«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#197, 2007-10-27 | #198, 2007-10-30 | #199, 2007-10-31


ՀԱՐԿԱՅԻՆԸ ՍԿՍԵԼ Է ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԸ «ԳԱԼԱ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Գյումրու «Գալա» հեռուստաընկերությունը, որը հոկտեմբերի 14-ին եթեր էր հեռարձակել Լեւոն Տեր-Պետրոսյանի սեպտեմբերի 21-ի ելույթն ամբողջությամբ եւ հաջորդ օրը հարցազրույցի էր հրավիրել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին, արդեն բազմաթիվ «հյուրեր» է ունեցել հարկային, ազգային անվտանգության եւ պետական մի քանի այլ ծառայություններից: Նախօրեին «Գալա» հեռուստաընկերության հիմնադիր Վահան Խաչատրյանին են այցելել հարկային ծառայության երեւանյան օպերլիազորներըՙ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՊԾ օպերատիվ հետախուզության վարչության առաջին բաժնի ավագ օպերլիազոր Հովիկ Հովհաննիսյանը, գլխավոր օպերլիազոր Հարություն Սուքիասյանը եւ խմբի ղեկավար, նույն վարչության առաջին բաժնի պետ Գագիկ Օհանյանը: Ստուգումների ժամանակ նրանց են միացել նաեւ գյումրեցի երեք գործընկերները, ովքեր, ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի տեղեկությամբ, իրենց պահել են բացարձակ հարգալից: Հեռուստաընկերության հիմնադիր Վահան Խաչատրյանը օպերլիազորներից պահանջել է ներկայացնել աշխատանքային վկայականները: Բացի ՀՊԾ օպերատիվ-հետախուզության վարչության առաջին բաժնի պետ Գագիկ Օհանյանից, մյուսները ներկայացրել են իրենց աշխատանքային վկայականները:

Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը շեշտում է, որ ընտրությունների նախաշեմին զանգվածային լրատվամիջոցներում անցկացվող որեւէ գերատեսչական ստուգում, անկախ դրա ելքից, կաշկանդում է լրատվամիջոցի աշխատանքն ու հնարավոր ազատությունը: «Այդօրինակ ստուգումները ընտրությանը նախորդող 6-8 ամիսների ընթացքում դիտվում են որպես ԶԼՄ-ների նկատմամբ ուղղակի ճնշում: Այս արատավոր պրակտիկայի վերջը տալու ժամանակն է», կոչ է անում ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4