Այս օրերին հայրենիքում է գտնվում փառաբանված հայ ծանրորդ, սպորտի վաստակավոր վարպետ, օլիմպիական խաղերի արծաթե մրցանակակիր, աշխարհի եւ Եվրոպայի բազմակի չեմպիոն ու ռեկորդակիր Յուրի Սարգսյանը, որն արդեն բավական ժամանակ բնակվում է Ավստրալիայում` հանդես գալով այդ երկրի հավաքականում: Անվանի հայ ծանրորդը միայն անցյալ տարի է ավարտել ելույթները մեծ սպորտում եւ այժմ Ավստրալիայի ծանրամարտի ֆեդերացիայի փոխնախագահն է:
Յուրի Սարգսյանը բնավ էլ չի խզել կապերը մայր հայրենիքի հետ, հաճախակի է այցելում Հայաստան, լինում իր հայրական օջախում, հարազատ գյուղում հիմնած ծանրամարտի մարզադպրոցում: Այս անգամ նրա այցի նպատակն առավել քան ուրախալի է: Փառաբանված ծանրորդն արժանացել է մարզական «Օսկարի» սպորտում ունեցած իր ծառայությունների, երկարատեւ ելույթների համար: Ինչպես երեկ կայացած հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը, մինչ օրս նման մրցանակի արժանացել էին միայն 15 հոգի: Յուրի Սարգսյանն առաջին ծանրորդն է, որը նման պատվի է արժանանում: «Օսկարը» Թայլանդում անցկացված կոնգրեսի ժամանակ հայ ծանրորդին է հանձնել միջազգային ֆեդերացիայի նախագահ Թամաշ Այանը: Ի դեպ, Հայաստանի ֆեդերացիան Յուրի Սարգսյանի թեկնածությունն առաջադրել է միջազգային ֆեդերացիայի տեխնիկական կոմիտեի փոխնախագահի պաշտոնում: Ընտրությունները տեղի են ունենալու հաջորդ տարի կայանալիք կոնգրեսում, որը հնարավոր է անցկացվի Երեւանում:
Յուրի Սարգսյանը նշեց, որ ուրախ է կրկին հայրենիքում գտնվելու համար: Նա գովեստով խոսեց ներկա սերնդի հայ ծանրորդների մասին, որոնք փորձում են շարունակել լավագույն ավանդույթները: Նա տեղեկացրեց, որ որդին` Դավիթը, որ շարունակում է հոր ճանապարհը, վերջին երկու տարում երկու անգամ վիրահատվել է, որի պատճառով էլ չմասնակցեց աշխարհի առաջնությանը: Որդին շուտով ժամանելու է Հայաստան եւ Ֆելիքս Ալիեւի գլխավորությամբ շարունակելու է նախապատրաստվել Պեկինի օլիմպիադային: Դավիթը 5 անգամ նվաճել է Ավստրալիայի չեմպիոնի տիտղոսը, 2 անգամ դարձել է Օվկեանիայի առաջնության հաղթող: Մինչեւ 69 եւ 77 կգ քաշային կարգերում Դավիթին են պատկանում Օվկեանիայի ռեկորդները:
Յուրի Սարգսյանը հավաստիացրեց, որ վաղ թե ուշ վերադառնալու է Հայաստան: Նա վերանորոգել է հայրական տունը, Վանաձորում էլ հող են հատկացրել մարզադպրոց կառուցելու համար: Օրերս Յուրի Սարգսյանի անվան մրցանակի համար մրցումներ են անցկացվել, որի կազմակերպումից ծանրորդը գոհ է:
Օգտվելով առիթից, ծանրամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանն անդրադարձավ աշխարհի առաջնությունում մեր ծանրորդների մրցելույթներին: Ընդհանուր առմամբ նա գոհ է արդյունքներից, մեկ անգամ եւս նշելով, որ գլխավոր խնդիրն օլիմպիական ուղեգիր նվաճելն էր: Ինչ վերաբերում է Տիգրան Մարտիրոսյանի անհաջողությանը, ապա ֆեդերացիայի նախագահը դա վերագրեց մարզիկի «աստղային հիվանդությանը» եւ հոգեբանական անբավարար պատրաստությանը: Նա կարեւորեց հավաքականում հոգեբանի անհրաժեշտության հարցը, ինչպես նաեւ բժշկական կենտրոնում բժիշկների թվաքանակի ավելացման խնդիրը: Այս հարցերով ֆեդերացիայի նախագահը մտադիր է դիմել ՀԱՕԿ-ի նախագահին եւ սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարին, որպեսզի Պեկինի օլիմպիական խաղերի նախապատրաստության եւ բուն մրցումների ժամանակ ապահովվի մեր մարզիկների բժշկական հսկողությունը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ