«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#197, 2007-10-27 | #198, 2007-10-30 | #199, 2007-10-31


ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՀԱՏՎԵԼ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԵՂԵՎՆԻՆԵՐԸ

Մի խումբ հասարակական կազմակերպություններ հանդես են եկել բողոքի հայտարարությամբ

Հոկտեմբերի 26-ին հատվել են Գյումրու Անկախության հրապարակի կենտրոնի յոթ եղեւնիները, որոնք մոտավորապես 35-40 տարեկան էին: Հատումը կատարվել է քաղաքային իշխանության գիտությամբ ու կարգադրությամբ: Նույն օրը պատասխանելով փաստով անհանգստացած տեղական հեռուստաընկերությունների հարցին, քաղաքապետ Վարդան Ղուկասյանը նման քայլը պատճառաբանում էր, թե եղեւնիները ծերացած էին, փակում էին հրապարակի շենքերը, թե նման որոշում կայացնելուց առաջ ինքը խորհրդակցել է մասնագետների հետ, ի վերջո, այդ ծառերը հատելու համար կայացվել է ավագանու որոշում: Որքան կարելի էր հասկանալ` նույնը սպասում է նաեւ քաղաքի կենտրոնական եւ Թատերական հրապարակների եղեւնիներին:

Երեկ Գյումրու մեկուկես տասնյակ հասարակական կազմակերպություններ, նրանց միացած քաղաքացիներ հանդես են եկել հայտարարությամբ, որում իրենց տարակուսանքն են հայտնում այդ ծառերի հատման վերաբերյալ: Նշելով, որ Անկախության հրապարակի եղեւնիները ոչ թե վնասում էին հրապարակի տեսքին, այլ զարդարում էին այն, եւ որ դրանք ոչ թե ծերացած, այլ երիտասարդ ծառեր էին (բերված հանրագիտարանային տվյալներով` եղեւնիների կյանքի միջին տեւողությունը 250-300 տարի է), հայտարարության հեղինակները տեղի ունեցածը համարել են տարօրինակ ու անհասկանալի, ոչ այլ ինչ, քան «օրինականացված վանդալիզմ»:

Տարրական ճշմարտություն է, ասվում է հայտարարությունում, որ դեկորատիվ բուսականությունը, այս դեպքումՙ եղեւնիները, ճարտարապետական լուծումների բաղադրիչ են, դրանք չի կարելի դիտել ճարտարապետությունից ու քաղաքաշինությունից անջատ: Հենց այս մեկնաբանությամբ էլ դրանք 40 տարի առաջ տնկվել էին Գյումրու ամենագեղեցիկ հրապարակներից մեկում եւ չէին հատվել անգամ 1992-94 թվականների էներգետիկ ճգնաժամի տարիներին: Այդ եղեւնիները մեր պատմության մի մասն են, եւ ոչ ոք բարոյական իրավունք չուներ դրանք կամայականորեն հատելու:

Արձանագրելով, որ ավագանու որոշմամբ եւ քաղաքապետի նախաձեռնությամբ Գյումրի քաղաքի առանց այն էլ աղքատիկ կանաչ տարածքներին հասցվել է նշանակալի վնաս, ծառերի հատման հարցում համայնքային իշխանություններն արհամարհել են քաղաքի բնակիչների կարծիքը, հայտարարության հեղինակներն այս քայլի նախաձեռնողներից ու որոշում կայացնողներից առաջիկա 30 օրերի ընթացքում ակնկալում են համարժեք արձագանք` այս բողոքի հայտարարության եւ քաղաքին հասցված վնասի հատուցման վերաբերյալ: «Պատրաստ ենք նրանց կամ նրանց ներկայացուցիչների հետ քննարկել այս խնդիրն ու լուծման հնարավոր բոլոր տարբերակները», ասվում է հայտարարության վերջում, որը ստորագրողների թվում են Սախարովի անվան հայկական իրավապաշտպան կենտրոնի Շիրակի տարածաշրջանային մասնաճյուղը, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, «Բիոսոֆիա», «Գեոֆոն», «Կայունություն եւ առաջընթաց», Գյումրու ուսանողական խորհուրդ, «Մեղվիկ» կենտրոն եւ այլ ՀԿ-ներ:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4