Ինչպես եւ սպասվում էր, երեկ տեղի է ունեցել Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը: Առաջինին ուղեկցել է նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, Ր. Հովհաննիսյանը եւս մենակ չի եղել` հանդիպմանը մասնակցել է կուսակցության քաղաքական քարտուղար Վարդան Խաչատրյանը: Հանդիպումը տեւել է մեկուկես ժամ: Եվ չնայած մամուլում կանխատեսումներ կային, թե այս հանդիպումը կարող է որոշիչ դառնալ ընդդիմության թեւերի միասնաբար հանդես գալու համար, սակայն, ինչպես երեւում է, այդ հարցը հանդիպման քննարկման նյութ չի դարձել, համենայն դեպս այդպես է ասում հանդիպման մասնակից Վ. Խաչատրյանը: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի` Ր. Հովհաննիսյանն ու Լ. Տեր-Պետրոսյանը Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների ազգային կենտրոնի աստիճաններին հրաժեշտ են տվել իրար, Տեր-Պետրոսյանը հանդիպման բովանդակության վերաբերյալ հարցին ի պատասխան ասել է լրագրողին, թե կլինի պաշտոնական տեղեկատվություն: Ի՞նչ արդյունք է արձանագրել հանդիպումը. այս հարցին էլ պատասխան չի հնչել, բայց Տեր-Պետրոսյանը վեր է պարզել բութ մատը: Ըստ Վարդան Խաչատրյանի` խոսակցությունը ծավալվել է երկրի առաջ ծառացած խնդիրների, ընտրական գործընթացի, ընտրությունների նախապատրաստական փուլի մասին: Երկու գործիչների միասնաբար հանդես գալու հնարավորության հարցին ի պատասխան Վ. Խաչատրյանը նկատել է, թե այդպիսի հարց չի քննարկվել, այդպիսի հարց դրված չի եղել երկու կողմից էլ: Իսկ «Ժառանգությունն», ըստ Խաչատրյանի, միշտ էլ բաց է եւ քաղաքական խորհրդատվություններից չի խուսափել: Նա նկատել է նաեւ, որ կոնկրետ այդպիսի համաձայնություն քաղաքական գործընթացի շրջանակներում լինելու է, գործընթացն էլ գնալու է առավելագույն կոռեկտության սահմաններում, փոխադարձ խորհրդատվական բնույթի հանդիպումներ հետագայում անպայման կլինեն` ընթացիկ խնդիրների հետ կապված: Իսկ թե Րաֆֆի Հովհաննիսյանը մասնակցելո՞ւ է նոյեմբերի 16-ի հանրահավաքին` այդպիսի խոսակցություն ընդհանրապես չի ծավալվել:
Ավելի ուշ «Ժառանգություն» կուսակցության տարածած մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկրի առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրներ, արտաքին քաղաքականության մարտահրավերները, առաջիկա նախագահական ընտրություններին եւ ներքաղաքական զարգացումներին առնչվող հարցեր: