«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#197, 2007-10-27 | #198, 2007-10-30 | #199, 2007-10-31


ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԽՆԴՐԻ ԱՐԾԱՐԾՈՒՄԸ ՀԱՐՎԱՐԴԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Նախիջեւանի պատմաճարտարապետական հուշարձանների խնդիրը ԱՄՆ-ի գիտական շրջանակներին ներկայացնելու համար Հարվարդի համալսարանի եւ Հայագիտական ուսումնասիրությունների ու հետազոտությունների Բելմոնտի ազգային կենտրոնի պաշտոնական հրավերով ԱՄՆ-ում է գտնվում այդ բնագավառի ճանաչված մասնագետ, հայագետ-նախիջեւանագետ, ՀՀ մշակույթի նախարարության պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայության գիտական գծով փոխտնօրեն Արգամ Այվազյանը:

Հիշյալ կազմակերպությունների, COPRIM ֆոնդի եւ ճարտարապետության պատմաբան, դոկտոր Անահիտ Տեր-Ստեփանյան ընտանիքի կողմից կազմակերպվող ու հովանավորվող միջոցառումների թվում նոյեմբերի 1-ին Հարվարդի համալսարանում կազմակերպվում է Նախիջեւանի մշակույթի հարցերին նվիրված գիտական բանավեճ: Գիտական բանավեճին, որը վարելու է Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Ջեյմս Ռասըլը, Ա. Այվազյանից բացի կմասնակցեն շոտլանդացի ճարտարապետ Սիմ Սթիվենը եւ Անահիտ Տեր-Ստեփանյանը (Sacred Heart University): Հաջորդ օրը` նոյեմբերի 2-ին համալսարանի Ռուսաստանի եւ Եվրասիայի ուսումնասիրությունների Դեվիս կենտրոնում կբացվի Ա. Այվազյանի եւ Ս. Սթիվենի Նախիջեւանի հուշարձանների լուսանկարչական ցուցահանդեսը, որը կտեւի մինչեւ նոյեմբերի 19-ը ներառյալ:

Այս միջոցառումներից բացի, Ա. Այվազյանը Նախիջեւանի պատմության, մշակույթի եւ հուշարձանների վերաբերյալ հարուստ ցուցադրական նյութերով եւ դասախոսություններով հանդես կգա Բոստոնում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում:

Հանդիպումների ժամանակ կցուցադրվի նաեւ Նախիջեւանի պատմամշակութային ժառանգությանը նվիրված Ա. Այվազյանի հեղինակային «Բանտված հայաշխարհ» տեսաֆիլմաշարի առաջին` «Խզված մեղեդի` Ջուղա» ֆիլմը:

Հարկ է ընդգծել, որ Ա. Այվազյանը մեր այն հայագետներից է, որը կարեւոր աշխատություններ հրատարակելուց բացի, հայ ժողովրդի պատմության ու մշակույթի խնդիրները Հայաստանից բացի ներկայացնում է արտերկրում, օտար եւ հայ մասնագետներին, սփյուռքահայությանը: Վերջին տարիներին նման ծրագրերով նա հանդես է եկել Ֆրանսիայում, Հունաստանում, Իրանում, Ռուսաստանի Դաշնությունում եւ այլ երկրներում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4