Երկարացման նոր ժամկետ չի լինելու
Ընդառաջելով բջջային կապի օպերատորներ «Արմենտել» եւ «Ղ-Տելեկոմ» ընկերությունների դիմումներին, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, երեկ որոշեց բջջային կապի կանխավճարային հեռախոսաքարտերի բաժանորդների պայմանագրերի կնքման ժամկետները երկարացնել ոչ թե մինչեւ 2008-ի հունվարի 1-ը, ինչպես նախատեսված էր հանձնաժողովի որոշման նախագծով, այլ մինչեւ 2008-ի մարտի 1-ը: Երեկ տեղի ունեցած արտահերթ նիստի ժամանակ հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն այս որոշումը պայմանավորեց այն հանգամանքով, որ ընկերությունները չհասցրեցին պայմանագրեր կնքել սահմանված ժամկետներում: Դրանում մեղավոր են ինչպես ընկերությունները, այնպես էլ բաժանորդները, որոնք սովորույթի համաձայն, պայմանագրեր կնքելը թողնում են վերջին օրերին:
Միաժամանակ Ռոբերտ Նազարյանը կոչ արեց օպերատորներին ավելի ակտիվ գործել եւ տեղավորվել սահմանված ժամկետներում: «Ժամկետների երկարացման նոր որոշում չի լինի», նշեց հանձնաժողովի նախագահը:
Ինչպես հայտնի դարձավ հանձնաժողովի նիստի ժամանակ, «Արմենտելը» պայմանագրեր է կնքել կանխավճարային քարտեր ունեցող իր բաժանորդների 25 տոկոսի, իսկ «Վիվասելը»ՙ 17 տոկոսի հետ:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ