորագույն նորմատիվ փաստաթղթով ամրագրված դրույթները ներկայացնելու եւ մեկնաբանելու միջոցով:

Սույն հոդվածում մեկնաբանենք վճռաբեկ դատարանին վերաբերող դրույթները:


2008 թվականի մայիսի 18-ից Հայաստանի Հանրապետությունում ուժի մեջ է մտել Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգիրքը (այսուհետեւ` ՀՀ Դատական օրենսգիրք), որը «կարգավորում է դատական իշխանության կազմակերպման եւ գործունեության հետ կապված հարաբերություններն այնքանով, որքանով դրանք չեն վերաբերում Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանին» (հոդված 2-րդ):

ՀՀ Դատական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` «Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական ատյանը, բացի սահմանադրական արդարադատության հարցերից, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանն է (այսուհետեւ` վճռաբեկ դատարան), որը կոչված է ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը» :

ՀՀ Դատական օրենսգրքի 4-րդ հոդվածի համաձայն` «1. Դատավոր է վճռաբեկ դատարանի նախագահի, պալատների նախագահների եւ դատավորների ... պաշտոնում օրենքով սահմանված կարգով նշանակված անձը: 2. Յուրաքանչյուր դատավոր օժտված է արդարադատություն իրականացնելու իրավասությամբ» :

ՀՀ Դատական օրենսգրքի 50-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` «Վճռաբեկ դատարանի գործունեության նպատակն է ապահովել օրենքի միատեսակ կիրառությունը: Իր այդ առաքելությունն իրականացնելիս վճռաբեկ դատարանը պետք է ձգտի նպաստել իրավունքի զարգացմանը» :

ՀՀ Դատական օրենսգրքի 52-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերի համաձայն`

«1. Վճռաբեկ դատարանը կազմված է վճռաբեկ դատարանի նախագահից, պալատների նախագահներից եւ չորս դատավորից:

2. Վճռաբեկ դատարանն ունի երկու պալատՙ

1) քրեական պալատ.

2) քաղաքացիական եւ վարչական պալատ:

3. Յուրաքանչյուր պալատ կազմված է պալատի նախագահից եւ պալատի երկու դատավորներից»:

ՀՀ Դատական օրենսգրքի 52-րդ հոդվածից հետեւում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանն ունի 2 պալատ (քրեական պալատ. քաղաքացիական եւ վարչական պալատ), կազմված է 7 դատավորից (վճռաբեկ դատարանի նախագահ` 1, քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ` 1, քրեական պալատի նախագահ` 1, քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորներ` 2, քրեական պալատի դատավորներ` 2, ընդ որում` 7 դատավորներից 3 դատավորները քրեական գործերի մասնագետներ են, իսկ 3-ը` քաղաքացիական եւ վարչական գործերի:

Ներկայացնենք, թե ՀՀ Դատական օրենսգրքի համաձայն ի՞նչ է ՀՀ վճռաբեկ դատարանը, ի՞նչ լիազորություններ ունեն վճռաբեկ դատարանի նախագահը, վճռաբեկ դատարանի պալատների նախագահներն ու դատավորները, վճռաբեկ դատարանում ովքե՞ր եւ ինչպե՞ս են ընդունում դատական ակտերը, իրականացնում արդարադատություն եւ ապահովում օրենքի միատեսակ կիրառություն:

ՀՀ Դատական օրենսգրքի 18-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն` «Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը լուծում է կոլեգիալ` վճռաբեկ դատարանի համապատասխան պալատի նախագահի եւ պալատի դատավորների կազմով» :

ՀՀ Դատական օրենսգրքի 18-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն` «Վարույթ ընդունված վճռաբեկ բողոքները վճռաբեկ դատարանը քննում է կոլեգիալ` վճռաբեկ դատարանի կազմով» :

ՀՀ Դատական օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերի համաձայն`

«1. Վճռաբեկ դատարանը գլխավորում է վճռաբեկ դատարանի նախագահը:

2. Վճռաբեկ դատարանի նախագահն իրականացնում է վճռաբեկ դատարանի պալատի նախագահին եւ դատավորին օրենքով վերապահված բոլոր լիազորությունները»:

ՀՀ Դատական օրենսգրքի 61-րդ հոդվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետերի համաձայն`

«3. Վճռաբեկ դատարանի նախագահըՙ

2) հրավիրում եւ վարում է վճռաբեկ դատարանի նիստերը».

ՀՀ Դատական օրենսգրքի 62-րդ հոդվածի համաձայն`

«1. Վճռաբեկ դատարանի պալատի նախագահը դատավոր է:

2. Վճռաբեկ դատարանի պալատի նախագահըՙ

1) կազմակերպում է պալատի աշխատանքները».

ՀՀ Դատական օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին կետով, 61-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերով, 61-րդ հոդվածի 3-րդ կետի 1-ին եւ 2-րդ ենթակետերով ամրագրված դրույթների համադրումից հետեւում է, որ վճռաբեկ դատարանի նախագահը դատավոր է, հրավիրում եւ վարում է վճռաբեկ դատարանի նիստերը, իսկ 4-րդ հոդվածի 1-ին եւ 62-րդ հոդվածի 1-ին կետերով համադրումից հետեւում է, որ վճռաբեկ դատարանի պալատների նախագահները դատավորներ են:

ՀՀ Դատական օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ կետերի համաձայն`

«1. Վճռաբեկ դատարանին ներկայացված վճռաբեկ բողոքները քննության ընդունելու հարցը լուծում է վճռաբեկ դատարանի համապատասխան պալատը: Պալատի այդ որոշումները կայացվում են միաձայն եւ բողոքարկման ենթակա չեն: Դատավորներից թեկուզ եւ մեկի այլ կարծիք ունենալու դեպքում վճռաբեկ բողոքը քննության ընդունելու հարցը ենթակա է լուծման վճռաբեկ դատարանի ողջ կազմով:

3. Պալատը բողոքը քննության ընդունելու հարցը լուծում է պալատի նախագահի եւ պալատի դատավորների կազմով: Վճռաբեկ դատարանի նախագահը իրավունք ունի մասնակցելու պալատի նիստերին: Եթե վճռաբեկ դատարանի պալատի կազմը պակաս է 3-ից, ապա պալատի նիստերին մասնակցում է վճռաբեկ դատարանի նախագահը, իսկ եթե այդ դեպքում եւս կազմը պակաս է 3-ից, ապա վճռաբեկ դատարանի նախագահը պալատ գործուղում է այլ պալատի դատավոր»:

ՀՀ Դատական օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետից հետեւում է, որ վճռաբեկ բողոքը ընդունվում է վարույթ, եթե բողոքը վարույթ ընդունելուն կողմ են համապատասխան պալատի բոլոր դատավորները:

ՀՀ Դատական օրենսգրքի 53-րդ հոդվածի 3-րդ կետի 2-րդ նախադասությամբ, 61-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերով ամրագրված դրույթների համադրումից հետեւում է, որ վճռաբեկ դատարանի նախագահն իրավունք ունի մասնակցելու վճռաբեկ դատարանի պալատների նիստերին, օժտված է պալատների նախագահներին եւ դատավորներին օրենքով վերապահված բոլոր լիազորություններով, այսինքն, եթե վճռաբեկ դատարանի նախագահը մասնակցում է որեւէ պալատի նիստին, ապա նա կարող է նախագահել եւ/կամ քվեարկել տվյալ պալատի նիստի ժամանակ:

Մեկնաբանենք 53-րդ հոդվածի 3-րդ կետը:

Եթե ենթադրում ենք, որ վճռաբեկ դատարանի նախագահը մասնակցում է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու վերաբերյալ որեւէ պալատի նիստին, որի կազմը լրիվ է, նախագահում կամ քվեարկում է նշված նիստի ժամանակ, ապա ստացվում է, որ պալատի նիստին 3 դատավորների փոխարեն մասնակցում են 4 դատավորներ, կամ, եթե տվյալ պալատի կազմից բացակայում են պալատի նախագահն ու 1 դատավոր, եւ նրանց փոխարեն պալատի նիստին մասնակցում են վճռաբեկ դատարանի նախագահը եւ մյուս պալատի 1 դատավոր, ապա նշված դեպքերում խախտվում են ՀՀ Դատական օրենսգրքի 18-րդ հոդվածի 7-րդ կետի պահանջը, որի համաձայն` վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը քննվում է տվյալ պալատի նախագահի եւ պալատի դատավորների կազմով, ինչպես նաեւ խախտվում են ՀՀ քաղաքացիների` ՀՀ սահմանադրության 14.1-րդ հոդվածով ամրագրված «Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջեւ» դրույթը, որովհետեւ 1-ին տարբերակի դեպքում վճռաբեկ բողոք բերողների մի մասի համար այն վարույթ ընդունել-չընդունելու հարցը քննարկվում է 3 դատավորների կազմով, իսկ մեկ այլ մասի դեպքում` 4, 2-րդ տարբերակի դեպքում վճռաբեկ բողոք բերողների մի մասի համար այն վարույթ ընդունել-չընդունելու հարցը քննարկվում է տվյալ պալատի մասնագետ դատավորների կողմից, իսկ մյուս դեպքում ոչ մասնագետ դատավորի կողմից:

ՀՀ Դատական օրենսգրքի 54-րդ հոդվածի համաձայն`

«1. Վճռաբեկ դատարանի բոլոր դատավորները պարտավոր են մասնակցել վճռաբեկ դատարանի նիստին: Վճռաբեկ դատարանի նիստն իրավազոր է, եթե դրան մանակցում է առնվազն հինգ դատավոր:

2. Վճռաբեկ դատարանիՙ գործն ըստ էության լուծող դատական ակտը համարվում է ընդունված, եթե դրա օգտին քվեարկել է առնվազն չորս դատավոր: Եթե դատավորների խորհրդակցության ժամանակ ոչ մի առաջարկություն չի ստանում չորս ձայն, ապա բողոքը համարվում է մերժված:

3. Վճռաբեկ դատարանը գործն ըստ էության չլուծող դատական ակտերն ընդունում է նիստին ներկա դատավորների ձայների մեծամասնությամբ»:

ՀՀ Դատական օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով ամրագրված դրույթների համադրումից հետեւում է, որ վճռաբեկ դատարանի նիստն իրավազոր է առնվազն 5 դատավորի մասնակցության դեպքում, գործն ըստ էության լուծող դատական ակտերն ընդունելու համար բավական է 4 դատավորի կողմ քվեարկելը, հակառակ դեպքում բողոքը մերժվում է, իսկ գործն ըստ էության չլուծող դատական ակտերի դեպքում` այն ընդունվում է, եթե նիստին մասնակցող դատավորների մեծամասնությունը քվեարկում է կողմ:

Քննարկենք հետեւյալ տարբերակները. վճռաբեկ դատարանի նախագահի մասնակցությամբ պալատի լրիվ կազմով պալատի նիստի` բերված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունել-չընդունելու հարցի քննարկման ժամանակ, պալատի նախագահի եւ 2 դատավորների կողմ, իսկ վճռաբեկ դատարանի նախագահի դեմ քվեարկելու պատճառով հարցը տեղափոխվել է վճռաբեկ դատարանի լրիվ կազմով դատական նիստի քննության, եւ մերժվել է, որովհետեւ այն վարույթ ընդունելուն կողմ են քվեարկել պալատի բոլոր 3 դատավորները, դեմ` վճռաբեկ դատարանի նախագահն ու նիստին մասնակցող մյուս պալատի դատավորները, կամ, վճռաբեկ դատարանի նիստին մասնակցում են 6 դատավորներ, այսինքն` գործն ըստ էության լուծող դատական ակտն ընդունելուն կողմ եւ դեմ քվեարկել են 3-ական դատավորներ:

Եթե հիմք ընդունենք 54-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ պարբերության պահանջը, ապա 2 տարբերակների դեպքում էլ բերված վճռաբեկ բողոքները պետք է մերժվեն:

Ապացուցենք, որ եթե նշված տարբերակներն առաջացել են քրեական գործով բերված վճռաբեկ բողոքը լսելու ժամանակ, ապա վճռաբեկ բողոքը պետք է բավարարվի, ինչպես նաեւ ապացուցենք, որ 54-րդ հոդվածի 2-րդ պարբերության 2-րդ նախադասությունը հակասահմանադրական է` հակասում է ՀՀ սահմանադրության 21-րդ հոդվածի 2-րդ պարբերության պահանջներին:

ՀՀ սահմանադրության 21-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն` «Մեղադրյալը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը: Չփարատված կասկածները մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի» :

Վերը ներկայացված 1-ին տարբերակի դեպքում ստացվում է, որ մեղադրյալին անպարտ ճանաչելու (կամ պատիժը մեղմելու) վերաբերյալ վճռաբեկ բողոքը վարույթ չի ընդունվում 3 մասնագետ դատավորների կողմ եւ մեկ (մասնագետ կամ ոչ մասնագետ) դատավորի (դատարանի նախագահի) եւ ոչ մասնագետ 3 դատավորների դեմ լինելու հետեւանքով, իսկ 2-րդ տարբերակի դեպքում` եթե վճռաբեկ դատարանի 6 դատավորների մասնակցությամբ տեղի ունեցող դատական նիստում քննվում է քրեական գործով բերված վճռաբեկ բողոքը, որով պահանջվում է մեղադրյալին ճանաչել անպարտ, եւ առաջացել է քվեարկության 3 կողմ եւ 3 դեմ տարբերակը, ապա ՀՀ սահմանադրության 21-րդ հոդվածի 2-րդ պարբերությամբ ամրագրված դրույթներից հետեւում է, որ վճռաբեկ բողոքը պետք է բավարարվի, որովհետեւ` այն մերժելու դեպքում խախտվում է անձի անմեղության կանխավարկածը` չփարատված կասկածները մեկնաբանվում են ի վնաս մեղադրյալի: Իսկ ավելի զավեշտալի իրավիճակ կլինի այն տարբերակը, եթե մեղադրյալին անպարտ ճանաչելու վերաբերյալ վճռաբեկ բողոքը քննելու ժամանակ դատական նիստին մասնակցող 6 դատավորներից բերված վճռաբեկ բողոքին կողմ քվեարկեն քրեական պալատի նախագահն ու 2 դատավորները, դեմ քվեարկեն քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահն ու 2 դատավորները:

Եթե վերը ներկայացված տարբերակների դեպքում վճռաբեկ բողոքի մերժումը քննարկենք ՀՀ սահմանադրության 92-րդ հոդվածի 2-րդ պարբերության 1-ին նախադասությամբ եւ ՀՀ Դատական օրենսգրքի 50-րդ հոդվածի 1-ին կետով ամրագրված դրույթների տեսակետից, ապա ստացվում է, որ վճռաբեկ դատարանը ոչ թե նպաստեց իրավունքի զարգացմանը, այլ ստեղծեց օրենքի միատեսակ կիրառման մի նախադեպ, որի դեպքում խախտվում են անձի` ՀՀ սահմանադրության 21-րդ հոդվածի 2-րդ պարբերությամբ ամրագրված իրավունքները:

Կատարված մեկնաբանություններից հետեւում է, որ 54-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ պարբերությամբ ամրագրված դրույթը քրեական գործերով, ըստ էության, դատական ակտեր կայացնելու դեպքում չպետք է գործի եւ պետք է համարվի հակասահմանադրական:

ՀՀ Դատական օրենսգրքի 54-րդ հոդվածի 3-րդ կետից հետեւում է, որ վճռաբեկ դատարանը գործն ըստ էության չլուծող դատական ակտերն ընդունում է նիստին ներկա դատավորների ձայների մեծամասնությամբ:

Ակնհայտ է, որ եթե վճռաբեկ դատարանի նիստին մասնակցում են 5 դատավոր, ապա «ձայների մեծամասնությունը» հավասար է 3-ի, իսկ նիստին 6 կամ 7 դատավորների մասնակցության դեպքում` այն հավասար է 4-ի:

Ապացուցենք, որ ՀՀ Դատական օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին, 54-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ կետերում նշված որոշումները ոչ թե ընդունվում են համապատասխան պալատի նախագահն ու դատավորները, այլ նշված հարցի ելքը միանձնյա որոշում է վճռաբեկ դատարանի նախագահը:

Քննարկենք այն տարբերակը, երբ պալատի ընդունած որոշմանը վճռաբեկ դատարանի նախագահը համաձայն չէ եւ ցանկանում է ստանալ իրեն անհրաժեշտ դատական ակտը:

Քանի որ վճռաբեկ դատարանի նախագահը նաեւ դատավոր է, իրավունք ունի մասնակցելու պալատների նիստերին` պալատների նախագահների եւ/կամ դատավորների լիազորություններով, իսկ պալատների նիստերում «Դատավորներից թեկուզ եւ մեկի այլ կարծիք ունենալու դեպքում վճռաբեկ բողոքը քննության ընդունելու հարցը ենթակա է լուծման վճռաբեկ դատարանի ողջ կազմով» , ապա հետեւում է, որ եթե պալատներից որեւէ մեկը չկատարի վճռաբեկ դատարանի նախագահի ցանկությունը` իրենց վարույթում գտնվող որեւէ գործի վերջնական արդյունքի վերաբերյալ, ապա նա կմասնակցի տվյալ պալատի նիստին, իրեն անհրաժեշտ գործի քննության ժամանակ կհայտնի պալատի անդամների կարծիքին հակառակ կարծիք եւ հարցի քննությունը կտեղափոխի վճռաբեկ դատարանի ողջ կազմով քննության:

Այս դեպքում առկա են հետեւյալ տարբերակները:

Եթե պալատներից որեւէ մեկը ցանկանում է վճռաբեկ բողոքը չընդունել վարույթ, իսկ վճռաբեկ դատարանի նախագահը ցանկանում է տվյալ վճռաբեկ բողոքն ընդունել վարույթ եւ ըստ էության դատական ակտ կայացնել, ապա նա կմասնակցի պալատի` տվյալ գործի քննությանը, կներկայացնի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու նպատակահարմարությունը, եւ եթե նույնիսկ պալատի բոլոր անդամները չհամաձայնվեն վճռաբեկ դատարանի նախագահի տեսակետի հետ, ապա պալատի նախագահի եւ դատավորների տեսակետը ոչ մի նշանակություն չի ունենա, որովհետեւ ՀՀ Դատական օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ նախադասության համաձայն հարցի քննությունը կիրականացվի դատարանի ողջ կազմով, վճռաբեկ դատարանի նախագահը կապահովի դատարանի բոլոր 7 դատավորների մասնակցությունը դատական նիստին, կհայտնի տվյալ պալատի կայացրած որոշմանը հակառակ տեսակետ, մյուս պալատի դատավորների հետ միասին կունենա իր տեսակետն անցկացնելու համար անհրաժեշտ 4 (չորս) ձայնը եւ վճռաբեկ բողոքը կընդունվի վարույթ:

Եթե տվյալ պալատը ցանկանում է վճռաբեկ բողոքն ընդունել վարույթ եւ ըստ էության դատական ակտ կայացնել, իսկ վճռաբեկ դատարանի նախագահը չի ցանկանում, ապա հարցի քննարկումը նորից կիրականացվի դատարանի ողջ կազմով եւ այս դեպքում վճռաբեկ դատարանի նախագահն ի վիճակի է մյուս պալատի դատավորների միջոցով իրականացնել իր ցանկությունը եւ կայացնել իրեն անհրաժեշտ դատական ակտը:

Վճռաբեկ դատարանի ողջ կազմով դատական նիստի ժամանակ վճռաբեկ դատարանի նախագահն իր ցանկությունն ի վիճակի է իրականացնել հետեւյալ գործողությունների միջոցով:

Եթե ենթադրում ենք, որ վճռաբեկ դատարանի նախագահի տեսակետը համընկնում է տվյալ պալատի անդամների տեսակետի հետ, ապա նա դատական նիստին կապահովի մյուս պալատի ընդամենը 1 դատավորի մասնակցությունը եւ կունենա պալատի տեսակետն ընդունելու համար անհրաժեշտ 4 ձայնը (մյուս պալատի դատավորի կարծիքն այս դեպքում էական նշանակություն չունի):

Եթե ենթադրում ենք, որ վճռաբեկ դատարանի նախագահի տեսակետի հետ համաձայն է տվյալ պալատի 2 դատավորներ, իսկ 1-ը` համաձայն չէ, ապա վճռաբեկ դատարանի նախագահը դատական նիստին կապահովի մյուս պալատի ընդամենը 1 դատավորի մասնակցությունը եւ կունենա պալատի տեսակետն ընդունելու համար անհրաժեշտ 4 ձայնը (մյուս պալատի դատավորի կարծիքն այս դեպքում էական նշանակություն ունի):

Եթե ենթադրում ենք, որ վճռաբեկ դատարանի նախագահի տեսակետին համաձայն է տվյալ պալատի ընդամենը 1 դատավոր, իսկ մյուս 2-ը` համաձայն չեն, ապա վճռաբեկ դատարանի նախագահը դատական նիստին կապահովի մյուս պալատի 2 դատավորի մասնակցությունը եւ կունենա պալատի տեսակետն ընդունելու համար անհրաժեշտ 4 ձայնը (մյուս պալատի դատավորների ձայներն այս դեպքում էական նշանակություն ունեն):

Եթե ենթադրում ենք, որ վճռաբեկ դատարանի նախագահի տեսակետը հակասում է պալատի 3 անդամների տեսակետին, ապա նա դատական նիստին կապահովի դատարանի բոլոր 7 դատավորների մասնակցությունը, կհայտնի պալատի կայացրած որոշմանը հակառակ տեսակետ, մյուս պալատի դատավորների հետ կունենա պալատի տեսակետը մերժելու համար անհրաժեշտ 4 ձայնը:

Այս տարբերակի դեպքում պալատը ստիպված է լինելու կազմել իր տեսակետի հետ չհամընկնող եւ դատարանի (վճռաբեկ դատարանի նախագահի եւ մյուս պալատի դատավորների) տեսակետն արտահայտող դատական ակտ:

Կատարված մեկնաբանություններից հետեւում է, որ վճռաբեկ դատարանի նախագահը` հենվելով որեւէ պալատի դատավորների ձայների վրա, կարող է ազդել մյուս պալատի կայացրած դատական ակտերի վրա եւ ստանալ իրեն անհրաժեշտ դատական ակտը:

Այժմ մեկնաբանենք ՀՀ Դատական օրենսգրքի 53-րդ հոդվածի 3-րդ կետի 2-րդ նախադասությամբ ամրագրված դրույթը:

Այս դեպքում հնարավոր են հետեւյալ տարբերակները:

Եթե վճռաբեկ դատարանի պալատի կազմից բացակայում է պալատի նախագահը, ապա պալատի նիստն անցկացվում է վճռաբեկ դատարանի նախագահի եւ պալատի 2 դատավորների կազմով, եթե բացակայում են պալատի նախագահը եւ 1 դատավոր, ապա ապա պալատի նիստն անցկացվում է վճռաբեկ դատարանի նախագահի, պալատի 1 դատավորի եւ մյուս պալատի 1 դատավորի կազմով:

Ակնհայտ է, որ երկու տարբերակների դեպքում էլ որոշումները կայացվելու են վճռաբեկ դատարանի նախագահի ցանկությամբ, որովհետեւ, նույնիսկ եթե մյուս 2 դատավորները հայտնեն վճռաբեկ դատավորնի նախագահ տեսակետին հակառակ տեսակետ, ապա ՀՀ Դատական օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի պահանջի համաձայն նշված հարցի քննությունը կտեղափոխվի վճռաբեկ դատարանի նիստում քննության, որտեղ վճռաբեկ դատարանի նախագահի կողմից իրեն անհրաժեշտ դատական ակտի կայացման մեխանիզմն արդեն ներկայացրել եմ:

Վճռաբեկ դատարանում գործերի քննության կարգից հետեւում է, որ, ի տարբերություն առաջին ատյանի մասնագիտացված եւ վերաքննիչ դատարանի (մասնագիտացված) դատավորների կողմից դատական ակտերի կայացմանը, վճռաբեկ դատարանում դատական ակտերը կայացնում են ոչ մասնագիտացված դատավորների կողմից` որովհետեւ վճռաբեկ դատարանի նիստում քրեական պալատի դատավորի վճռաբեկ դատարանում ունեցած ձայնն ըստ էության կարող է ազտել քաղաքացիական եւ վարչական դատարանի պալատի ընդունած որոշման վրա եւ հակառակը` քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորի ձայնը կարող է ազդել քրեական պալատի ընդունած որոշման վրա:

Այս դեպքում վճռաբեկ դատարանի դատական ակտերը կլինեն օբյեկտիվ, եթե վճրաբեկ դատարանի նախագահը, քրեական պալատի, քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահներն ու դատավորները միաժամանակ լինեն քրեական եւ քաղաքացիական իրավունքների մասնագետներ:

Եթե ենթադրում ենք, որ վճռաբեկ դատարանի նախագահը, քրեական պալատի, քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահներն ու դատավորները միաժամանակ քրեական եւ քաղաքացիական իրավունքների մասնագետներ են, ապա այդ դեպքում էլ ստացվում է, որ ավելորդ է վճռաբեկ դատարանի բաժանումը քրեական պալատի ու քաղաքացիական եւ վարչական պալատի:

Կատարված մեկնաբանություններից հետեւում է, որ վճռաբեկ դատարան ներկայացրած վճռաբեկ բողոքները վարույթ ընդունել-չընդունելու հարցերը, ինչպես նաեւ վարույթ ընդունված վճռաբեկ բողոքների հիման վրա դատական ակտերի ընդունումը կախված են միայն մեկ անձից` վճռաբեկ դատարանի նախագահից, իսկ մյուս պալատների, նրանց նախագահների ու դատավորների լիազորությունները կրում են ձեւական բնույթ:

Կատարված մեկնաբանություններից հետեւում է, որ ՀՀ-ում ոչ թե ունենք օրենքի միատեսակ կիրառությունն ապահովող եւ իրավունքի զարգացմանը նպաստող վճռաբեկ դատարան, այլ` ունենք վճռաբեկ դատարանի նախագահի կողմից միանձնյա ղեկավարվող վճռաբեկ դատարան:

Կատարված մեկնաբանություններից հետեւում է, որ վճռաբեկ դատարանի նախագահը չի կարող իրականացնել իր ցանկությունները, եթե վճռաբեկ դատարանի պալատների նախագահներն ու դատավորները չենթարկվեն վճռաբեկ դատարանի նախագահի ճնշումներին, սակայն, նշվածը գործնականում անհնար է, որովհետեւ վճռաբեկ դատարանի նախագահը օժտված է նաեւ վճռաբեկ դատարանի պալատների նախագահների եւ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ արդարադատության խորհրդին դիմելու լիազորությամբ, որի նիստերում նախագահում է ինքը, եւ չի բացառվում, որ` եթե որեւէ դատավոր չկատարի վճռաբեկ դատարանի նախագահի կամքը, դատական նիստի ժամանակ արտահայտվի եւ քվեարկի վճռաբեկ դատարանի նախագահին հակառակ, ապա նրա նկատմամբ վճռաբեկ դատարանի նախագահի միջնորդությամբ կիրականացվի կարգապահական վարույթ, որի հետեւանքը կարող է լինել այն, որ վճռաբեկ դատարանի նախագահի կամքը չկատարողը կզրկվի դատավորի կարգավիճակից եւ կհամալրի գործազուրկների բանակը, եթե տվյալ դատավորը չցանկանա համալրել փաստաբանների շարքերը:

Հ.Գ. ՀՀ սահմանադրության համաձայն, դատարանները պետք է զբաղվեն արդարադատության իրականացմամբ, իսկ վճռաբեկ դատարանին, որպես դատական բարձրագույն մարմնի, ՀՀ սահմանադրությունն օժտել է օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելու առաքելությամբ, որն «իրավունքի զարգացմանը» կարող է շատ անուղղակի առնչվել, քանի որ ՀՀ սահմանադրությամբ եւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի վկայակոչմամբ կարող ենք պնդել, որ դատարանները, այդ թվում նաեւ վճռաբեկ դատարանը, նորմատիվ իրավական ակտեր ընդունող մարմիններ չեն եւ դա չի կարող գերակա լինել արդարադատություն իրականացնելու նրանց` ՀՀ սահմանադրությամբ նախատեսված առաքելությունից:

Այսօրվա իրականությունն այն է, որ վճռաբեկ դատարանը` «իրավունքի զարգացման» մղուներից ելնելով եւ որոշակի այլ խնդիրներ լուծելով, խուսափում է իրականացնել օրենքի միատեսակ կիրառության իր առաքելությունը:

ՀՀ սահմանադրության համաձայն` ՀՀ-ում օրենսդիր մարմինը ՀՀ Ազգային ժողովն է, որն իր էությամբ լինելով քաղաքական մարմին, քաղաքականություն է իրականացնում օրենքներ ընդունելու միջոցով, որն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով նախատեսված նորմատիվ իրավական ակտերի դասակարգման եւ աստիճանակարգի համաձայն` ՀՀ սահմանադրությունից հետո իրավունքի հիմնական աղբյուրն է, իսկ օրենքով չկարգավորված մնացած բոլոր հարցերը կարգավորվում են ՀՀ նախագահի հրամանագրերով, ՀՀ կառավարության եւ պետական կառավարման մարմինների ընդունած նորմատիվ իրավական ակտերով:

Ստացվում է, որ վճռաբեկ դատարանը` իր հիմնական խնդիրը լուծելու եւ ՀՀ սահմանադրությամբ նախատեսված առաքելությունն իրականացնելու փոխարեն պետք է զբաղվի իրավունքի հետազոտման եւ զարգացման հարցերով:

Եթե տառացի ենք մեկնաբանում ՀՀ սահմանադրության 92-րդ հոդվածը, ապա ակնհայտ է, որ բացի օրենքի միատեսակ կիրառության ապահովության հարցից, այլ հարցերով ՀՀ վճռաբեկ դատարանը չպետք է զբաղվի եւ վճռաբեկ բողոքները պետք է ընդունի վարույթ, պատասխանելու համար իր առջեւ դրված հիմնական հարցին` արդյոք ստորադաս դատարանները բողոք բերած անձի նկատմամբ օրենքը միատեսա՞կ են կիրառել, թե՞ ոչ` չպահանջելով բողոք բերած անձից հիմնավորել եւ զբաղվել «իրավունքի զարգացման» գիտահետազոտական աշխատանքներով:

ՀԱԿՈԲ ՃԱՐՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4