Ավելի քան հստակ է Երրորդ հանրապետության հիմնադիր նախագահի մարտավարական ինքնաառաջադրանքը նախագահական առաջիկա ընտրությունների սեմինՙ ամեն գնով սրել ներքին իրավիճակը եւ իշխանությանը մղել իրարահաջորդ սխալների եւ օգտվել այդ սխալներից: Նման իրավիճակներում Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաշալի է զգում իրեն, մանավանդ որ 10 տարվա քաղաքական կամավոր անգործությունից հետո, ըստ երեւույթին, կարոտել է Ազատության հրապարակը, հանրահավաքները, ծովածավալ բազմություններին, իր սեփական ձայնին, հատընտիր բառերին ու սուր որակումներին:
Այդ բոլոր կարողությունները դրսեւորելու համար նա մեկ անգամ եւս իր առջեւ ունի ընդարձակ մարտադաշտՙ 10-ամյա լռությունից կուտակված բնական հետաքրքրություն, իշխանական փոփոխությունների համար տրամադիր ականջներ, եւ ամենակարեւորըՙ անարդարությունների եւ անօրինականությունների հսկայական կուտակումներ, որոնք ծավալուն դժգոհության ալիքի վերածվելու համար անգամ միջամտության կարիք չունեն: Դժգոհության այդ ալիքի տակ կարող է մոռացվել ամեն ինչՙ ե՛ւ ներկայիս իշխանությունների օրոք ձեռք բերված որոշակի իրագործումները, ե՛ւ նախորդ իշխանությունների բոլոր մեղքերը: Շատերի համար կարեւորվելու է «սրանց» (արտահայտությունը փոխ է առնվում Լ. Տեր-Պետրոսյանի սեպտ. 21-ի հայտնի ելույթից) ասպարեզից քշելու կարգախոսը, որին կարող են հաջորդել, Աստված մի արասցե, «ղարաբաղցիներին հեռացնելու» նման վտանգավոր տրամադրությունները:
Նախընտրական ասպարեզում այժմ իրար դեմ են կանգնած հակադիր թեւերը: Առաջինըՙ խորհրդարանական ընտրություններից հետո առավել ուղղահայաց ենթակայացված իշխանական կառույցները Հանրապետական կուսակցության ու նրա լիդերի գլխավորությամբ (ընտրություններում ՀՀԿ-ի այլամերժ քաղաքականության անխուսափելի հետեւանքներից), իսկ մյուս կողմումՙ հետզհետե բեւեռացող ընդդիմությունը Լ. Տեր-Պետրոսյանի շուրջը: Առաջինի զինանոցում անշուշտ կան մեծ ռեսուրսներ, որոնց մեջ պետք չէ բացառել նաեւ ընդդիմության որոշ հատվածիՙ Վազգեն Մանուկյանի եւ կողմնակիցների, ընդհուպՙ սակարկությունների ու զիջումների միջոցով ՀՅԴաշնակցության ներգրավումը նախընտրական սեփական ճամբարում: Հանրապետականի մեծագույն առավելությունը, սակայն, մնալու է հեռուստատեսության անխնա ու միակողմանի օգտագործումը, որը բումերանգի էֆեկտով օրինական իրավունք է տալիս Լ. Տեր-Պետրոսյանին ու դաշնակիցներին դիմելու հանրահավաքային քարոզչության ձեւերին, որոնք, ինչպես ասվեց, առավել սրտամոտ են ՀՀՇ-ին ու նրա լիդերին: Դա մեզ տանում է հետՙ մինչեւ այն օրերը, երբ ներքաղաքական հարցերը լուծվում էին փողոցում եւ փողոցով:
Այս պարագայում, ՀՀՇ-ն ու նրա առաջնորդն ստանում են մի հրաշալի առավելությունՙ անվտանգության մարմինների բրտությունն ու բռնություններն օգտագործել հենց իշխանության եւ իշխանական թեկնածուի դեմ, հակամարտության եւ ատելության մթնոլորտում չխորշելով անգամ միջադեպեր հրահրելու տարբեր տեխնոլոգիաներից:
Այնպես, որ վաղը Ազատության հրապարակում սկիզբ է առնելու իրավիճակը սրելու մի գործընթաց, մի նոր շարժում, որը, դժբախտաբար, չի վերածվելու իշխանություններին հակակշռելու գործոնի, այլ, ինչպես նման նախորդ դեպքերում, լինելու է ինքնանպատակ պայքար իշխանության համար: Վասն... Անհայտի:
ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ