Հայտարարում է Բանվորական կուսակցության նախագահ Դողու Փերինչեքը
Անցյալ ամիս PKK-ի մարտիկների հետ բախումներում թուրքական անվտանգության ուժերը շուրջ 40 զոհ էին տվել, չհաշված Հաքքյարիում զորամասի վրա կատարված հոկտեմբերի 21-ի հարձակումը, որի հետեւանքով 12 զինծառայող սպանվել էր, իսկ 8-ին գերեվարել էին: Նոյեմբերի 5-ին Սպիտակ տանը կայացած Բուշ-Էրդողան հանդիպումից առաջ Իրաքում ամերիկյան ուժերի հրամանատարության միջամտությամբ PKK-ն թուրք գերիներին հանձնել էր Թուրքիայի ազգային մեծ ժողովում ներկայացված «Ժողովրդավարական հասարակարգ» կուսակցության պատգամավորներին: Ամերիկացիները Հյուսիսային Իրաքի Քուրդիստան շրջանի մայրաքաղաք Էրբիլում ընդունելով 8 զինծառայողներին, տեղափոխել էին նախ Մոսուլ, որտեղից էլ ուղղաթիռով ուղարկել Դիարբեքիր:
Գերիների ազատումը նոր իրարանցում է առաջացրել Թուրքիայի քաղաքական շրջանակներում այն պատճառով, որ PKK-ն նրանց անմիջականորեն հանձնել է Թուրքիայում քրդերի համար ինքնավարություն պահանջող քրդական «Ժողովրդավարական հասարակարգ» կուսակցության ներկայացուցիչներին, իսկ թուրք զինծառայողները ազատման պահին հրաժեշտ են տվել PKK-ականներին, սեղմելով վերջիններիս ձեռքը:
PKK-ին գերի հանձնվելու համար 8 թուրք զինծառայողներին նախ դատապարտել էր արդարադատության նախարար Մեհմեդ Ալի Շահինը: Նրա օրինակին էին հետեւել պետական եւ քաղաքական այլ գործիչներ, բարձրացնելով գերեվարված զինվորներին ռազմական ատյանում իբրեւ դավաճանների դատելու հարցը:
Թեեւ նոյեմբերի 7-ին թուրքական ռազմական ատյանի ներկայացուցիչը հրապարակավ անհիմն համարեց զինվորներին վերագրվող դավաճանության մեղադրանքը, սակայն նույն օրը «Սաբահի» վկայությամբ ասպարեզ իջավ Բանվորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքը: Նա, լինելով նախկին մաոյիստ, ներկայումս քեմալական ազգայնականության թերեւս ամենածանրակշիռ ներկայացուցիչն է: Փերինչեքը, ինչպես նշվել է թուրքական մամուլում, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ պայքարին, ինչպես նաեւ քրդական ռազմարշավին ցուցաբերած ակտիվ մասնակցությամբ զգալի գերազանցում է «գորշ գայլերին»:
Ահա թե ինչ է ասել Փերինչեքը. «Եթե ես լինեի կառավարության տեղը, ապա ութ գերի զինվորներին չէի վերցնի PKK-ի ձեռքից: Երանի այդ զինվորները սպանված լինեին եւ գային դագաղներով: Այդ դեպքում մենք բարոյական վնաս չէինք կրի, որովհետեւ նրանց ազատումը լուրջ վնաս է պատճառել մեր երկրին: Այս պատերազմում կարեւորը արժանապատվությունն ու ինքնասիրությունն է: Ութ զինծառայողին ազատել է նրանց գերեվարմանը նպաստող ԱՄՆ-ն: Դա արվել է թուրք ազգի արժանապատվությունը վիրավորելու համար»:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ