Հայ թատրոնի պատմությանը հայտնի են շատ ու շատ «թատերական ընտանիքներ», որոնց թվում է Երվանդ Ղազանչյան եւ Գալյա Նովենց զույգի կազմած ընտանիքը: Հոկտեմբերի 29-ին, ՀՀ կառավարության հոբելյանական հանձնաժողովի որոշմամբ, Գ. Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում մեծ հանդիսությամբ տոնվեց Գալյա Նովենցի եւ Երվանդ Ղազանչյանի ծննդյան 70 ամյակները: Հանդիսությանը ներկա էին վարչապետ Սերժ Սարգսյանը, Բելա Քոչարյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը եւ ՌԴ -ից ու այլ երկրներից հյուրեր: Այդ օրը շնորհավորական բազմաթիվ ուղերձների ու նվերների շարքին ավելացավ եւս մեկըՙ Բեյրութի Վ. Փափազյանի անվան թատերախմբի հղած գնահատանքի ջերմ խոսքը, որը փոխանցելու համար Երեւան էին ժամանել թատերախմբի անդամներից մի քանիսը, ատենապետ Տրդատ Ավետիքյանի գլխավորությամբ: Փափազյանականները շնորհավորելով հոբելյարներին, բարձր գնահատեցին Երվանդ Ղազանչյանի նվիրումը հայ թատրոնին եւ ութ տարի անընդմեջ իր «թեւի տակ» առած Բեյրութի թատերախմբին, այն համարելով պարոնյանցիների քույր թատրոն:
Մեր ժամանակների նշանավոր գեղագետ, դերասան եւ ռեժիսոր ՀՀ ժող. արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Երվանդ Ղազանչյանը թատերական բնագավառում բեղուն մանկավարժական, հասարակական ակտիվ գործունեություն է ծավալել մայր թատրոնում, Գյումրիի ու Լոս Անջելեսի, Երեւանի պատանի հանդիսատեսի ու դրամատիկական թատրոններում, Բեյրութում ու Կիպրոսում: Արտաշատի, Կապանի, գեղարվեստաթատերական ինստիտուտի ուսանողական թատրոններում, Անգլիայում ու Իրանում, հեռուստա եւ ռադիոթատրոններում Դոնի Ռոստովում ու Մերձբալթյան երկրներում, «Հայֆիլմում» Մոսկվայում ու ապա Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում, ուր մինչեւ օրս ստեղծագործում ու շարունակում է հիացնել թատերասեր հանդիսատեսին: Անշուշտ, իր մեծ ուսուցիչներիցՙ Վարդան Աճեմյանից, Գեորգի Տովստոնոգովից ու նաեւ հայ բեմի վարպետներից առած դասերն են, որ արդեն կես դար իմաստավորում են տաղանդաշատ բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի ստեղծագործական ուղին, հաստատում են նրա ստեղծագործ բեմական արժեքները: «Քանի դեռ մի հայ գոյություն ունի, հայ թատրոնը պետք է ապրի, ուզեն, թե չուզեն, դա ոչ մեկից կախված չէ...», ասում է Երվանդ Ղազանչյանը: «Ռեժիսորություն չի կարելի սովորել, այն ներքուստ կոչված պիտի լինի: Ռեժիսորը միաժամանակ դերասան պիտի լինի: Այդպիսին է ծնվել մեր Երվանդը», նրա մասին ասել է Վարդան Աճեմյանը:
Երվանդ Ղազանչյան ռեժիսորն իր անդրանիկ հաջողությունիցՙ Դոստոեւսկու «Ապուշը» ներկայացման բեմականացումից հետո մուտք դրեց թատրոն ամուր քայլերով ու շարունակում է առ այսօր:
ՀՀ ժողովրդական արտիստուհի, պետական մրցանակի դափնեկիր Գալյա Նովենցը ինքնատիպ երեւույթ է հայ բեմարվեստում ու կինոյում: Հանդիսատեսն, ինչ ազգի էլ պատկանելիս լինի, անվերապահորեն նրա արվեստին է գերեվարվում եւ նրան ընդունում իբրեւ իր հույզերի արտահայտիչ: Ցավոք Գալյա Նովենցը նվիրվեց կինոյին ու շատ քիչ, սակայն հրաշալի դերակատարումներ թողեց հայ թատրոնի պատմության էջերում: Արվեստագետ, թատրոնին անմնացորդ ամուսինները մշտապես իրար օգնում ու լրացնում են, երբ հարցը վերաբերում է թատրոնին եւ այդ սերն ու նվիրումը փոխանցում են զավակներին, այժմ արդեն թոռներին:
«Ազգը» շնորհավորելով հոբելյարներին, խնդրեց պատասխանել մի քանի հարցերի: Ի՞նչ է թատրոնը ձեզ համար: «Թատրոնը իմ կյանքն է, որին ես նվիրված եմ անմնացորդ եւ սիրում եմ... Դեռ մանկուց, երբ 12 տարեկան էի, մեր բակում թատրոն-թատրոն էինք խաղում, ու դա դարձավ ճակատագրական, որի համար ես գոհ եմ իմ Աստծուց», ասաց Երվանդ Ղազանչյանը: Իսկ Գալյա Նովենցը նշեց. «Եթե ես դերասանուհի չդառնայի ու թատրոնը այսքան չսիրեի, չեմ էլ կարող պատկերացնել, թե ինչ մասնագիտություն կընտրեի: Որտեղ էլ լինեմՙ բեմում, կինոնկարահանման հրապարակում, թե ժողովրդի մեջ, ես միշտ սեր ու նվիրում եմ հաղորդում նրանց, վերապրելով բոլոր այն կերպարները, որ խաղացել եմ ու դեռ խաղալու եմ»:
«Ազգը» միանալով բազմաթիվ շնորհավորանքներին, հոբելյարներին մաղթում է ստեղծագործական նոր վերելքներ:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ