«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#197, 2007-10-27 | #198, 2007-10-30 | #199, 2007-10-31


ՀԱՅՈՒՀԻՆ, ՈՎ ԳՐԱՎԵԼ Է ՄԱԿԵԴՈՆԱՑԻՆԵՐԻ ՍՐՏԵՐԸ

Արմինե Փիլոյանիՙ Մինեի մասին

«Հայ մշակույթի դեսպանը Մակեդոնիայում». այսպես են մակեդոնացիները բնորոշում մեր հայրենակցուհի Արմինե Փիլոյանինՙ Մինեին, ում խեցեգործական աշխատանքների յուրաքանչյուր ցուցադրություն տեղացիների համար դառնում է մշակութային իրադարձություն: Նրա մասին բազմիցս հրապարակումներ են եղել մակեդոնական մամուլում, տեսանյութեր են ներկայացվել տեղի հեռուստատեսությամբ, անդրադարձել է նաեւ մեր մամուլը: Այդուհանդերձ, ավելորդ չհամարեցինք մեկ անգամ եւս անդրադառնալ երիտասարդ հայուհու գործունեությանըՙ օգտվելով նրաՙ հայրենիքում գտնվելու հանգամանքից: Զրույցի սկզբում հետաքրքրվեցինք, թե ե՞րբ ենք Մինեի աշխատանքների ցուցադրությունը տեսնելու Հայաստանում: Մինեն պատասխանեց, որ ինքն էլ անհամբերությամբ է սպասում այդ միջոցառմանը, պարզապես կազմակերպական ինչ-ինչ խնդիրներ պիտի լուծվեն, իսկ ցուցադրելու բան շատ կաՙ նոր հավաքածու, իրագործված նոր մտահղացումներ: Առայժմ զբաղված է մակեդոնական մի քանի քաղաքներից ստացված հրավերներին նախապատրաստվելով, եւ ո՛չ միայն... Մինեն ակտիվ դերակատարում ունի նաեւ տեղի հայության համախմբման գործում:

Մինչ կյանքում իր կոչումը գտնելըՙ խեցեգործությանը նվիրվելըՙ Արմինեն զբաղվում էր լեզվաբանությամբ: ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետի անգլերենի բաժինն ավարտելուց հետո սկսել է դասավանդել «Հրաչյա Աճառյան» համալսարանում, այնուհետեւ հայրենի Արմավիրում աշխատել է ջրամատակարարման նորաստեղծ մի ընկերությունումՙ որպես գլխավոր տնօրենի ասիստենտ: Այս աշխատանքը շրջադարձային դեր ունեցավ աղջկա կյանքում. գլխավոր տնօրենըՙ ազգությամբ մակեդոնացի Յանե Վրտեսկին, դարձավ նրա ամուսինը: Սակայն Արմինեն այն աղջիկներից չէր, ովքեր, ունենալով բարեկեցիկ կյանք, ապրում են սոսկ առօրյա հոգսերով: Անընդհատ ձգտումըՙ նորը սովորելու, կատարելագործվելու, ինքնարտահայտվելու եւ տարբեր ասպարեզներում ինքնադրսեւորվելու, նրան հանգիստ չէր տալիս: Նա սկսեց համագործակցել ամերիկահայ բանաստեղծուհի Դայանա Տեր-Հովհաննիսյանի հետՙ թարգմանելով եւ հրատարակության պատրաստելով հայ կին գրողների ստեղծագործությունների անթոլոգիան, այնուհետեւ սկսեց հաճախել Հ. Իգիթյանի գեղագիտական դաստիարակության կենտրոնՙ խեցեգործության դասեր առնելու Նունե Բադալյանի մոտ: 4-ամսյա ամենօրյա դասընթացները տվեցին իրենց արդյունքը. ստեղծագործելու անհագ ցանկությամբ վարակված Արմինեն արագ յուրացրեց խեցեգործական արվեստը եւ սկսեց պատրաստել իր առաջին հավաքածուն: «Խեցեգործության հիմքում երեք կարեւորագույն տարրերիՙ հողի, ջրի, կրակի հետ աշխատանքն է. ջուրը խառնվում է հողին եւ կրակով թրծվում: Երեքն էլ ամբողջությամբ զգալու համար աշխատում էի եւ այսօր էլ աշխատում եմ միայն մատներովՙ առանց կաղապարների, առանց գործիքների: Անբացատրելի մի հաճույք է կավի ջերմությունը զգալը», պատմում է Արմինեն: Հետո նա սովորեց նաեւ մոմի մոդելավորում, սկսեց զարդեր պատրաստել ո՛չ միայն կավից, այլեւՙ արծաթից: Խեցեգործական աշխատանքների հետ միասին նա միշտ ներկայացնում է նաեւ իր բիժուտերիական աշխատանքները, որոնք Մակեդոնիայում մեծ հաջողություն են վայելում եւ արագ վաճառվում:

Ամուսնու եւ երկու դուստրերի հետ մշտական բնակություն հաստատելով Մակեդոնիայումՙ Արմինեն սկսեց ուսումնասիրել այդ երկրի մշակույթը: Խեցեգործությունը, նրա խոսքերով, այդ երկրում չափազանց հարգի է, սակայն կավն օգտագործում են միայն կենցաղային իրեր, ամանեղեն պատրաստելու նպատակով: Մինչդեռ մենքՙ հայերս, կավին ավանդաբար ավելի գեղարվեստորեն ենք վերաբերվում: Արմինեի խեցեգործական աշխատանքներն առաջին իսկ ցուցահանդեսում այլոց աշխատանքներից առանձնացան իրենց ինքնատիպությամբ, ուրույն ճաշակով ու ոճով. նա անմիջապես ուշադրություն գրավեց տարբեր երկրներից ժամանած մյուս 65 արվեստագետների շարքում եւ արժանացավ մրցանակի: Խեցեգործությունը, նրա խոսքերով, Մակեդոնիայի մշակույթի նախարարության մշտական ուշադրության առարկան է. Բիտոլա քաղաքում, օրինակ, նախարարը խեցեգործներին նվիրել է մի մեծ շենք, որտեղ նրանք ստեղծագործում են, ցուցադրում իրենց աշխատանքները եւ վաճառում:

Խեցեգործությունից բացիՙ բազմաշնորհ Մինեն, ինչպես նրան բնորոշում են տեղացիները, անդամակցում է նաեւ Սկոպյեի Կանանց ինտերնացիոնալ կազմակերպությանը, որն ունի 110 անդամ աշխարհի գրեթե բոլոր երկրներից: Կազմակերպությունում ընդգրկված կանայք անցկացնում են բարեգործական մշակութային միջոցառումներՙ իրենք իսկ հանդես գալով արվեստի այս կամ այն ձեւում, միջոցառումներից ստացված հասույթն էլ փոխանցելով կարիքավոր մանուկներին: Արմինեն այդ միջոցառումներում ե՛ւ երգում է, ե՛ւ նվագումՙ դաշնամուր, քանոն:

Մակեդոնիայում հայերը մեծ թիվ չեն կազմում. թեպետ գիտեն իրենցՙ հայ լինելը, բայց հայերեն խոսել չեն կարողանում: Ուշագրավ է, սակայն, այն փաստը, որ, ինչպես Արմինեն է պատմում, այնտեղ «պատահական» հայ ընտանիքներ չկան. բոլորը մտավորականներ են եւ մակեդոնացիների մեծ հարգանքն են վայելում: «Ապրիլի 24-ին հայերս մշտապես հավաքվում ենք, հարգանքի տուրք մատուցում Եղեռնի զոհերի հիշատակին», պատմում է Արմինեն: Նա, սերտ կապեր ունենալով տեղի հայության հետ եւ իմանալով վերջիններիսՙ մայրենի լեզուն սովորելու մեծ ցանկության մասին, հանձն է առել նաեւ այդ առաքելությունը. այժմ դասընթացների ծրագիրն է մշակում ու գրքեր ձեռք բերում, որպեսզի, վերադառնալով, սկսի պարապմունքները:

Առաջիկա դեկտեմբերին նա ունենալու է մի քանի ցուցահանդես մակեդոնական քաղաքներում: Եվ արդեն իսկ ունի բազմաթիվ նոր ծրագրեր, որոնք, վստահ ենք, անպայման իրագործելու էՙ իրեն բնորոշ լավատեսությամբ, նվիրվածությամբ, ժպիտով...

ԱՆՈՒՇ ԲԱԲԱՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4