Վրաստանի Կախեթի շրջանում մի քաղաք կա` Սղնախի, ուր բնակիչներից շատերն են անտեղյակ, որ այդ գյուղում է ծնվել ու մանկությունն անցկացրել հայտնի նկարիչ Գեւորգ Բաշինջաղյանը: Անցյալ շաբաթ Վրաստանում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ Բաշինջաղյանի ծննդավայրում, նրա հայրական տանը տեղադրվեց հուշատախտակ: Թերեւս Վրաստանում հայատառ բովանդակությամբ առաջին հուշատախտակն անգամ նույն տան անտեղյակ բնակիչներին այսուհետեւ կտեղեկացնի քաղաքի հայտնի բնակչի մասին:
Գեւորգ Բաշինջաղյանը ոչ միայն հայկական, այլեւ կովկասյան բնանկարային գեղանկարչության հիմնադիրն է: Սրանք Վրաստանի գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր Գիա Բուխաձեի խոսքերն էին հուշատախտակի բացման հաջորդ օրը Թբիլիսիում տեղի ունեցած Բաշինջաղյանի 150-ամյակին նվիրված երեկոյին, որին մասնակցում էին ինչպես Վրաստանում Հայաստանի դեսպանության, այնպես էլ Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի եւ Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչներ: Բուխաձեն ներկայացրեց Բաշինջաղյանի ժառանգությունը, ստեղծած կտավներն ու դրանց մեծարժեք նշանակությունը, հիշատակելով, որ Բաշինջաղյանն առաջինն էր կովկասյան նկարիչներից, որ ձեռք բերեց մասնագիտական կրթություն` ավարտելով Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիան:
Երեկոյին Վրաստանում Հայաստանի դեսպան Հրաչ Սիլվանյանը, անդրադառնալով Բաշինջաղյանի արվեստին, ընդգծեց նրա կտավներում հայկական այնպիսի սիմվոլների արտացոլումը, ինչպիսիք են Արարատն ու Սեւանա լիճը: Դեսպանը շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպման համար, նշելով, որ հայտնի բնանկարչի 150-ամյակին նվիրված միջոցառումների գաղափարը վաղուց էին հղացել:
Ներկաներից շատերը խոսեցին Բաշինջաղյանի ու նրա ստեղծագործությունների մասին, խոսեցին եւ վրացի նկարիչներ, հավաքորդներ եւ պրոֆեսորներ: 1880-ական թվականներին Բաշինջաղյանը անցել է Անդրկովկասով, եղել Սեւանի ափին, հմայվել Արարատով: Բաշինջաղյանն իր կտավներում առանձնահատուկ ներկայացրել է նաեւ Անին: Առաջին ցուցահանդեսը տեղի է ունեցել Թբիլիսիում 1883-ին, երբ արդեն շահել էր Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայի արծաթե մեդալը` «Կեչիների պուրակը» նկարով:
Բաշինջաղյանը նաեւ բավականին հետաքրքրական գրող է:
Բաշինջաղյանի ստեղծագործությունների զգալի մասը գտնվում է մասնավոր հավաքածուներում, տարբեր թանգարաններում: Նրա գեղանկարների մեծարժեք հավաքածուն ցուցադրվում, պահպանվում է Հայաստանի ազգային պատկերասրահում:
Նոյեմբերի 9-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի Գեւորգ Բաշինջաղյանի աշխատանքների ցուցահանդես: Բացի այդ, նախատեսվում է հրատարակել Բաշինջաղյանի աշխատանքների ամբողջական ալբոմ:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Թբիլիսի-Երեւան