«Ծերանոց» բառը լքվածություն ու դառնություն է ասոցացնում: Այնտեղ այցելելու առաջարկը թաքուն մտավախությամբ ես ընդունում` բա որ սիրտս չդիմանա՞, բա որ փղձկա՞մ, բա որ ... Բայց դե գնում ես, քանի որ պարտավոր ես: Պարտավոր ես ինչպես քո, այնպես էլ բոլոր չգնացողների փոխարեն ... Գիտես, զգում ես` նման հաստատություններում սպասումը սովորական, մաշող հոգեվիճակ է, ինչպես աներես ջուրը, որ կաթկթում է անսարք ծորակից ու իր ծլլոցով քայքայում նյարդերդ... Ու գնում ես մարտում չընկած զինվորի պես գլխահակ, անառակ որդու պես ամաչելով, գնում ես: Չգնալ չես կարող ...
Նորքի տուն-ինտերնատի պատուհանները բաց են աշնան արեւի ճառագայթներն ընդունելու եւ հյուրեր տեսնելու ակնկալիքով: Մի քանի հոգի ուշադրությամբ զննում են քեզ, ընկերակցողներիդ` նոր բախտակից, թե՞ հյուր է գալիս:
«Ծիծեռնակ» կանանց հասարակական կազմակերպության նախագահ Անահիտ Ղարախանյանի եւ գործադիր տնօրեն Կարինե Հարությունյանի հետ ուշադիր հայացքների ներքո մտնում եմ Նոր Նորքի տուն-ինտերնատ: Հանդիպում է տուն-ինտերնատի ստեղծագործող անդամների հետ: Նրանք իրենց բանաստեղծությունները, ինքնակենսագրական վիպակն ու հեղինակած երաժշտությունն են հրամցնում եւ առաջին հայացքից չեն տարբերվում տուն-ինտերնատի մյուս բնակիչներից, որոնք բոլորն էլ մաքուր հագնված են ու խնամված տեսք ունեն: Միայն ոգեւորություն կա մեր օրվա հերոսների աչքերում, ինքնաբավություն, որ աշնանային այդ օրը գործնական հյուրեր է բերել:
«Մի ծրագիր ենք մշակել եւ կոչել ենք «Տարիների արահետներով», պատմում է «Ծիծեռնակ» ՀԿ-ի գործադիր տնօրեն Կարինե Հարությունյանը: Ծրագրի նպատակն է հավաքել բոլոր ստեղծագործող տարեցների լավագույն ստեղծագործություններն ու հրատարակել առանձին գրքույկով, իսկ երաժշտությունն` առանձին ձայնասկավառակով: Այս գաղափարը ծնվեց այն ժամանակ, երբ մի երեկո մեր սիրելի տարեցներից ուսուցչուհի Նելլի Խաչատրյանը «Գայանե» բալետի ներկայացումից հետո (տարեցների այցելությունը մշակութային օջախներ մեր հիմնական ծրագրերից է) հենց կանգառում արտասանեց սեփական բանաստեղծությունը` «Ես կանգնած էի բարձունքներում, /Երջանիկ ու հպարտ, /Վայելում էի եւ հրճվում, /Ունեցվածքով իմ անհատ, /Անցան այդ լավ օրերը, / Ես ծերացա հանկարծ, /Մարեցին կյանքիս ջահերը, /Մոմի լույսին եմ նստած...»: Անակնկալից զարմացած հասկացա, որ այս մարդիկ իրենց հույզը ստեղծագործական վարպետությամբ կարող են ձեւակերպել այնպես, որ շատերի հիացմունքին արժանանան: Կազմեցինք ծրագիրը, որի համար շուրջ 500 դոլար ֆինանսական աջակցություն ստացանք ԱՄՆ-ի հայազգի կանանցից, եւ արդեն ընթանում են այս ծրագրի իրականացման աշխատանքները: Այս ծրագիրը մեկ այլ հեռահար նպատակ էլ է հետապնդում: Դա այն հոգեւոր հետքն է, որ կթողնեն հեղինակները տուն-ինտերնատի գրադարակում ու ծանոթ-բարեկամների մոտ որպես վկայություն, որ այս աշխարհում ոչինչ անհետ չի կորչում»:
Փոխգնդապետ Ռաֆայել (Ռազմիկ) Աբրահամյանը հայրենասիրական ու քնարական երգեր է գրում 50 տարեկանից: Պատմում է, որ այդ տարիքում սիրահարվել է ու սկսել երաժշտություն գրել իր ոտանավորների համար: «Ինչ որ կա իմ երգերում, իմ զգացածն ու իմ գլխով անցածն է», հավատացնում է զրուցակիցս ու արտասանում իր վերջին ստեղծագործություններից մեկը. «Սիրուն ես, սիրուն ես, աննման, շատ սիրուն, /Արեւն է քեզ պահում իր շողերում, /Աստղերն են քեզ երկնքից խոնարհվում, /Աշխարհն է քեզ համար խենթանում: Ծաղիկները շատ սիրուն, /Հավաքել եմ քեզ համար, /Իմ գարուն»: Հետո «Ծիծեռնակի» գործադիր տնօրեն Կարինե Հարությունյանը կտա ինձ լսելու Ռաֆայել Աբրահամյանի ձայնասկավառակը, ուր Գեղամ Գրիգորյանը, Ռուբեն Մաթեւոսյանը, Լոլա Խոմյանցը, Գեորգի Մինասյանը, Մարիետա Բադալյանն ու ուրիշ նշանավոր երգիչներ կատարում են Ռաֆայել Աբրահամյանի երգերը:
Օրվա հաջորդ հայտնագործությունն է Ռուդոլֆ Սաֆրազբեկյանը կամ Ուդին: Մարդ, որի կյանքի 45 տարիները բերդում են անցել: Հարգարժան այս պարոնը գեղեցիկ հայերենով եւ ճկուն սցենարով մի ստեղծագործության հեղինակ է, որ անվանել է «Բանտարկյալի օրագիրը»: Ուրախ է, որ կտպագրվի, շնորհակալություն է հայտնում ծիծեռնակցիներին եւ հույս հայտնում, որ մինչեւ 70-ամյակը իր վիպակը լույս կտեսնի: Այդպես էլ չեմ հասկանում, այս մարդու մեջ որքանո՞վ է նստած բանտարկյալը, որքանո՞վ` ծանրախոհ մտավորականը, որ այնքան վարպետորեն է գործածում մայրենի լեզվի հնարքները:
Նելլի Խաչատրյանը մի անուշ տիկին է, որ տանտիրուհու աշխուժությամբ հրավիրում է տեղավորվել իր սենյակում, սուրճ ու թեյ առաջարկում, «Ծիծեռնակի» կանանց շնորհակալություն հայտնում տարբեր միջոցառումներին իրեն հրավիրել-տանելու համար: Տիկին Նելլին շենշող է, ճաշակով, կոկ ու մաքուր հագնված: Մի հաճելի ու մտերմիկ զրույց է ծավալվում, որ ուղեկցվում է մեր հիացական բացականչություններով, երբ տիկին Նելլիի մասին սկսում են պատմել հարկաբաժնի աշխատակցուհիները: Բուժքույրն ասում է. «Տիկին Նելլին տղայիս հետ ձրի ֆիզիկա պարապեց: Տղաս ընդունվեց պոլիտեխնիկական ինստիտուտ»: Մեկ ուրիշը պատմում է, որ տիկին Նելլին իր համար վերաձեւել է հին կոստյումն այնպես, որ տուն-ինտերնատի դերձակը հիացմունքից ապշել է: Որպես հավելում այս ամենի, տիկին Նելլին ցույց է տալիս մաքրամեից իր հրաշալի աշխատանքները եւ ենթատեքստով հասկացնում` եթե բանաստեղծություններիս գրքույկի համար փողի պակասություն զգաք, ասեք` կօգնեմ:
Ծերանոցից դուրս եմ գալիս ժպիտն ու հիացմունքը դեմքիս եւ ուժեղ ու վստահ տնօրենի ձեռքը հրաժեշտի պահին սեղմելով, մտքում աղոթում` երանի թե այս վիճակում լինեն տուն-ինտերնատի բոլոր 230 բնակիչները` վերանորոգման կարոտ, բայց մաքուր շենքի բոլոր վեց հարկերում:
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ