«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#204, 2007-11-07 | #205, 2007-11-08 | #206, 2007-11-09


ԱՍՈՒԼԻՍ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՊԱՑԻՖԻԶՄԻ, ԱՂԵՏՆԵՐԻ ԵՎ ՌՈՄԱՆՏԻԶՄԻ ՄԱՍԻՆ

Քաղաքական դաշտում տեղի ունեցող երեւույթների կանխատեսման ու հատկապես ապագա նախագահական ընտրություններին էր վերաբերում երեկ Մամուլի ազգային ակումբում հրավիրված մամուլի ասուլիսը, որին մասնակցում էին ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը «Ժառանգություն» խմբակցությունից, Հակոբ Մանասերյանը` ԱԺ նախկին պատգամավոր, Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Արամ Մայիլյանը, Գերագույն խորհրդի եւ ԱԺ նախկին պատգամավոր, ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը: «Անորոշ է այն հարցը, թե Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես կգա՞ որպես թեկնածու, թե՞ ոչ», ասաց Լարիսա Ալավերդյանը, որ, ինչպես միշտ, հայտնում էր միայն իր եւ ոչ թե խմբակցության կամ կուսակցության կարծիքները: Տեղեկացվեց, որ հանդիպմանը հրավիրել էին նաեւ ՀՀՇ-ի եւ Լ. Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչներին, որոնք զբաղվածության պատճառաբանությամբ մերժել էին հրավերը:

Քաղաքագետ Արամ Մայիլյանը Տեր-Պետրոսյանին համեմատեց քաղաքական դաշտի սանիտարի հետ, որը վերադառնալով քաղաքականություն, ասպարեզում թողեց ուժեղ բեւեռային ուժերի` իրեն եւ Սերժ Սարգսյանին: Բանախոսն «անլուրջ» որակեց ընդդիմության մոտեցումը, որը չկարողացավ հանդես գալ միասնական թեկնածուով: «Երկու թեկնածուներն էլ 1988-ի շարժման առաջնորդներից են, երկուսն էլ գալիս են ջնջելու շարժման նվաճումները` Լ. Տեր-Պետրոսյանը ջնջելու է Ղարաբաղի հաղթանակը, Սերժ Սարգսյանը գալիս է ջնջելու էս փո՜քր, փխրուն ժողովրդավարությունը, որը նա արդեն իսկ անում է: Էն, որ մամուլի ակումբներում արգելեցին նկարահանումները եւ այլն, դե, գիտեք էդ ամեն ինչը», ասաց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Արամ Մայիլյանը: Սա է այն հիմնավորումը, որով քաղաքագետը ենթադրում է, որ այս ընտրություններն աղետաբեր են լինելու: «Լ. Տեր-Պետրոսյանը գալիս է իշխանության ծայրահեղ պացիֆիզմի սպիտակ ձին հեծած, դա ահավոր վտանգավոր երեւույթ է որեւէ, հատկապես հաղթանակած ժողովրդի համար: Սերժ Սարգսյանը գալիս է շարունակելու այս արատավոր համակարգի ամրացումը: Իմացեք, որ Խորհրդային Հայաստանի համակարգը վերականգնվել է: Դա միակուսակցականությունն է, խոսքի ազատության խիստ սահմանափակումը, քաղաքական գործունեության խիստ սահմանափակումը, այդ ամենի իմիտացիան: Այսինքն, այս երկուսի դեպքում էլ մենք ունենում ենք աղետալի լուրջ խնդիրներ հետագայում: Ըստ էության, Հայաստանը համահայկական կառույցների ամենաթույլ օղակն է»:

ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Մանասերյանին էլ մտահոգում է այն հարցը, թե կունենա՞նք այնպիսի նախագահ, ում հետ ժողովրդի կորած կապը կվերականգնվի: Եթե թեկնածուները չապաշխարեն, չասեն իրենց թերությունները, մեղքերը, ժողովուրդը դեմքով շուռ չի գա դեպի այդ թեկնածուն եւ թիկունք չի կանգնի նրան: Նա խոսեց նաեւ սփյուռքի մասին: «Սփյուռքն այսօր չի տեսնում իր տեղը Հայաստանի Հանրապետությունում: Պետության մոտեցումը պիտի լինիՙ համախմբել սփյուռքը, ոչ թե ինքնագործունեությունը» (նկատի ուներ կուսակցությունների համախմբվածությունը): Նա նշեց, որ նախագահական ընտրական պայքարի մեկնարկն արդեն տրված է «տարբեր քողարկված ձեւերով: Այնուամենայնիվ, համոզիչ ծրագրեր չեմ տեսնում», ասաց Հ. Մանասերյանը: Նա հետադարձ հայացք գցեց նաեւ մեր պատմության ոչ վաղ էջերին եւ նշեց. «Ուզում եմ էվոլյուցիան նկատել համայնավարությունից մինչ այսօր: 88-ը մեզ իսկապես ազգային զարթոնքի մեկնարկ տվեց: Բոլորս ազգովին դարձանք ֆիդայի, Խորհրդային Միության փլուզումից հետո նոր տնտեսությանը հարմարվելու համար բոլորս փորձեցինք դառնալ տնտեսագետ, այնուհետեւ բոլորը դարձան քաղաքագետ, այսօր մեծ մասամբ ժողովուրդն ընդդիմադիր է դարձել, բայց լավատես եմ, որ ժողովուրդը իրեն մի օր կզգա իշխանություն: Եվ ամփոփեմ Յարուզելսկու խոսքերով` ես չեմ ուզում դառնալ Լեհաստանի նախագահ, ես ուզում եմ դառնալ բոլոր լեհերի նախագահ»: Վերջին մեջբերումը կարծես թե ապագա նախագահացուներին ուղղված մտորելու նյութ էր:

ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանն էլ իր քաղաքական հայացքները պարզաբանեց այն քաղաքացիների համար, ում «հերթական անգամ սպառնում է ընտրությունն առանց ընտրության»: Նա խորհուրդ տվեց բացի հիմնական թեկնածուներից այլընտրանքային ուժ եւ ծրագիր տեսնել: «Հայաստանում ուժեղ թեկնածու է համարվում նա, ով տիրապետում է որոշակի այնպիսի ռեսուրսների, որոնք հասանելի չեն Հայաստանի բնակչության մեծ մասին, այդ թվում նաեւ այն պոտենցիալ թեկնածուներին, ովքեր կարող էին դառնալ ազգային համաձայնության թեկնածու»: Ըստ Հ. Խաչատրյանի, լավ կլիներ, որ երկու թեկնածուները` Լ. Տեր-Պետրոսյանը եւ Սերժ Սարգսյանը հետ քաշվեին եւ ընտրեին որպես թեկնածու ժողովրդի կողմից ընդունելի մեկ մարդու: Հատկապես աշխարհաքաղաքական հարցերի տեսանկյունից սա շատ ավելի ընդունելի կլիներ: Հրավիրված բանախոսները խոսեցին նաեւ քաղաքական ռոմանտիզմից, որը դրական որակ համարվեց:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4