«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#197, 2007-10-27 | #198, 2007-10-30 | #199, 2007-10-31


ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ԿԱԴՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԿՐԹԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԲԱՂԱԴՐԻՉ

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանին

Հարգարժա՛ն նախարար

Դիմում ենք Ձեզՙ աշխարհի ամենաբարձր վարկանիշ ունեցող համալսարաններում ուսանող հայաստանցի ուսանողներին աջակցելու հարցով:

Մեր դիտարկումներն են:

Նախՙ ի՞նչ համալսարաններ նկատի ունենք: Ինտուիտիվՙ այնպիսի բարձրակարգ համալսարաններ, ինչպիսիք են, օրինակ, Մասաչուսեթսի տեխնոլոգիական (ԱՄՆ) եւ Մոսկվայի ֆիզիկատեխնիկական (ՌԴ) ինստիտուտները, Հարվարդի եւ Ստենֆորդի (ԱՄՆ), Քեմբրիջի եւ Օքսֆորդի (Անգլիա), Սորբոնի (Ֆրանսիա), Մյունխենի (Գերմանիա), Մոսկվայի (ՌԴ) ու Տոկիոյի (Ճապոնիա) համալսարանները: Ավելի ճշգրիտ սահմանելու համար ամենաբարձր վարկանիշ ունեցող համալսարանների ցանկը, կարելի է դիմել համապատասխան միջազգային ինստիտուտների կողմից որոշվող վարկանիշային ցանկերին (օրինակՙ Institute of Higher Education-ի Academic Ranking of World Universities (ARWU) ցանկին, տես http://ed.sjtu.edu.cn/ranking.htm): Այս համալսարաններն առաջարկում են բարձրագույն կրթության այնպիսի որակ եւ բարձր ստանդարտներ, որոնք պարզապես անհասանելի են մեր բուհերի համար: Պատճառները` անհրաժեշտ (չափազանց թանկարժեք) նյութատեխնիկական եւ փորձարարական բազայի բացակայությունը մեզ մոտ, համապատասխան գիտակրթական դպրոցների, միջազգային խիստ խրախուսիչ մրցակցային դաշտի բացակայությունը եւ այլն:

Նշված համալսարաններ ընդունվում են միայն բացառիկ օժտված, տաղանդավոր երեխաներ: Որպես կանոն, նրանք միջազգային առարկայական օլիմպիադաների եւ նմանօրինակ այլ բարձրակարգ մրցույթների հաղթողներ են: Ակնհայտ է, որ այդ համալսարաններն ընդունված մեր երեխաները ամենահեռանկարայիններից են եւ նրանց ամեն կերպ աջակցելը մեր պարտքն է:

Ավելին, վերը ասվածը հիմք է տալիս կատարելու շատ ավելի ընդհանուր եզրահանգում. արտասահմանյան ամենաբարձր վարկանիշ ունեցող համալսարաններում բարձրակարգ կադրերի պատրաստումը պիտի դիտել որպես մեր կրթական ռազմավարության կարեւոր բաղադրիչ: Ըստ ամենայնի` արժե սույն դրույթն այս կամ այն կերպ արտացոլել համապատասխան պաշտոնական հայեցակարգային փաստաթղթերում: Անշուշտ, նման մոտեցումը ենթադրում է տարբեր հետեւություններ եւ համապատասխան քայլեր` իրավական, ֆինանսական, կազմակերպչական: Ուստի առաջարկում ենք կազմակերպել այս հարցադրման լայն մասնագիտական քննարկում:

Սույն նախաձեռնության առաջին փուլում մենք ակնկալում ենք հետեւյալը.

1. Իրավական դաշտի կարգաբերում (մասնավորապես, բոլոր ուսանողների համար վերացնել հանրապետությունից ելքի թույլտվության տրման պայմանավորումը պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում ձեւակերպված լինելու հետ եւ հանել 8.5 մլն դրամի գրավ դնելը նշյալ ամենաբարձր վարկանիշ ունեցող համալսարաններում ուսանելու մեկնողների համար),

2. Տարեկան 50 մրցութային ուսանողական կրթաթոշակների սահմանում (յուրաքանչյուրըՙ տարեկան $3600 չափով),

3. Շրջանավարտների համար տարեկան 10 մրցութային գրանտի սահմանում կոնկրետ, նպատակային աշխատանք կատարելու համար պետականորեն սահմանված գերակա ուղղություններով (յուրաքանչյուր գրանտըՙ 5 տարի ժամկետով, տարեկան $12000 չափով) «վերադարձի գրանտներ»:

Ինչ վերաբերում է օժանդակության հնարավոր մեխանիզմներին եւ ֆինանսավորման աղբյուրներին, կարծում ենք, ներկա պահին կարելի է ՀՀ գիտության եւ կրթության նախարարության հովանու եւ մոնիտորինգի ներքո նախաձեռնել համապատասխան մի նպատակային ծրագիր` «Հայաստան» համահայկական հիմնադրամի շրջանակներում, կամ ստեղծել առանձին հիմնադրամ (պետական հովանավորությամբ, սա կարեւոր է): Այսկերպ հնարավոր կլինի միավորել բոլոր առկա ուժերըՙ պետական, մասնավոր անձանց, հայրենական մասնավոր կապիտալը եւ սփյուռքահայությանը: Նշենք, որ ներկա դրությամբ սփյուռքահայ հիմնադրամները կանոնադրորեն չեն կարող ուղիղ աջակցություն ցուցաբերել արտասահմանյան բուհերի Հայաստանի քաղաքացի ուսանողներին: Տեղեկացնենք նաեւ, որ մի քանի սփյուռքահայ ու հայաստանյան բարեգործական կազմակերպություններ ու մեր հանրապետության որոշ գործարարներ հավանություն են տվել սույն նախաձեռնությանը եւ պատրաստակամություն հայտնել աջակցելու առաջարկվող նպատակային ծրագրին կամ հիմնադրամին ֆինանսապես (որպես կանոն, ընդհանուր ծրագրի սահմաններում սահմանելով սեփական նպատակային կրթաթոշակներ):

ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԽՈՒՄԲ

(բազմաթիվ ստորագրություններՙ անվանի մտավորականներ, գործիչներ)


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4