«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#205, 2007-11-08 | #206, 2007-11-09 | #207, 2007-11-10


ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԵՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՅԱՑՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Դրանք այժմ կիրառվում են Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ

Խաչատուր Սուքիասյանին պատկանող ընկերություններից միանգամից երկուսումՙ «Բջնի» հանքային ջրերի գործարանում եւ «Պիցցա դի Ռոմայի» ցանցում հարկային ծառայության ստուգումներ սկսելը, որքան էլ փորձ արվի ներկայացնելու որպես հերթական միջոցառում կամ քաղաքականության հետ կապ չունեցող, ակնհայտ է, որ ունի քաղաքական ենթատեքստ: Գաղտնիք չէ, որ երբ առաջին նախագահը ցանկություն հայտնեց նորից վերադառնալ քաղաքականություն, հասարակությանը հայտնի գործարարը բացահայտ հայտարարեց, որ իրեն համարում է նրա կողմնակիցը, ինչին էլ հաջորդեցին տնտեսական ճնշումները նրա նկատմամբՙ հարկային ստուգումների տեսքով: Առաջ անցնելով նշենք, որ իշխանությունների նման մոտեցումը բացարձակապես ե՛ւ դատապարտելի է, ե՛ւ անթույլատրելի մի քանի առումներով:

Նախ, նման մեթոդներով ճնշումները խոսում են այն մասին, որ չնայած նախորդՙ խորհրդարանական ընտրություններում առաջընթաց քայլ կատարվեց, դեռ հեռու ենք իրական ժողովրդավարությունից: Հաջորդը, նման գործելակերպը վնասում է գործարար միջավայրին, ավելի շերտավորելով գործարարներին արտոնյալների եւ ոչ արտոնյալների: Նաեւ ստեղծվում է անհավասար եւ անարդար մրցակցային դաշտ: Ներքին եւ արտաքին շուկաներում հաջողություն արձանագրած «Բջնի» եւ «Նոյ» հանքային եւ աղբյուրի ջրերը արդեն երկար ժամանակ արհեստականորեն դուրս են մղված շուկայից, ինչի հետեւանքով դարձյալ արհեստականորեն նպաստավոր պայմաններ են ստեղծվում հանքային ջրերի այլ արտադրողների հետ ներքին շուկայում եւ, որ ավելի վատ է, նաեւ արտաքին շուկայում ի վնաս «Բջնիի» եւ «Նոյի»: Հարկ է ավելացնել նաեւ, որ խոշոր հարկատու, հարկային ստուգումների եւ ճնշումների պատճառով ներկայումս չաշխատող «Բջնի» գործարանը պետական բյուջե հարկեր չի վճարի այդ ժամանակահատվածում:

Եթե խոսվում է վերոնշյալ ընկերություններում թաքցված եկամուտների մասին, ապա պետք է նկատի ունենալ, որ ստվերը Հայաստանի տնտեսության մեջ ահռելի ծավալներ ունի եւ որեւէ մեծ թե փոքր ընկերության ամեն պահի կարելի է անակնկալի բերել: Սակայն պայքարել ստվերի դեմ չի նշանակում քաղաքական հաշիվներ մաքրել առանձին վերցրած մեկ գործարարի նկատմամբ:

Անկախ այն բանից, թե Խաչատուր Սուքիասյանը ո՞ր քաղաքական ուժին կամ գործչին է համակրում եւ որքանո՞վ ենք համամիտ կամ հակադրվում նրա տեսակետներին, չի կարելի եւ պետք է անհապաղ դադարեցնել քաղաքական հայացքների կամ համակրությունների համար նրա նկատմամբ պաժիչ քայլեր ձեռնարկելը: Ռոբերտ Քոչարյանն ու նրա շրջապատը կարող են հանգիստ լինելՙ Լեւոն Տեր-Պետրոսյանը լուրջ հնարավորություններ չունի նախագահ ընտրվելու: Բնակչության գերակշիռ մեծամասնությունը, չսիրելով հանդերձ գործող նախագահին, վարչապետին եւ իշխանություններին, չի ցանկանում ընդհանրապես լսել առաջին նախագահի մասին: Եվ, ի վերջո, ժամանակն է հրաժարվելու հենց Լեւոն Տեր-Պետրոսյանի հիմնադրածՙ քաղաքական հակառակորդներին հետապնդելու եւ ձերբակալելու, թերթեր եւ կուսակցություններ փակելու տխուր ավանդույթներից, անգամ դրանցՙ տնտեսական ճնշամիջոցների վերածվելու մոտեցումներից:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4