ՀՀ նախագահ պ. Ռոբերտ Քոչարյանին
ՀՀ վարչապետ պ. Սերժ Սարգսյանին
Մեծարգո պարոնայք
Այս նամակով ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մի հիմնախնդրի վրա, որի առնչությամբ բազմիցս արտահայտվել են բազմաթիվ քաղաքական վերլուծաբաններ եւ փորձագետներ (այդ թվում եւ տողերիս հեղինակը), սակայն նրանց կոչերը գործնական հետեւանքներ չեն ունեցել: Համոզված եմ, շատ մասնագետներ կպաշտպանեն իմ այն կարծիքը, որ Հայաստանի Հանրապետությանը անհրաժեշտ է ունենալ հատուկ պետական մարմին իր տեղեկատվական քաղաքականությունը մշակելու, համակարգելու եւ, վերջին հաշվով, արտերկրում Հայաստանի բարենպաստ պատկեր ( «իմիջ») ձեւավորելու համար:
Նման մարմնի գոյության անհրաժեշտությունը բխում է առաջին հերթին Հայաստանի նկատմամբ թշնամաբար տրամադրված երկրներիՙ Ադրբեջանի ու Թուրքիայի, լայնածավալ ու հարաճուն քարոզչական գրոհին հակահարված տալու անհրաժեշտությունից (ինչի մասին Հայաստանի փորձագիտական համայնքի հնչեցրած տագնապներն օր օրի ուժեղանում են): Սակայն բացի այս նպատակից, կա նաեւ ավելի ծավալուն խնդիրՙ ձեւավորել Հայաստանի պատկերի բարենպաստ ընկալում աշխարհում, առանց ինչի անհնար է ունենալ ոչ միայն հուսալի քաղաքական, այլեւ տնտեսական ու ներդրումային հեռանկարներ:
Ասվածի անհրաժեշտությունը մասնավորապես ակնհայտորեն հետեւում է այս տարի ընդունված Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության դրույթներից, ըստ որոնց, մասնավորապես, կառավարությունը պետք է մշակի «հայեցակարգեր եւ դրանցից բխող նպատակային ծրագրեր» մի շարք ոլորտների, այդ թվումՙ «հաղորդակցական եւ տեղեկատվական անվտանգության» ոլորտի համար: Որեւէ տեղեկություն չկա, թե արդյոք այս ուղղությամբ տարվո՞ւմ է ինչ-որ աշխատանք: Սակայն եթե նույնիսկ այդ աշխատանքը կատարվում է, կարծում եմ, որ հիշյալ ոլորտում զուտ հայեցողական աշխատանքը պետք է իրականացվի ամենօրյա գործնական հետազոտական ու քարոզչական գործունեության հետ: Երկիրն ունի այս ոլորտում միասնական գործնական ուղենիշների մշակման անհետաձգելի կարիք: Հենց դրանով, իմ կարծիքով, պետք է զբաղվի հիշյալ պետական մարմինը:
Ի՞նչ է ակնկալվում այդ մարմնից: Առնվազն հետեւյալը. որպեսզի մշակվեն քարոզչական (որտեղ որ հարկն էՙ նաեւ հակաքարոզչական) աշխատանքի հիմնադրույթները, որպեսզի արտերկրի հետ գործ ունեցող յուրաքանչյուր հայաստանցի (նաեւ մեր բարեկամները արտերկրում ու սփյուռքում) գիտենա երկրի պաշտոնական դիրքորոշումները հարցերի տվյալ շրջանակի մասին, ստանա անհրաժեշտ տեղեկատվություն դիմացի («հակառակորդ կողմի») փաստարկների մասին ու պատրաստ լինի ներկայացնելու մեր դիրքորոշումը: Իսկ «հակառակորդ կողմն» իր ակտիվությունը դրսեւորում է ամենուր, այդ թվումՙ ամենաանսպասելի տեղերում` սկսած գրքերի տոնավաճառներից ու վերջացրած բժիշկների համաժողովներով: Անհրաժեշտության դեպքում այս մարմինը պետք է զբաղվի նաեւ քարոզչական նյութերի պատրաստմամբ ու տարածմամբ, արտերկրի մամուլում հրապարակումներ պատրաստելով ու նման այլ գործունեությամբ: Մեկ անգամ եւս` նման գործունեության անհրաժեշտությունը չի սահմանափակվում միայն «հակահարված տալու» խնդրով: Բազմաթիվ են դեպքերը, երբ տեղեկատվական հստակ ուղենիշների կարիք է լինում նաեւ մեր նկատմամբ ակնհայտ թշնմամական վերաբերմունքի բացակայության պայմաններում, ու նման դեպքերի քանակը ապագայում միայն ավելանալու է:
Ինչ խոսք, այս ամենը հնարավոր է միայն երկրի մասնագետների լայն շրջանների աջակցության պայմաններում: Հիշյալ պետական մարմինը պետք է մշտական կապի մեջ լինի երկրի բոլոր ոլորտների մասնագետների հետ (քաղաքագետների, պատմաբանների, տնտեսագետների, մշակույթի, բնապահպանության մասնագետների, բոլորի), որպեսզի մի կողմից նրանցից ստանա իր գործունեության համար անհրաժեշտ տեղեկատվությունը, մյուս կողմից` ձեւավորի երկրի դիրքորոշումը բոլոր համապատասխան հարցերում ու դրանք հասցնի հանրությանը, թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում:
Թե ինչ կարգավիճակ պետք է ունենա ապագա մարմինը, քննարկման խնդիր է: Ես մնում եմ նախկինում արտահայտած իմ կարծիքին, որ կարող է լինել արտգործնախարարության կազմում, սակայն այլ կարգավիճակներ եւս հնարավոր են: Կարեւորն այն է, որ նման մարմնի ստեղծումն անհապաղ անհրաժեշտ է:
Հարգանքներով`
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ, Քաղաքական եւ տնտեսական վերլուծաբան