Չիկագոյում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունը թեւակոխել է վճռական փուլ: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քաշային յուրաքանչյուր կարգում ութ ուժեղագույն բռնցքամարտիկները Պեկինի օլիմպիադայի ուղեգիր կնվաճեն: Վճռորոշ մենամարտերից առաջ կազմակերպիչները պայքարը շարունակող բռնցքամարտիկներին հանգստանալու հնարավորություն են ընձեռել: Հոկտեմբերի 29-ը հանգստյան օր էր: Այնպես որ, մենամարտերը վերսկսվեցին Երեւանի ժամանակով երեկ կեսգիշերին:
ՀՀ հավաքականը Չիկագոյում ներկայացված էր 8 քաշային կարգում: Մեր բռնցքամարտիկներից պայքարից դուրս են մնացել Դերենիկ Գիժլարյանը (51 կգ), Վաչագան Ավագյանը (54 կգ) եւ Անդրանիկ Հակոբյանը (75 կգ): Իսկ մյուս հինգ բռնցքամարտիկները կշարունակեն պայքարը:
Մինչեւ 48 կգ քաշային կարգում պայքարի մեջ էին ներգրավվել 37 բռնցքամարտիկներ: Հովհաննես Դանիելյանը հոկտեմբերի 31-ի կեսգիշերին կմրցի վրաց բռնցքամարտիկ Զվիադ Խադուրիի հետ: Հաղթանակի դեպքում հայ բռնցքամարտիկն օլիմպիական ուղեգիր կնվաճի: Նման հնարավորություն ունեն նաեւ մեր մյուս բռնցքամարտիկները: Մինչեւ 64 կգ քաշային Էդուարդ Համբարձումյանի մրցակիցը կլինի կորեացի Կվան Սո Պարկը, իսկ Ազատ Հովհաննիսյանը (57 կգ) իր 3-րդ մենամարտը կանցկացնի ամերիկացի Ռայնել Ուիլյամսի հետ: Երկուսն էլ ռինգ դուրս եկան երեկ կեսգիշերին: Հաջորդ օրը իրենց մենամարտերը կանցկացնեն Ցոլակ Անանիկյանը (81 կգ) եւ Հրաչյա Ջավախյանը (60 կգ): Անանիկյանի մրցակիցը կլինի լիտվացի Դաուգիրդաս Սեմիոտասը, իսկ Ջավախյանը կմրցի ֆիլիպինցի Գենեբերտ Բասադրեի հետ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ