«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#197, 2007-10-27 | #198, 2007-10-30 | #199, 2007-10-31


ԲՅՈՒՋԵԻՑ ԴԺԳՈՀՈՂ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ ՉԿԱՆ

2008 թվականի բյուջեն Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստերում երեկ ներկայացվեց երախտագիտության ընդգծված դրսեւորմամբ եւ խիստ զբաղված անձանց ցերեկույթի մթնոլորտում: Հիմնականում պատգամավորազուրկ նիստերն անցան համարյա անհարց, եթե նկատի չառնենք հատուկենտ հարցերը, որոնցից մեծ մասի հեղինակը պատգամավոր Արծվիկ Մինասյանն էր (ՀՅԴ): Երեկ կայացած բոլոր նիստերում ընդհանուր էր զեկուցողների ասելիքըՙ մարզպետները միահամուռ ու միաբերան տեղեկացրին, որ բյուջեով նախատեսված միջոցները կբավարարեն տարեկան ծրագրերն իրականացնելուն, եւ շնորհակալություն հայտնեցին ֆինանսների նախարարությանը: ՀՀ նախագահի եւ ԱԺ աշխատակազմերի ղեկավարների ասելիքն էլ առանձնապես բովանդակային տարբերություն չարձանագրեց:

Ուր են գնում օդի 10 հազարները

Նախագահի աշխատակազմին եկող տարվա համար պետբյուջեով հատկացվելիք ընդհանուր գումարը 2 մլրդ 866 մլն դրամ էՙ 161 միլիոնով ավելի, քան այս տարի, որից 90 մլն դրամը ուղղվելու է աշխատավարձերին ու սոցիալական նախագծերին: Ոլորտում որոշ հոդվածներով խնայողություններ են եղել, որոնք կազմում են 54 մլն դրամ: Նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը հավաստեցՙ ինչպես մյուս բոլոր պետական կառույցները, այնպես էլ իրենք կարող են դժգոհել պետբյուջեով հատկացվող գումարների չափից. «Կարծում եմ, ստանում ենք այն, ինչ պետք է նախագահի աշխատանքի արդյունավետությունը ապահովելու եւ ընթացիկ գործունեությունն իրականացնելու համար: Նախատեսված գումարը եկող տարի հանգիստ աշխատելու հնարավորություն կստեղծի»:

Ի պատասխան Լարիսա Ալավերդյանի («Ժառանգություն») հարցի, Արմեն Գեւորգյանը վստահեցրեց. «Օդի 10 հազարները նախագահի հիմնադրամ չեն գնում: Մեկ տողով մտնում են պետական բյուջե եւ կարող են ինչպես պատգամավորի աշխատավարձ, այնպես էլ մյուս հատկացումների մաս կազմել»:

Պատգամավորներին միանման աշխատասենյակներ եւ համակարգիչներ

ԱԺ աշխատակազմի կրճատման հաշվին էլ աշխատավարձերի հաշվին ավելացում չի գրանցվում բյուջեում եւ տրվելիք գումարը կազմելու է 2 մլրդ 774 մլն դրամ, որից 500 մլն տրվելու է խորհրդարանի նոր մասնաշենքի գործարկմանը: Սակայն, ինչպես վստահեցրեց ԱԺ աշխատակազմի ղեկավար Հայկ Քոթանյանը, մասնաշենքը կահավորելու, ջեռուցելու, պատգամավորների համար նախատեսված միանման աշխատասենյակները տեխնիկապես զինելու լրացուցիչ ծախսեր կպահանջվեն: Այնուհետեւ քննարկվեցՙ բոլոր պատգամավորների համար միանման համակարգիչներ գնել, թե՞ գնել որոշակի քանակություն ամբողջի փոխարեն: Պատասխանը կլինի մյուս տարի:

Պաշտպանն էլ իրատեսորեն բավարարված է

127 մլն դրամ կտրամադրվի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, որի աշխատակիցների միջին աշխատավարձը կազմում է 130 հազար դրամ, իսկ տեխնիկական աշխատողների աշխատավարձը բարձրացվելու է 12,7 տոկոսով: Գրասենյակում ավելացել է խորհրդականի երկու հաստիք. մասնագետներից մեկըՙ ՆԱՏՕ-ի, մյուսը ԵԽԽՎ հետ աշխատանքը իրականացնելու խնդիր կունենան: Աշխատանքն էլ իրականացվելու է սեփական եւ ոչ վարձակալված շենքում: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն ընդգծեց, որ իրատես լինելու դեպքում բավարարված է ինստիտուտի հանդեպ պետության որդեգրած քաղաքականությունից եւ կարեւորեց գոնե երեքՙ Լոռու, Շիրակի եւ Սյունիքի մարզերում 4-5 մասնագետներից կազմված գրասենյակներ ունենալը, բայց եւ տեղեկացրեց, որ դրա համար անհրաժեշտ է միջազգային կազմակերպությունների աջակցությունը, ինչպես եղել է հարեւան երկու երկրներում:

2008 թվականին Երեւանի հոգսերն ուրիշ են լինելու

Փոխքաղաքապետ Կամո Արեյանն էլ գոհունակություն հայտնեց բյուջեից քաղաքապետարանին տրվելիք հատկացումների առնչությամբ եւ ի պատասխան պետաիրավական հարցերի ԱԺ հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի (ՀՀԿ) հարցի տեղեկացրեց. «Քաղաքապետարանը քաղաքը կաթվածահար անելու ծրագիր չի ունեցել եւ չի ունենալու, բայց ունի կապիտալ շինարարության ծրագիր եկող տարվա համար»: Կամո Արեյանի գնահատականի շարունակությունն ավելի լավատեսական էրՙ քաղաքի երթեւեկը կաթվածահար անող 11 շինարարական օբյեկտները մինչեւ տարեվերջ հանձնվելու են, բացառությամբ Տիգրան Մեծ, Ագաթանգեղոս, Խանջյան փողոցների խաչմերուկում ընթացողի, որի 300 մլն դրամ արժողությամբ ստորգետնյա աշխատանքներն ընթանալու են եկող տարի:

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4