«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#204, 2007-11-07 | #205, 2007-11-08 | #206, 2007-11-09


ԴԱՎԻԹ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՇԱՆՀԱՅ ՉԻ ՄԵԿՆԻ

Կիրակի օրը Շանհայում կմեկնարկի թենիսի տղամարդկանց աշխարհի ոչ պաշտոնական առաջնությունը: Չեմպիոնի տիտղոսի համար մրցավեճի կբռնվեն մրցաշրջանի արդյունքներով ութ ուժեղագույն թենիսիստները: Ցավոք, դրանց թվում չէ Դավիթ Նալբանդյանը, որը վերջերս հիանալի ելույթներ ունեցավ եւ հաղթող ճանաչվեց Մադրիդի ու Փարիզի «Masters» կարգի մրցաշարերում: Նալբանդյանը նշված էր Շանհայի մրցաշարում որպես պահեստային, սակայն նա հրաժարվել է Չինաստան մեկնել: Նրա փոխարեն Շանհայ կժամանի իսպանացի Թոմի Ռոբրեդոն:

Արդեն կայացել է վիճակահանությունը եւ թենիսիստները բաժանվել են 2 խմբի: «Կարմիր» խմբում հանդես կգան ռուսաստանցի Նիկոլայ Դավիդենկոն, Ռոջեր Ֆեդեռերը (Շվեյցարիա), Էնդի Ռոդիկը (ԱՄՆ) եւ Ֆեռնանդո Գոնսալեսը (Չիլի): «Ոսկե» խմբում ընդգրկված են իսպանացիներ Ռաֆայել Նադալը, Դավիթ Ֆեռերը, սերբ Նովակ Ջոկովիչը եւ ֆրանսիացի Ռիշար Գասկեն:

Մասնագետները հաղթողի հիմնական հավակնորդ են համարում Ռոջեր Ֆեդեռերին: Վերջինս հաղթող է ճանաչվել վերջին երեք առաջնություններում եւ լի է վճռականությամբ չորրորդ հաղթանակը տոնելու: Նշենք, որ խմբում ընդգրկված թենիսիստներից միայն Էնդի Ռոդիկին է հաջողվել հաղթել Ֆեդեռերին: Դա 2003-ին Մոնրեալում կայացած կիսաեզրափակիչ մրցախաղում էր: Իսկ Ֆեդեռերը Ռոդիկի նկատմամբ 14 հաղթանակ է տոնել: 2002-ից սկսած Դավիդենկոն Ֆեդեռերին զիջել է բոլոր 10 մրցախաղերում: Նույնպիսին է փոխհարաբերությունը նաեւ Ֆեռնանդո Գոնսալեսի եւ Ֆեդեռերի միջեւ:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4