PKK-ն դարձել է դրա արդյունավետ միջոցը
Հոկտեմբերի 29-ին Թուրքիայում հանրապետության տոնն էր: Այսինքն, հանրապետական կարգերը երկրում հռչակվել էին 1923-ի հոկտեմբերի 29-ին: Այդ տոնի վրա իրենց կնիքն են թողել PKK-ի հետ բախումները, որոնք հիմնականում շարունակվում են Իրանին սահմանակից Ջուդի լեռան ստորոտում եւ ներկայումս Թունջելի կոչվող զազաներով բնակեցված Դերսիմում: Որքան էլ թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարի, թե հաջողվել է ծուղակի մեջ գցել PKK-ականներին, բախումներում թուրքերը տվել են եւս 5 զոհ, այն էլ մեկ օրում, հենց հանրապետության տոնին, իսկ երեկ սպանվել է 4 զինծառայող:
«Ազգը» դեռեւս հոկտեմբերի 27-ի համարում, նկատի ունենալով թուրքական կառավարության ռազմատենչ հայտարարությունները, կարծիք էր հայտնել, որ Հյուսիսային Իրաք ներխուժման հարցում Թուրքիան դարձել է սեփական նախաձեռնության պատանդը: Երեկ կառավարամետ «Ենի շաֆաք» թերթում մոտավորապես նույն տեսակետն է արտահայտել սյունաշարի հեղինակ Իբրահիմ Կարագյուլը:
Ըստ երեւույթին պատանդ դառնալու պարագան սկսել են գիտակցել նաեւ Թուրքիայի ղեկավարները, որ Հյուսիսային Իրաք ներխուժելու մտքից հրաժարվելու ուղիներ են որոնում: Դրա ապացույցը ԱՄՆ-ի եւ Իրաքի ներկայացուցիչների հետ ծավալվող բանակցություններն են, որոնց վրա էլ աշխույժ սակարկություններն են կնիք թողնում:
Հատկանշական է, որ դրանք ամենեւին էլ Թուրքիայի օգտին չեն ընթանում: Ավելին, Իրաքի ղեկավարության կամ քուրդ առաջնորդների նախաձեռնությամբ հաճախ վիժեցվում են, ինչպես, օրինակ, Հյուսիսային Իրաք ներխուժումից հրաժարվելու դիմաց PKK-ի երեք առաջնորդներին թուրքական իշխանություններին հանձնելու վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջարկը վիժեցրել էր Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանին, ասելով. «Մենք ձեզ մեր կատվին անգամ չենք հանձնի»: Հյուսիսային Իրաքի Քուրդիստան շրջանի նախագահ Մասուդ Բարզանին թեեւ կատվի հարց չշոշափեց, սակայն նա էլ ասաց, որ բացառվում է որեւէ մեկի հանձնումը Թուրքիային:
Ինչ վերաբերում է պաշտոնական Վաշինգտոնին, ապա նա էլ Թուրքիային խորհուրդ տվեց Հյուսիսային Իրաքում տեղակայված PKK-ի հենակետերի հարցը լուծել Բաղդադի վարչակարգի հետ համագործակցությամբ եւ այդ մասին կրկնեց նաեւ երեկ: Մինչդեռ թուրքական ինչպես քաղաքական, այնպես էլ զինվորական իշխանությունները, PKK-ին զինելու քրդական այս կազմակերպության առնչությամբ Թուրքիային մարտահրավեր նետող Իրաքի վարչակարգի եւ Քուրդիստանի շրջանի ղեկավարներին խրախուսելու մեջ մեղադրում էին ԱՄՆ-ին, միաժամանակ PKK-ի զինված գործունեության աննախադեպ ակտիվացումը երկրում պայմանավորում էին ամերիկյան աջակցությամբ:
Վերոհիշյալ մարտահրավերները, երկրի քրդաբնակ հարավ-արեւելյան շրջաններում վերահսկողությունը կորցնելու հավանականությունն ու ԱՄՆ-ի սպառնալից նախազգուշացումները ստիպեցին Թուրքիայի դեկավարներին հետքայլ կատարել Հյուսիսային Իրաքում PKK-ի դեմ ռազմական գործողություններ ծավալելու հարցում: Այդ գործողություններին կտրականապես դեմ են արտահայտվում նաեւ Եվրոմիությունն ու նաեւ տարածաշրջանի երկրները, բացառությամբ Սիրիայի եւ Իրանի: Այլ կերպ, Հյուսիսային Իրաք ներխուժելու դեպքում Թուրքիան բախվելու է ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ տարածաշրջանի երկրների հակազդեցությանը, իսկ թուրքական զորքերին PKK-ի հետ համատեղ դիմադրելու են կանոնավոր բանակի կարգավիճակ ունեցող փաշմարգաները, ընդ որումՙ ամերիկյան զենքով:
Թերեւս այդ ամենի առումով պատահական չէ թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Յաշար Բույուքանըթիՙ սառնասրտության մասին հայտարարությունը, թե Հյուսիսային Իրաք ներխուժելու համար առնվազն պետք է սպասել մինչեւ վարչապետ Էրդողանի նոյեմբերի 5-ին նշանակված հանդիպումը ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի հետ Սպիտակ տանը: Մինչդեռ նույն Բույուքանըթը դեռեւս հուլիսի 22-ի խորհրդարանական ընտրություններից առաջ Էրդողանի կառավարությունից ներխուժելու հրահանգ էր պահանջում:
Ամենայն հավանականությամբ, նոյեմբերի 5-ին նախագահ Բուշը վարչապետ Էրդողանին մեկ անգամ եւս կհորդորի PKK-ի հարցում համագործակցել Իրաքի վարչակարգի հետ: Վերջինս իր հերթին մատնացույց կանի այդ համագործակցության մեջ Հյուսիսային Իրաքի Քուրդիստան շրջանի ղեկավարությանը ներգրավելու անհրաժեշտությունը, իսկ քրդական հարցին քաղաքական լուծում պահանջող Մասուդ Բարզանին Անկարային վերստին կառաջարկի նստել բանակցությունների սեղանի շուրջը: Քանի որ Քուրդիստան շրջանի նախագահ Բարզանիի հետ բանակցություններ վարելը թեկուզ PKK-ի հարցում ենթադրում է ճանաչել այդ շրջանի ինքնիշխանությունը, ուստի թուրքական կողմը կհրաժարվի: Դա ելման կետ կվերադարձնի PKK-ի շուրջը ծավալվող բանակցությունները նաեւ ԱՄՆ-ի հետ, իսկ թուրքական իշխանություններն այլ ելք չեն ունենա, քան հակաքրդական նոր հիստերիա հրահրել ինչպես երկրի ներսում, այնպես էլ թուրք եւ քուրդ բնակչություն ունեցող եվրոպական երկրներում, որ ակամա սրեն քրդական հարցը:
Ինչո՞վ պայմանավորել Հյուսիսային Իրաքում տեղակայված PKK-ի հենակետերի հարցը Բաղդադի վարչակարգի հետ համագործակցությամբ լուծելու Վաշինգտոնի պահանջը: Ըստ երեւույթին, Իրաքի մասնատման ամերիկյան հաշվարկներով, որոնց հիմքում քրդական համանուն ծրագրերն են: Ահա թե ինչու, անտեսելով Անկարայի դժգոհությունը, Վաշինգտոնը PKK-ի հենակետերի հարցը փոխանցում է Բաղդադին, որն էլ իր հերթինՙ Հյուսիսային Իրաքի Քուրդիստան շրջանի ղեկավարությանը, որպեսզի վերջինս Անկարայի հետ PKK-ի հարցը բանակցելու հնարավորություն ստանա: Իրականում այդ բանակցությունը բխում է Վաշինգտոնի պահանջից: Իսկ դա նշանակում է, որ կամ Թուրքիան կընդունի պահանջը, կամ էլ PKK-ն կշարունակի զինված գործունեությունը երկրում: Այլապես Հյուսիսային Իրաքում տեղակայված PKK-ի հենակետերի վերացումը ԱՄՆ-ից անմիջական կախման մեջ գտնվող Բաղդադի վարչակարգի կամ Քուրդիստան շրջանի ղեկավարության միջոցով որեւէ դժվարություն չի ներկայացնում Վաշինգտոնի համար:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ