«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#197, 2007-10-27 | #198, 2007-10-30 | #199, 2007-10-31


ՀԱՄԱՌՈՏ

ՌԴ պաշտպանության նախարարը Հայաստանում

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մտադիր է լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկել Գյումրիում գտնվող ռուսական 102-րդ ռազմական բազայի բարեկարգման ուղղությամբ, հայտարարել է պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովըՙ բազան այցելելուց հետո: Նա նշել է, որ ցանկանում էր անձամբ ծանոթանալ ռուս զինվորների ապրելու պայմաններին: Սերդյուկովը հայտարարել է նաեւ, որ իր գերատեսչությունը ծրագրում է վերականգնել բազայի տարածքում գտնվող 19-րդ դարի ռուս ուղղափառ եկեղեցու շենքը: Ավելի ուշ Ռուսաստանի պաշտպանության նախարարը հանդիպել է վարչապետ Սերժ Սարգսյանի հետ:

Լարվածություն աբխազական հակամարտության շրջանում

Երեկ ռուս խաղաղապահները ձերբակալել էին 3 վրացի ոստիկանների, որոնք, ըստ նրանց, խանգարել են խաղաղապահների գործունեությանը: Դեպքը առաջացրել էր վրացական կողմի դժգոհությունը: Դեպքի վայր էր ժամանել նույնիսկ երկրի նախագահ Սաակաշվիլին եւ միայն վերջինիս միջնորդության շնորհիվ վրացի ոստիկաններն ազատ էին արձակվել: Վրաստանի նախագահը հայտարարել է, որ խաղաղապահների գումարտակի հրամանատար Սերգեյ Չամբան այսուհետեւ համարվում է ոչ ցանկալի անձ Վրաստանի տարածքում, եւ սպառնացել է ավելի կոշտ միջոցների դիմել, եթե ձերբակալության դեպքերը կրկնվեն:

Մահափորձ Ալիեւի դեմ

Ռուս հայտնի հեռուստալրագրող Սերգեյ Կարաուլովը, որը նաեւ հայտնի է իր ադրբեջանամետ հայացքներով, երեկ Բաքվում հայտարարել է, թե իբր Միխայիլ Գորբաչովը որոշել էր սպանել Հեյդար Ալիեւին եւ նույնիսկ դրա համար մարդասպան էր վարձել: Սակայն, ըստ Կարաուլովի, հետագայում որոշվել էր Ալիեւի առողջության վրա ազդել հատուկ սարքերի միջոցով, որոնց ռադիոալիքներն առաջացնում են սրտանոթային անբավարարվածություն: Հեռուստալրագրողը պնդում է, որ այսպիսով Ալիեւի սրտի կաթված են առաջացնում, ինչն էլ հետագայում պատճառ էր դարձել, որ վերջինս պաշտոնաթող լինի:

8,5 տարիՙ ադրբեջանցի խմբագրին

Ադրբեջանցի հայտնի լրագրող, «Գյունդելիք Ազերբայջան» եւ «Ռեալնի Ազերբայջան» թերթերի գլխավոր խմբագիր Ֆատուլաեւը դատապարտվել է ութուկես տարվա ազատազրկման: Երեկ ադրբեջանական դատարանը Ֆատուլաեւին մեղավոր էր ճանաչել ահաբեկչության, ծառայողական դիրքի օգտագործմամբ անձի կողմից ազգային, ռասայական, սոցիալական կամ կրոնական թշնամանք հրահրելու եւ այլ հոդվածներով: Հիշեցնենք, որ Էյնուլա Ֆատուլաեւը միակ ադրբեջանցի լրագրողն էր, ով համարձակվել էր մեկնել Ղարաբաղ եւ նույնիսկ հարցազրույց էր վերցրել նախագահ Արկադի Ղուկասյանից:

Թուրքիայի համբերությունը սպառվում է

Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկրի համբերությունը վերջանում է եւ նա սպասում է ԱՄՆ-ի ակտիվ գործողությունների Քրդական բանվորական կուսակցության դեմ պայքարում: Նոյեմբերի 5-ին նախատեսված է Թուրքիայի վարչապետի հանդիպումը ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի հետ: Անկարան պահանջում է, որ խոստումների փոխարեն իրական քայլեր ձեռնարկվեն քրդական խմբավորումների դեմ:

Մեղադրանք ընդդիմության ներկայացուցիչներին

Երեկ հայտնի դարձավ, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշի ոստիկանությունը մեղադրանք է ներկայացրել հոկտեմբերի 23-ի քայլերթի մասնակիցներից 5-ի նկատմամբ: Հաղորդվում է, որ քրեական մեղադրանքներ են ներկայացվել Նիկոլ Փաշինյանի, Շողեր Մաթեւոսյանի, Պետրոս Մակեյանի ու նրա երկու որդիների նկատմամբ: Որպես խափանման միջոց առայժմ ընտրվել է չբացակայելու ստորագրությունը:

Լեւոն Տեր-Պետրոսյանը ընդունեց դեսպանին

Առաջին նախագահի մամուլի գրասենյակը երեկ պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որ Լ. Տեր-Պետրոսյանն ընդունել եւ մեկ ժամ տեւողությամբ զրույց է ունեցել Հայաստանում Լիտվայի գործերի ժամանակավոր հավատարմատար Կեստուտիս Ստանկեւիչուսի հետ: Մանրամասներ չեն հաղորդվում:

Որտեղ է լինելու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը

Հայտնի է դարձել, որ Հայաստանի վարչապետի շտաբը Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղակայվելու է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շենքում: Հիշեցնենք, որ Խանջյան փողոցի այդ շենքում նախկինում գտնվում էր ՀՀՇ-ի շտաբը, մինչեւ նրա հանձնումը ՀՖՖ-ին: Նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբը տեղակայված էր Գիտությունների ազգային ակադեմիայում, սակայն հավանաբար վարչապետը գիտության փոխարեն նախապատվությունը տալիս է սպորտին: Սակայն հարց է առաջանում, թե ինչու Սերժ Սարգսյանը չի ընտրել շախմատի ֆեդերացիայի շենքը:

ՆԱՏՕ-ն չի ապահովի ադրբեջանական խողովակաշարի անվտանգությունը

Հյուսիսատլանտյան դաշինքը հրաժարվել է մասնակցել Բաքու-Ջեյհան խողովակաշարի անվտանգության ապահովմանը: ՆԱՏՕ-ն բացասական պատասխան է տվել նաեւ խողովակաշարի անվտանգության ապահովման նպատակով արդիական սարքավորումներ տրամադրելու Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի խնդրանքներին: Դաշինքը հայտարարել է, որ տվյալ հարցով պետք է զբաղվեն այն երկրները, որոնց տարածքով անցնում է խողովակաշարը:

Դավադրություն Լիբանանում

Լիբանանի խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Սաադ Հարիրին հայտարարել է, որ սիրիական հատուկ ծառայությունները դավադրություն են կազմակերպելՙ ցանկանալով սպանել երկրի վարչապետ Ֆաուդ Սինիորային եւ իրեն: Ըստ Հարիրիի, ներկայումս լիբանանյան հատուկ ծառայությունները քայլեր են ձեռնարկում այդ դավադրությունը բացահայտելու համար:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4