«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#202, 2007-11-03 | #203, 2007-11-06 | #204, 2007-11-07


ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆՆԵՐԸ ԵՎ ՌԱՄԿԱՎԱՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ՀԱՅ ԴԱՏԸ ԵՎ ԱՅԼ ՀԱՐՑԵՐ

Ինչո՞ւ նախագահական ընտրություններից առաջ

Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) եւ Ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ) ներկայացուցիչները երեկ հավաքվել էին «Անի պլազա» հյուրանոցում` քննարկելու համահայկական խնդիրների շուրջ իրենց մոտեցումները: Օրակարգում Հայոց ցեղասպանության ճանաչման, Հայ դատի, Ղարաբաղի հարցի հայանպաստ լուծման, Ջավախքի եւ ջավախահայության, միջազգային ասպարեզում Հայաստանի հեղինակության բարձրացման հարցերն էին, զեկույցներով հանդես եկան միջկուսակցական համաժողովի մասնակիցները: Այս հարցերն էին կարողացել միավորել վաղեմի մրցակիցներ եւ գաղափարական տարբերություններ ունեցող ավանդական երկու կուսակցություններին: Ի դեպ, համաժողովի գաղափարը ծնվել է երկու կուսակցությունների եւ Հնչակյան կուսակցության ղեկավարների ապրիլյան հանդիպմանը, սակայն, ինչպես նշվեց համաժողովում, Հնչակյան կուսակցության բացակայությունը պայմանավորված է ժամանակային խնդիրներով:

ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի խոսքով, հայկական ավանդական երեք կուսակցությունները Հայաստանից դուրս ներկայացնում են առնվազն հայ ժողովրդին, եւ շատ կարեւոր է, որ այդ կուսակցությունները լինեն ակտիվ, լինեն դերակատար, լինեն փոխադարձ համագործակցության մեջ, առնվազն համահայկական հարցերի առումով լինեն համերաշխ: Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչը կարծում է, որ եթե ռամկավարներն ու դաշնակցականները կարողացել են հաղթահարել իրար միջեւ եղած մրցակցությունները, ապա դա կարող է լավ օրինակ լինել Հայաստանի քաղաքական դաշտի համար: «Օրինակ, ես վատ զգացի, որ առաջին նախագահի հետ հանդիպմանը Ալիկ Արզումանյանը հայտարարեց, որ իրենք Հանրապետական կուսակցությանը չեն հանդիպի: Ես զարմացա, եթե մենք իրենց հանդիպեցինք, ինչո՞ւ իրենք ՀՀԿ-ին չեն հանդիպում», շեշտեց Հրանտ Մարգարյանը: «Այդպես էլ չիմացա՞ք, ինչու չհանդիպեցին Հանրապետական կուսակցությանը», «Ազգի» հարցին ի պատասխան Հ. Մարգարյանն անկեղծացավ. «Չէ, ճիշտն ասած, չիմացանք»:

ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչը չբացառեց, որ իրենք ՌԱԿ-ի հետ կհամագործակցեն նաեւ առաջիկա նախագահական ընտրություններում, եւ վերջիններս գուցե պաշտպանեն ՀՅԴ թեկնածուին. «Ես հույս ունեմ, որ ոչ միայն ռամկավարները, այլեւ բոլորն էլ կպաշտպանեն Դաշնակցության թեկնածուին. ես այդ հույսով եմ ապրում»:

Տեղեկություններ կան, որ Հայաստանի ռամկավար ազատական կուսակցությունն առաջիկա նախագահական ընտրություններին միանալու է «Ազգային վերածնունդ» եւ «Դաշինք» կուսակցություններին ու հանդես չի գալու սեփական թեկնածուով, հնարավո՞ր է, որ ՌԱԿ-ը պաշտպանի Դաշնակցությանը: ՌԱԿ ներկայացուցիչներից Ասատուր Դեւլեթյանը չբացառեց, որ ՌԱԿ-ը կպաշտպանի ՀՅԴ-ին, սակայն ընդգծեց, որ դեռեւս նման որոշում չի կայացվել: Նրա խոսքով, Հայաստանի ՌԱԿ-ը չի կարող ինքնուրույն որոշել եւ ընտրություններում աջակցել որեւէ ուժի` առանց իրենց համաձայնության: (Ի դեպ, սույն հաստատումը հակասում է ՀՀ օրենքներին: - Գ.Գ.) Ասատուր Դեւլեթյանի խոսքով, իրենց միասնական ժողովում պիտի քննարկվի հարցը, բայց մյուս կողմից էլ` ՀՅԴ-ն դեռ պաշտոնապես չի հայտարարել նախագահի իր թեկնածուի մասին: Նա ոչինչ չասաց այն մասին, որ եթե, ինչպես քանիցս նշվել է մամուլում, ՀՌԱԿ-«Դաշինք» առաջիկա միաձուլման արդյունքում Սամվել Բաբայանը դառնա ղեկավար, կարո՞ղ է վերջինս էլ պաշտպանել ՀՅԴ թեկնածուին...

Ինչո՞ւ են հայկական այս երկու կուսակցությունները որոշել վերը նշված հարցերի քննարկումը կազմակերպել հիմա, երբ Հայաստանի ներքաղաքական կյանքում սպասվում է այնպիսի կարեւոր իրադարձություն, ինչպիսին են նախագահական ընտրությունները: «Նախընտրելի պիտի ըլլար 10 տարի առաջ, 20 տարի առաջ, դժբախտաբար չէ եղած, այսօր ավելի լավ, քան թե վաղը», շեշտեց Ա. Դեւլեթյանը, ում համոզմամբ, երեք ավանդական կուսակցություններն ազգի համար պետք է միաձուլեն իրենց ճիգերը: Ասատուր Դեւլեթյանը հայտնեց, որ կուսակցությունը կփոխադրվի Հայաստան, երբ հայրենադարձության, երկքաղաքացիության օրենքը վերջնականապես կհաստատվի Ազգային ժողովում, մոռանալով, որ կուսակցությունը վաղուց, արդեն 1991թ.-ից պաշտոնապես փոխադրվել եւ գործում է Հայաստանում ի դեմս ՀՌԱԿ-ի:

«Նախագահական ընտրություններում ՀՅԴ-ին պաշտպանելու հարցը չի քննարկվել: Կարող է ընտրությունից ընտրություն համագործակցություն լինի, կարող է եւ չլինի, բայց դա չէ հիմնական նպատակը», ասաց ՀՅԴ անդամ, Հայ դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանն` առավել կարեւորելով երկու կուսակցությունների հանդիպմամբ միջկուսակցական համագործակցության մշակույթի ստեղծումը:

ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանի համար ՌԱԿ-ն այն ուժն է, որի հետ ՀՅԴ-ն վիճելու բան ունի. «Մեզ համար գաղափարական մրցակիցը շատ ավելի մեծ արժեք ունի, քան մրցել մի անդեմ զանգվածի հետ, որի հետեւում ոչ մի գաղափար չկա, միայն փող կա»: Թե որոնք են փող ունեցող անդեմ զանգվածները, Վահան Հովհաննիսյանը չմանրամասնեց: Վահան Հովհաննիսյանը եւս չբացառեց ՌԱԿ-ի հետ նախագահական ընտրությունների հարցը քննարկելու հնարավորությունը, հետո էլ հավելեց, որ իրենք ոչ միայն կողջունեն ՌԱԿ-ի հաստատումը հայրենիքում, այլեւ կաջակցեն նրան:

Միջկուսակցական համաժողովի ավարտին ՌԱԿ եւ ՀՅԴ պատվիրակները 10 կետից բաղկացած հայտարարություն են ընդունել առաջադրված խնդիրներում համագործակցությունը խորացնելու մասին: Համաժողովը նաեւ որոշել է կազմել ստորագիր կուսակցությունների ղեկավարների խորհուրդ, որը կհամագործակցի վերոնշյալ առաջնահերթությունների շուրջը:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4