Գաբրիել Սարգսյանն արժանացավ չեմպիոնի, Վլադիմիր Հակոբյանը` փոխչեմպիոնի տիտղոսին
Անթալիայում վերջնագիծը հատեց շախմատի Եվրոպայի ակումբային առաջնությունը, որի պարգեւներն էին վիճարկում տղամարդկանց 56 եւ կանանց 18 թիմեր:
Երեւանյան թիմերից առավել հաջող հանդես եկավ Երեւանի «Միկան», որը նախորդ տարի դարձել էր հաղթող: Այս անգամ մեր աղջիկների թիմը բավարարվեց մրցանակային 3-րդ տեղով: Ավարտական տուրում «Միկան» 3-1 հաշվով պարտության մատնեց Թբիլիսիի «Ինտերպլաստին» եւ վաստակեց 10 միավոր: Թիմին հաղթական միավորներ պարգեւեցին Էլինա Դանիելյանն ու Նինո Խուրցիձեն, որոնք պարտության մատնեցին համապատասխանաբար Կետեւան Արախումիային եւ Սոպիո Գվետաձեին: Չիբուրդանիձե-Ջավախիշվիլի, Մկրտչյան-Լոմինայշվիլի պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի:
«Միկան» անցկացրած 7 մրցախաղերից 5-ը շահեց, 2-ում պարտվեց: 10-ական միավոր էին վաստակել նաեւ «Յուժնի Ուրալն» ու «Ֆինեկը», սակայն «Միկան» անցկացրած բոլոր պարտիաներում վաստակած միավորների ընդհանուր քանակով (19) գերազանցեց իր հակառակորդներին եւ արժանացավ բրոնզե մեդալի: Թեեւ նախորդ տարվա համեմատ «Միկան» մրցաշարային աղյուսակում 2 հորիզոնականով նահանջեց, սակայն ընդհանուր առմամբ կարծում ենք արդյունքը պետք է բավարար համարել:
Իսկ չեմպիոնի տիտղոսը նվաճեց Մոնտե Կառլոյի թիմը: Ավարտական տուրում թեեւ առաջատարը 1-3 հաշվով զիջեց Ռուսաստանի «Կրասնոտուրինսկին», սակայն բոլոր պարտիաներում վաստակած միավորների քանակով գերազանցեց մրցակցին: «Կրասնոտուրինսկն» էլ վաստակել էր 11 միավոր, իսկ ընդհանուր միավորների քանակով (19) ընդամենը մեկով զիջեց Մոնտե Կառլոյի թիմին:
Տղամարդկանց մրցաշարում «Բանկերի արքան» կորցրել էր մրցանակային տեղ գրավելու հնարավորությունը: Ավարտական տուրում մեր շախմատիստները ոչ-ոքի (3-3) խաղացին «Վեսնիանկայի» հետ: Ասրյան-Ֆյոդորով, Լպուտյան-Ազարով, Պետրոսյան-Ս. Ժիգալկո, Մինասյան-Ա. Ժիգալկո պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: Քոթանջյանը հաղթեց Մոչալովին, իսկ Անաստասյանը պարտվեց Լուչկոյին: Այսպիսով, «Բանկերի արքան» 9 միավորով զբաղեցրեց 11-րդ տեղը: Մեր թիմը տարավ 3 հաղթանակ, նույնքան հանդիպում ավարտեց ոչ-ոքի, կրեց մեկ պարտություն:
Սակայն հայ շախմատիստներն առանց մեդալների չմնացին: «Լինեքսի» կազմում չեմպիոն դարձավ Գաբրիել Սարգսյանը: Ավարտական տուրում «Լինեքսը» 4-2 հաշվով հաղթեց «Էկոնոմիստին»: Այդ մրցախաղում Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի ավարտեց պարտիան Ալեքսանդր Գալկինի հետ: «Լինեքսը» վաստակեց 13 միավոր (ընդհանուր միավորները` 28,5):
Սվերդլովսկի «Ուրալի» կազմում արծաթե մրցանակակիր դարձավ Վլադիմիր Հակոբյանը: Վերջին տուրում «Ուրալը» 4-2 հաշվով հաղթեց «Բոսնային» եւ վաստակելով 11 միավոր, զբաղեցրեց 2-րդ տեղը: Հակոբյանը ոչ-ոքի խաղաց Իվան Սոկոլովի հետ: Բրոնզե մրցանակակիր դարձավ «Տոմսկ-400-ը», որը վաստակեց 11 միավոր:
Ամփոփվել են նաեւ առանձին խաղատախտակների վրա անհատական ցուցանիշները: Ուրախությամբ պետք է նշել, որ 3-րդ խաղատախտակի վրա խաղացող շախմատիստներից լավագույն արդյունքն ունի Ռաֆայել Վահանյանը: Նա անցկացրած 5 պարտիաներում վաստակել է 4,5 միավոր (հնարավոր միավորների 90 տոկոսը): Համեմատության համար նշենք, որ սա մրցաշարի բոլոր մասնակիցների մեջ 2-րդ ցուցանիշն է: Ավելի հաջող հանդես է եկել միայն «Ռոխադեի» շախմատիստ Միխայել Ֆեյգինը (92,9 տոկոս), որը 7 հնարավորից վաստակել է 6,5 միավոր:
Առաջին խաղատախտակի վրա լավագույն արդյունքի է հասել «Զագրեբի» ներկայացուցիչ Կրիշնան Սասիկիրանը (85,7 տոկոս)` 7-ից 6 միավոր: Կարեն Ասրյանի ցուցանիշը 19-րդն է (57,1 տոկոս)` 7-ից 4 միավոր: 2-րդ խաղատախտակի վրա բացարձակ լավագույն արդյունքը, ինչպես վերը նշեցինք, Ֆեյգինինն է: Այստեղ Սմբատ Լպուտյանը համեստ արդյունք ունի (35,7 տոկոս)` 7 հնարավորից 2,5 միավոր: 4-րդ խաղատախտակի վրա լավագույնը «Արկուսի» շախմատիստ Ֆինն Պեդերսենն է (83,3 տոկոս)` 6-ից 5 միավոր: Գաբրիել Սարգսյանն ու Վլադիմիր Հակոբյանը ցույց են տվել միեւնույն արդյունքը (64,3 տոկոս)` 7-ից 4,5-ական միավոր: Իսկ Տիգրան Պետրոսյանը 7 պարտիաներում վաստակել է 4 միավոր (57,1 տոկոս):
5-րդ խաղատախտակի վրա վստահ խաղաց «Լինեքսի» ներկայացուցիչ Իվան Չեպարինովը (85,7 տոկոս)` 7-ից 6 միավոր: Արտաշես Մինասյանի արդյունքը 9-րդն է` 71,4 տոկոս, 7-ից 5 միավոր: 6-րդ խաղատախտակի վրա 5 հնարավորից 4,5 միավոր է վաստակել (90 տոկոս) «Ագուապրոֆիտի» ներկայացուցիչ Դավիթ Բերզեսը: Աշոտ Անաստասյանը ցույց է տվել 50 տոկոսանոց արդյունք` 6-ից 3 միավոր:
Կանանց մրցապայքարում ըստ խաղատախտակների լավագույններն են.
1-ին` Համպի Կոներու («Մոնտե Կառլո»)` 6-ից 5,5 (91,7%)
2-րդ` Հոու Յիֆան («Յուժնի Ուրալ»)` 7-ից 5 (71,4%)
Վիկտորյա Ցմիլիտե («Ֆինեկ»)` 7-ից 5 (71,4%)
Էլինա Դանիելյան («Միկա»)` 7-ից 5 (71,4%)
3-րդ` Նանա Ձագնիձե («Ինտերպլաստ»)` 6-ից 5 (83,3%)
4-րդ` Բաիրա Կովանովա («Էկոնոմիստ»)` 5-ից 4,5 (90%)
Մեր շախմատիստուհիներից 1-ին խաղատախտակի վրա Մայա Չիբուրդանիձեն 6-րդ տեղում է` 6-ից 3,5 միավոր (58,3%): 3-րդ խաղատախտակի վրա Նինո Խուրցիձեն 2-րդ արդյունքն ունի` 7-ից 5,5 (78,6%): 4-րդ խաղատախտակին Լիլիթ Մկրտչյանը 3-րդ տեղում է` 7-ից 5 միավոր (71,4%): Ինչպես տեսնում եք, այս անգամ «Միկայի» հաջողությունում ավելի ծանրակշիռ էր Էլինա Դանիելյանի եւ Լիլիթ Մկրտչյանի ներդրումը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ