«Հանրապետական» մարզադաշտում կայացավ առաջնության սկզբունքային հանդիպումներից մեկը: «Փյունիկը» հյուրընկալել էր «Միկային»: Խաղասկզբում դաշտի տերերը հասան հաջողության, որն ինչպես պարզվեց հետագայում, հանդիպման միակ գոլն էր: 7-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Հենրիխ Մխիթարյանը գլխի հարվածով բացեց հաշիվը: Բաց թողած գոլը ստիպեց «Միկայի» ֆուտբոլիստներին դիմելու ակտիվ գործողությունների: Նրանք սկսեցին հաճախակի դիմել հեռահար հարվածների: Սակայն այդ օրը վստահ էր գործում «Փյունիկի» ուրուգվայցի դարպասապահ Իգնասիո Բոգդադը: Նա հետ մղեց Կարեն Ավոյանի, Ալեքսի, Կլեբերի վտանգավոր հարվածները: 87-րդ րոպեին էլ հաշիվը հավասարեցնելու փորձ կատարեց Նիկիտա Ֆուրսինը, սակայն նրա գլխի հարվածը մի փոքր շեղ ստացվեց:
«Փյունիկն» էլ իր հերթին ձգտում էր ավելացնել հաշվի տարբերությունը, բայց վտանգավոր պահեր ստեղծել չեմպիոնին չէր հաջողվում: Թերեւս հիշարժան էր թիմի ավագ Սարգիս Հովսեփյանի վտանգավոր հարվածը, որը հետ մղեց «Միկայի» դարպասապահը:
Այսպիսով, հաղթելով 1-0 հաշվով, «Փյունիկը» վաստակեց 51 միավոր եւ ստանձնեց առաջատարի դերը: Փյունիկցիները 2 միավորով գերազանցում են «Բանանցին»: Իսկ պարտությունը բավական դժվարացրեց մրցանակակիր դառնալու «Միկայի» խնդիրը, որը վաստակել է 41 միավոր եւ 7 միավորով հետ է մնում 3-րդ հորիզոնականում ընթացող «Արարատից»: Այդ պայքարում շատ բան կարող է վճռվել նոյեմբերի 4-ին կայանալիք «Միկա»-«Արարատ» մրցախաղում: Ոչ-ոքի արդյունքի դեպքում արարատցիները նվազագույնը կապահովեն բրոնզե մեդալները:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ