Բրիտանացի անկախ ռեժիսոր, գրող եւ օպերատոր Սյու Դելին Հայաստան է ժամանել «Արեւորդի» տարածաշրջանային բնապահպանական առաջին փառատոնի հրավերովՙ բերելով իր «Վայրի կղզիները» ֆիլմաշարը, որ պատմում է Չենել կղզիների վայրի բնության մասին: Ստորջրյա նկարահանումների մեջ վարպետացած Սյուն հանդիսատեսի համար բացահայտում է ստորջրյա բնության գեղեցկությունըՙ կորալներով պատված ժայռերը, բազմերանգ բույսերն ու կենդանիները, փորձելով գտնել իրեն հետաքրքրող բազմաթիվ հարցերի պատասխանները: Ֆիլմաշարը բաղկացած է 5 մասիցՙ «Վայրի Ալդերնի», «Վայրի գարուն», «Վայրի նավահանգիստներ», «Վայրի նվաճողները», «Վայրի սարք»: Այսպես, օրինակ, «Վայրի նավահանգիստներ» ֆիլմում նա դժվարանում է պատկերացնել, որ մարդկանց աշխույժ անցուդարձի պայմաններում վայրի բնությունը դեռեւս գոյություն ունի:
Սյու Դելիի լիամետրաժ առաջին ֆիլմն արժանացել է միջազգային 2 մրցանակի, որից հետո այն գնել է «National Geographic» հեռուստաալիքը: Նա ունի բրիտանական կղզիների ստորջրյա լուսանկարների հարուստ արխիվ, այդ լուսանկարները տպագրվել են բնության պատմության վերաբերյալ բազմաթիվ գրքերում եւ ամսագրերում:
Նա հարգարժան հյուր էր ոչ միայն «Արեւորդի» փառատոնի, այլեւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան համար, որն ի պատիվ նրա ընդունելություն էր կազմակերպել ուրբաթ օրը, «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում: Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Էնթոնի Քանթորը նշեց, որ փառատոնի հանդեպ իրենց ջերմ վերաբերմունքը բխում է այն առանձնահատուկ ուշադրությունից, որ բրիտանական կառավարությունը հատկացնում է բնության պահպանությանն ու դրան առնչվող թեմաներին: Տարբեր երկրներից բերված տասնյակ ֆիլմերի ցուցադրությունը փառատոնի մասնակիցներին տվել է փոխշփման ու ճանաչման հնարավորություն: Սյու Դելին անչափ տպավորված էր հայաստանցի երեխաների նկարահանած ֆիլմերով: «Դիտել եմ մոտ 40-50 ֆիլմ, որոնցից առավել տպավորիչ ու ազդեցիկ էին երեխաների նկարահանած ֆիլմերը: Դուք պետք է անպայման դիտեք այդ ֆիլմերը, Հայաստանի կառավարությունըՙ նույնպես: Չափազանց հետաքրքրական է տեսնել, թե ինչ են երեխաները զգում, ինչպես են պատկերում իրենց շրջակա միջավայրը: Ինձ համար մեծ պատիվ էր Հայաստան գալը, ուղղակի հիացած եմ նրա հրաշալի բնությամբ: Մայրաքաղաքը նման է բոլոր մեծ քաղաքներին, ամեն ինչ գրեթե նույնն է, զարմացնող ոչինչ չկա: Երեւանից դուրս մի ուրիշ աշխարհ է. այսօր տեսա Գեղարդը, հոյակապ տեսարան էր, սքանչելի: Կցանկանայի երկար մնալ այստեղ եւ լավ ճանաչել ձեր երկիրը: Տպավորված եմ նաեւ փառատոնից, շատ լավ էր կազմակերպված, կարծում եմ, պետք է դառնա ավանդական եւ անցկացվի ամեն տարի կամ գոնե 2 տարին մեկ: Իսկապես, հրաշալի փառատոն էր»:
Հոկտեմբերի 24-28-ը անցկացված փառատոնում ցուցադրվել է մոտ 120 ֆիլմ, 40 երկրիցՙ Հարավային Կորեայից մինչեւ Ֆինլանդիա: Տարածաշրջանային երկրներից ամենաթույլ մասնակցությունն ունեցել է Ադրբեջանըՙ մեկ ֆիլմ, այն էլՙ Չեխիայի հետ համագործակցությամբ: «Բավականին հյուրեր ունեինք Թուրքիայից, սովորաբար մեր թուրք գործընկերներն ավելի ակտիվ են: Գեղեցիկ ֆիլմեր էին բերվել Իրանից, Ռուսաստանից եւ այլ երկրներից», ասաց փառատոնի նախագահ Ռուբեն Խաչատրյանը, հավելելով, որ փառատոնային ծրագիրը կազմելիս հենվել են այն գիտակցության վրա, որ բնապահպանական թեման համամարդկային է եւ չունի սահմաններ: «Այդ մոտեցումը պետք է մշակել, զարգացնել: Վստահ եմ, որ նման փառատոները օգտաբեր կլինեն, քանի որ փառատոնային ծրագրում երեխաների համար ընդգրկել էինք բնապահպանության թեմայով կրթական ֆիլմեր, որոնք ցուցադրվել են Երեւանի բազմաթիվ դպրոցներում: Բացի այդ, անցկացրել ենք էկոտուրիզմին ու ցանցային համագործակցությանը նվիրված քննարկումներ, հիմք դնելով տարածաշրջանային բնապահպանական շարժմանը»:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ