«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#204, 2007-11-07 | #205, 2007-11-08 | #206, 2007-11-09


ԳԱԲՐԻԵԼ ՍԱՐԳՍՅԱՆՆ ՈՒ ԷԼԻՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՀԱՍԱՆ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հունաստանի Հերակլիոն քաղաքում անցկացված շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում մեծ հաջողության հասան Հայաստանի տղամարդկանց ու կանանց հավաքականներն` արժանանալով համապատասխանաբար արծաթե եւ բրոնզե մեդալների: Եթե տղամարդկանց հավաքականի հաջողությունը սպասելի էր, ապա կանայք հաճելի անակնկալ մատուցեցին:

Շախմատասերներին տեղեկացնենք, որ շախմատի Եվրոպայի թիմային առաջնություններն անցկացվում են 1957-ից (տղամարդիկ): 1992-ից նման մրցաշարերին սկսեցին մասնակցել նաեւ կանայք: Առաջին 9 առաջնություններում անվիճելի է եղել ԽՍՀՄ հավաքականի առավելությունը մրցակիցների նկատմամբ: Թիմի կազմում 8 անգամ Եվրոպայի չեմպիոն է հռչակվել Տիգրան Պետրոսյանը, 3 անգամ ոսկե մեդալի է արժանացել Ռաֆայել Վահանյանը:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը 5-րդ անգամ մասնակցեց Եվրոպայի թիմային առաջնությանը: Մեր շախմատիստները նորամուտը նշել են 1992-ին հունգարական Դեբրեցեն քաղաքում` 41 թիմերի մեջ զբաղեցնելով 19-րդ տեղը: Առաջին լուրջ հաջողությանը մեր շախմատիստները հասան հաջորդ առաջնությունում` 1997-ին Խորվաթիայի Պուլա քաղաքում անցկացված մրցաշարում դառնալով բրոնզե մեդալակիր: Իսկ 1999-ին Բաթումում մեր թիմը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Կանանց հավաքականը 6-րդ անգամ մասնակցելով Եվրոպայի առաջնություններին, երկրորդ անգամ դարձավ մրցանակակիր: Մեր շախմատիստուհիները մեծ հաջողության էին հասել 2003-ին, բուլղարական Պլովդիվ քաղաքում` նվաճելով Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Այն ժամանակ կանանց թիմերում ընդգրկված էին ընդամենը 3 շախմատիստուհիներ, որոնցից երկուսն էին մասնակցում մրցախաղին: Մեր թիմում չեմպիոնի ոսկե մեդալների արժանացան Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանն ու Նելլի Աղինյանը:

Իսկ այժմ անդրադառնանք ավարտված առաջնության արդյունքներին: Հայաստանի տղամարդկանց հավաքականն անցկացրած 9 մրցախաղերից 6-ում հաղթեց (Ռումինիա` 3-1, Ավստրիա` 3-1, Թուրքիա` 2,5-1,5, Հունգարիա` 2,5-1,5, Սլովենիա` 2,5-1,5, Իսրայել` 2,5-1,5), 2-ն ավարտեց ոչ-ոքի (Դանիա, Ադրբեջան) եւ կրեց մեկ պարտություն` 1,5-2,5 հաշվով զիջելով ռուսներին: Մեր թիմի կազմում բոլոր 9 մրցախաղերին մասնակցեց միայն Գաբրիել Սարգսյանը, որը գերազանց հանդես եկավ: Նա տոնեց 4 հաղթանակ, 5 պարտիա ավարտեց ոչ-ոքի` թիմին բերելով 6,5 միավոր: Սա լավագույն արդյունքն է ոչ միայն Հայաստանի հավաքականում, այլեւ ողջ մրցաշարում: Նույնպիսի արդյունք հաջողվել է ցույց տալ միայն իսպանացի Ֆրանցիսկո Վալյեխոյին, նորվեգացի Մագնուս Կառլսենին եւ էստոնացի Ռիհո Լիվային:

Լեւոն Արոնյանը եւս պարտություն չկրեց: Նա չմասնակցեց միայն ռումինացիների հետ մեկնարկային հանդիպմանը: Արոնյանն այս մրցաշարում խաղաղասիրաբար էր տրամադրված: Առաջին 7 պարտիաները նա ավարտեց ոչ-ոքի եւ միայն Իսրայելի հավաքականի հետ ավարտական խաղում առավելության հասավ Էմիլ Սուտովսկու նկատմամբ: Արոնյանը թիմին 4,5 միավոր պարգեւեց: Նույնքան միավոր վաստակեց նաեւ Վլադիմիր Հակոբյանը: Նա տոնեց 3 հաղթանակ, նույնքան պարտիա ավարտեց ոչ-ոքի, կրեց 2 պարտություն: Նշենք, որ Հակոբյանը մեր թիմի յուրօրինակ փրկիչն էր: Հենց նրա տոնած հաղթանակների շնորհիվ մեր թիմը պարտության մատնեց թուրքերին ու հունգարացիներին, Իսրայելի հավաքականի հետ մրցավեճում էլ Վլադիմիր Հակոբյանը նպաստեց խաղընկերների ընդհանուր հաջողությանը:

Կարեն Ասրյանը, որը Գաբրիել Սարգսյանի հետ առաջին անգամ էր Եվրոպայի թիմային առաջնությանը մասնակցում, 8 հնարավորից վաստակեց 4 միավոր: Նա տոնեց մեկ հաղթանակ, 6 պարտիա ավարտեց ոչ-ոքի եւ միայն վերջին տուրում պարտություն կրեց Մաքսիմ Ռոդշտայնից: Մեր ամենափորձառու գրոսմայստերը` Սմբատ Լպուտյանը, որ մասնակցել է թիմի կազմում Եվրոպայի բոլոր 5 առաջնություններին, եւս իր վստահ խաղով նպաստեց ընդհանուր հաջողությանը: Նա անցկացրած 3 պարտիայում վաստակեց 2 միավոր:

Կանանց հավաքականը տոնեց 5 հաղթանակ (Շվեդիա` 3-1, Ադրբեջան` 2,5-1,5, Ռումինիա` 2,5-1,5, Բուլղարիա` 3-1, Լեհաստան` 2,5-1,5), 3 խաղ ավարտեց ոչ-ոքի (Գերմանիա, Չեռնոգորիա, Վրաստան) եւ ինչպես տղամարդիկ, 1,5-2,5 հաշվով պարտվեց չեմպիոն հռչակված ՌԴ հավաքականին:

Թիմի ընդհանուր հաջողությունում հատկապես մեծ էր Էլինա Դանիելյանի ներդրումը, որը 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր: Նշենք, որ մրցաշարի մասնակիցների շրջանում այս արդյունքը լավագույններից է: Ամենաբարձր ցուցանիշը պատկանում է չեխ Կատերինա Նեմցովային, որը 9 հնարավորից վաստակել է 7,5 միավոր: Էլինայի ցուցանիշը կրկնել են վրաց շախմատիստուհի Նանա Ձագնիձեն (8 հնարավորից), Հոլանդիայի թիմի անդամ Զաոգին Պենգը, լեհ Իվետա Ռայլիխը եւ ռումինացի Ժոզեֆինա Պաուլետը:

5,5-ական միավոր են վաստակել Լիլիթ Մկրտչյանը (9 հնարավորից) եւ Նելլի Աղինյանը (8-ից): Սիրանուշ Անդրեասյանը 8 հնարավորից վաստակեց 3 միավոր, իսկ Լիանա Աղաբեկյանի ցուցանիշն է կես միավոր երկու պարտիաներում:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4